Վահագն Դավթյանի «Շունը» բանաստեղծությունը՝ Համո Սահյանի ընթերցմամբ

Վահագն Դավթյանի «Շունը» բանաստեղծությունը՝ Համո Սահյանի ընթերցմամբ

Չեմ հիշում հիմա, թե անունն ի՞նչ էր…
Հայացքը տխուր, տխուր ու ջինջ էր:

Մորթը սևուկ էր ու չալ էր պոչը,
Աստղերի հետ էր նրա հաչոցը:

Նրա ոռնոցը լուսնի դեմքին էր,
Ու նրա տեղը մեր տան շեմքին էր:

Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,
Եվ մշուշի մեջ ոռնում է շունը:

Նա մեր գնալու հոտը առել էր,
Ցավից կուչ եկել ու պառավել էր…

Տխուր էր այնպես ու սրտադող էր,
Ոռնում էր անվերջ, փորում էր հողը:

Եվ շան մասին էր իմ տատի հարցը.
-Ի՞նչ պիտի լինի խեղճ արարածը:

Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,
Ու մշուշի մեջ ոռնում է շունը:

Մեր բեռը կապած ու ձին բարձած էր,
Մեր դռան առաջ արցունք ու լաց էր:

Շունը կլանչում, շեմքը թողնում էր,
Փաթաթավում տատիս, տխուր ոռնում էր:

Մերթ վազում դեպի մեր քարավանը,
Մերթ ետ էր դառնում, պառկում դռանը:

Հարցում էր անում, ասես, մեր շունը.
Թե թողնի՞ արդյոք այգին ու տունը,

Ծանոթ աստղերը, ծանոթ լուսինը,
Որ ամեն գիշեր մեր տան ուսին էր:

Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,
Ու մշուշի մեջ ոռնում է շունը:

Տխուր զնգում է ձիու զանգակը,
Մեր ճամփան հեռու երկնքի տակ էր:

Ու քանի անգամ, ախ, քանի-քանի,
Նա եկավ հետքով մեր քարավանի:

Հևիհև էր նա, լեզուն հանած էր,
Խոնավ աչքերում խոնավ մի հարց էր:

Փաթաթվում էր ինձ, լիզում էր ձեռքս,
Կիսում էր հացս, կիսում էր վերքս:

Ոռնում, վայում էր նա գիշերն ամբողջ
Ու ետ սլանում իր եկած ճամփով:

Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,
Ու մշուշի մեջ ոռնում է շունը:

Կլանչում է նա, վազում հևիհև
Մեր քարավանի ու մեր տան միջև…

Հետևեք մեզ նաև Telegram-ում