Այսքանից հետո մենություն

Այսքանից հետո մենություն

Թեև բոլորն էլ մայրամուտի ցած իջնող
վարագույրի տակ
մենակ են, միայնակ,
փողոցում, տան մեջ, հրապարակում,
բազմություն, որի մեջ մի սիրտ է գլորվում
և կասկածամիտ մի կին է չքանում –
տվեք ինձ մենություն:

Հայրը և մայրը շրջում են զբոսայգում
երեխաների հետ,
նստում կարուսել, նկարվում միասին,
հետո թեյ են խմում լճակի ափին:
Առանց հրաժեշտի ծառերը ոտք են դնում
գիշերվա շեմից ներս:
Երաժշտությունը փնտրում է Աստծուն
և նրան չգտնելով
կարկամում օդի մեջ:

Տվեք ինձ մենություն
փողոցում, տան մեջ, հրապարակում,
ուր շեղված մի գիշեր իր հետքն է թողնում
մարդկանց դեմքերին: Լուսինն անցորդներին
նետում է արծաթե իր դրամները:
Կիսաբաց պատուհան, որ խոստանում է
մթին գաղտնիքներ: Երկնային անկողին
և մի հիպնոսի խոստովանություն:
Այսքանից հետո` մենություն:

Հենրիկ ԷԴՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում