Մեր պատմիչները և մեր գուսանները

Մեր պատմիչները և մեր գուսանները

Նվեր մեր ժողովրդական վեպի`
«Սասունցի Դավիթ»-ի հազարամյակին:
I
Մեր հոյակապ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն,
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վըրա դժգույն-
Եղեռնները, նախճիրները հորդաների արյունըռուշտ,
Փլուզումը հայրենիքի և ոսոխի սուրը անկուշտ:
Եվ ողբացին լալահառաչ դժխեմ բախտը Հայաստանի
Եվ հուսացին արդարության մի խուլ աստծու դատաստանի:

II
Մեր գեղջուկի պարզ խրճիթում, սուրբ օջախի շուրջը նստած`
Գուսանները մեր խանդավառ, առջևները գինի և հաց,
Վիպերգեցին հաղթանակը դյուցազնների մեր մեծազոր
Եվ ծաղրեցին պարտությունը ոսոխների մեր բյուրավոր:
Եվ հյուսեցին պատմությունը հավերժացող ժողովուրդի,
Վառ հավատով փառքերը մեր ավանդեցին որդոց որդի.
Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,
Հայրենիքի սիրո համար միշտ բարձրացած Թուր-Կայծակին:

03.VIII.1939թ.
Ծաղկաձոր

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում