Աստծո թախիծը․ Գառնիկ Քալաշյան

Աստծո թախիծը․ Գառնիկ Քալաշյան

Գառնիկ Քալաշյան-ծնվել է 1885, մայիսի 16, Վաղարշապատում

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մասնակցել է հայկական գրական ընկերության, ապա` «Վերնատան» աշխատանքներին: Սերտ կապեր է ունեցել Լազարյան ճեմարանի հեղափոխական ուսանողության հետ, մասնակցել է ցույցերի, տարածել թռուցիկներ, 1909 թվականին ձերբակալվել է, նետվել Մոսկվայի Տագանկայի բանտ՝ որպես քաղաքական բանտարկյալ:

Տիրապետել է ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն, վրացերեն լեզուներին: Տպագրված գրքերն են «Ներշնչումներ» (1916 թվական) և «Բանաստեղծություններ» (1916 թվական) ժողովածուները:

Աշխատակցել է պարբերական մամուլին («Գեղարվեստ» և այլն), հանդես է եկել գրականագիտական հոդվածներով, ակնարկներով, թարգմանություններով:

Գառնիկ Քալաշյանը մահացել 1921 թվականին, նոյեմբերի 1-ին, թաղված է Էջմիածնում:

* * *

Ձուլեցէ՛ք, ձուլեցէ՛ք գնդակներ,
Մատաղ կուրծք, ա՜խ, այնքա՜ն ու այնքա՜ն,
Ձուլեցէ՛ք, ձուլեցէ՛ք գնդակներ:

Հիւսեցէ՛ք պսակներ,պսակներ,
Դաշտերում ծաղիկնե՜րը այնքան…
Հիւսեցէ՛ք պսակներ,պսակնե՜ր:

Նւագէ՛ք թաղումի քայլերգեր,
Մեռելները այնքա՜ն ու այնքա՜ն…
Նւագեք թաղումի քայլերգեր 

* * *

Ո՛չ փառք, և գանձ, ո՛չ ազատութիւն
Ո՛չ ապագայի վառ հեռանկար-
Չե՛ն քաւի այսքան արիւն, խենթութիւն,
Չե՛ն մոռացընի օրն այս խելագար:

Մէկ է ինձ համար, թէ ո՜վ կը յաղթի,
Ինձ չի՛ հարբեցնի ո՛չ առասպել…
– Օ՜, թէ ձեզ ներէն բազուկը բախտի
Դուք, որ ովկիանով արիւն էք թափել:

* * *

Լճակը գրկեց մութը գաղտնապահ,
Լճակի ափին սպասում եմ քեզ…
Աստղերը նազով ընկել են ճամփա-
Իմ կյանքի Աստղիկ, դու ե՞րբ կծագես:

Դու կգաս՝ մթնում անձև պատկերով,
Փափուկ մատներով կգգես հոգիս,
Նիրհած սեզերից՝ ցողոտ ոտքերով,
Իմ քնքուշ եղնիկ, կմարես գրկիս:

Եկ, համակիր ինձ բույրով հարբեցման,
Հանացանքի ծաղկունք գրկումդ ծփան…
Արձակ մազերդ երազի նման
Մութով պարուրեն, ծածկեն իմ ճամփան:

Եվ ես միշտ անհագ հայցեմ մոռացում,
Հեզիկ տարածվեմ, Աստված իմ, քո դեմ-
Եվ խելառության ու կրքի բոցում
Ես քեզ աղոթեմ, ես քեզ աղոթեմ:

* * *

Երանի ձեզ, որ պիտի գաք
Մեզնից ուրախ,մեզնից խնդուն,
Մենք մեր տան մեջ օտար եղանք,
Դուք տիրաբար մտեք մեր տուն…

Աղբյուր՝ Անդին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում