Վահագն Դավթյան․ Լույս առավոտի

Վահագն Դավթյան․ Լույս առավոտի

Լույս առավոտի,
Դու, որ նման ես երաժշտության,
Եկ ու ինձ փրկիր այս գիշերային անդաշնությունից,
Շաղոտ շուրթերով շշնջա նորից խոսքը հաշտության
Ու սիրտս զտիր,
Որ պղտորվել ու ելել է հունից:

Ամբողջ գիշերը
Ես նման էի մի մութ անձավի,
Ուր կասկածների քամին էր հեծում,
Կսկիծն էր զարթնել ինչ-որ մի անցած,մոռացված ցավի
Ու մոլոր հավքի հուսահատությանբ պատերս էր ծեծում:

Եւ թվում էր ինձ,
Ձայներ եմ լսում ես ինչ-որ տեղից,
Որ աղերսում են արեւի գինի, մուրում սեր ու հաց…
Ես գնում էի
Արեւի,
Գինու,
Հացի հետեւից,
Բայց վերադառնում ունայն ու հոգնած։

Լո՛ւյս առավոտի,
Դու որ նման ես երաժշտության,
Եկ ու փարատիր այս տագնապը խուլ,
Շաղոտ շուրթերով շշնջա նորից խոսքը հաշտության
Ու դիր ճակատիս
Բարակ մատներիդ հրաշքը տխուր:

Գիտե՛ս դու,
Գիշերն իմ այս տարիքում ցավ է ու կասկած,
Եկ, արտույտի պես ինձ վրա թեւիր,
Դիր ափերիս մեջ հավատն իբրեւ հաց,
Ու գնանք նորից
Արեւի,
Գինու,
Հացի հետեւից…

Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում