Հրաչյա Սարուխան

Հրաչյա Սարուխան

Կրկրնաղերս

… Բա որ ճամփին լինեմ, ու մութն ընկնի հանկարծ.
Օտար լինի ճամփեն ու ամայի,
Անքարավան լինեմ ու արևս հանգած,
Ու մեղմ ղողանջի տեղ սիրտս մայի,
Ու չթվա նույնիսկ, թե ինձ մարդ կկանչե
Հայրենիքես անկախ ու ինքնիշխան,
Ու քաղցի հետ մեկտեղ ոգու սո՛վը տանջե
Ու պահանջե՝ սատկի՛ր, հեգ Սարուխան,
Ու անապատ կյանքիս օազներում անգամ
ԱնՌիալտո լինեմ, անՄրահոն,
Ի՞նչ երեսով պիտի անդիններից ցանկամ՝
Ինձ ձայնակից լինի անմար Ավոն.
Տե՜ր, իմ Տանը թող ինձ, որ սրտով իմ գառնուկ,
Մատաղացու լինեմ, ոչ թե եսիր,
Որ գծիկի տեղում էջմիածին- Գառնու
Հայոց Ոգի՛ն հառնի խաչատեսիլ,
Որ չտանես մերոնց ի փորձություն դարձյալ,
Այլ հանապազ փրկես մեզ ի չարէ,
Զորացընես մեր մեջ փառքերը մեր անցյալ
Ու չթողնես, Տե՜ր իմ, անմարգարե,-
Որ երբ ճամփին լինեմ, ու մութն ընկնի հանկարծ,
Օտար լինի ճամփեն ու ամայի,
Անքարավան լինեմ ու արևս հանգած,
Ու մեղմ ղողանջի տեղ սիրտս մայի,
Ու չթվա նույնիսկ, թե ինձ մարդ կկանչե
Հայրենիքես անկախ ու ինքնիշխան,
Ու քաղցի հետ մեկտեղ ոգու սո՛վը տանջե
Ու պահանջե՝ սատկիր, հե՜գ Սարուխան,-
Տե՜ր, անունդ շուրթիս՝ զարթնեմ մահաքնից
Ու հրաշքով օծվեմ քո հարեհաս,
Հավիտյանս փա՜ռք տամ քեզ իմ Տնից
Ու հղանամ քեզնով
Կրկնաղերսն այս:

ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ

«ԳԹ» – Միայն քո՝ սարուխանական խոսուն բառապաշարիդ մեջ լռության չափաբաժինն ինչքա՞ն է… և որքանո՞վ գաղտնազերծելի՝ ընթերցողի համար:

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ – Ինձ հոգեհարազատ ճապոնական հոքուներում ու թանկաներում լռության չափաբաժինը թերևս ուղիղ համեմատական է խոսուն բառաշխարհին, և այս առումով հազիվ թե գաղտնազերծման հատուկ ճիգեր պահանջվեն նաև իմ ընթերցողից… Իսկ ի պատասխան՝ ուղղակի ասեմ, որ իմ ստեղծագործական ողջ կյանքում փորձել եմ հնարավորինս զերծ մնալ անհանգ ու հանգավոր ճամարտակությունից, անհարկի բառաբարդումներից ու հեգնահորդոր պարզունակ ծեքծեքումներից, հանուն վերոնշյալ համամասնության և, կամա թե ակամա, ընդդեմ լայն սպառման գրապրանք «ցրող» դափնիավոր շարաբանների… Դե եկ, բանաստե՜ղծ, ու խենթանալու փոխարեն մի հիշիր Սյորեն Կերկեգորին. «Շատե՞րն են, արդյոք, կարողանում լռել, ընդհանրապես արդյո՞ք շատերն են հասկանում, թե ինչ է նշանակում լռել»…

«ԳԹ» – Ինչպե՞ս կբնորոշես ստեղծածդ բանաստեղծական աշխարհը՝ միայն քեզ հատուկ պատկերայնությամբ:

Հր.Ս.– Անկեղծորեն զգացված եմ նման հարցից, սակայն չեմ ուզում որևէ բնորոշում տալ…

Պատկերայնությունը, ըստ իս, Մայրենի լեզվի Շնորհն է յուր շնորհալիներին, և նկարչական ու բանաստեղծական փորձառությամբ ստեղծած իմ աշխարհը կարող եմ նաև այս հղանկյունից հրամցնել.

Օ՛, Մի՜տք անմայրամուտ,
Անվերջավոր կամար՝
Ներդաշնություն ու Գյուտ
Բանաստեղծի համար:

Նաև կարող եմ քո թույլտվությամբ կրկին զգացվել ու, ամենայն հավանականությամբ, արդեն հավակնոտ երևալ՝ Դերժավինի, Պուշկինի և Չարենցի «հուշարձանային» ընդօրինակումների կողքին հուշասյան իմ տարբերակը հիշեցնելով.

Ես Հուշասյուն կանգնեցրի այբբենակերտ
Բեկորներով բիբլիական բնաքարի․
Կոթողն ի վեր՝ թևատարած մի թռչնակերպ
Երկնախորհուրդ բյուրեղներից իմ քանքարի,
Սաղմոսելով խոյանքի մեջ խաղաղ ու խոր,
Աչքը հառած Հորացիոսին իր մտերիմ՝
Խա՛ղ է խաղում խալխի գլխին խառնաժխոր-
Ի տրիտուր ներդաշնությանն ու գյուտերին:
Ես Հուշասյուն կանգնեցրի… Ներհակավոր
Հյուլեի պես հավատարիմ յուր նյութերին՝
Ապրա՛ծ կենա Քերթությունը մեր թագավոր-
Թոթափում է թրքաթաթար թյուրն ու թերին…

«ԳԹ» – Հա՞շտ ես քո ժամանակի հետ, առավել ևս, ինքդ քեզ հետ ի՞նչ կռիվ ունես:

Հր.Ս.- Կռիվ բառը, ամենայն մեղմությամբ ասած, բնավ իմ բառը չէ, ինչքան էլ անհաշտ լինեմ իմ ժամանակի հետ… Հաշտ չեմ, եթե ժամանակս մոլորվում և անհեթեթորեն խառնվում է յալանչիների ու հոգևոր թալանչիների ժամանակին (անդուր հեռուստատեսություն, անմակարդակ համերգներ ու ֆիլմեր, անիմաստ թերթեր, անկապ միջոցառումներ՝ շինծու հանդիսավորությամբ)… Եվ այս ամենի հետ օրեցօր խղճիս խայթն ավելի է տանջում ինձ՝ ժամանակին իբր կարգին զավակ, կարգին ծնող ու կարգին ամուսին չլինելուս պատճառով թե պատրվակով (թեև ծնողներս այս կարծիքին չէին, զավակներս նույն կարծիքին չեն, և միայն կինս է կիսով չափ համակարծիք): Ինչքան էլ զղջում, մեղա եմ գալիս լցված սրտով ու ապաշխարում, պրծում չկա ահագնացող այս մազոխիզմից… Բայց փա՛ռք Աստծու, որ ինքնահաշտեցման խաղաղ պահեր են լինում, ու նաև այսպիսի բաներ եմ գրում.

ԻՆՔՆԱԿԱՄ ԱՔՍՈՐ

Հեռու՝ կրքերից ներազգայնական,
Հասարակական-քաղաքական հույժ,
Մտավոր սիրով և զգայական
Ի՜նքս եմ ընտրել աքսորն իմ անույշ…
Եվ վանաձորյան անկյունում իմ այս՝
Կրքերից հեռու, գրքերին մոտիկ,
Ա՜յլ արժեք ունի և ուրիշ իմաստ
Խորհուրդն իրիկվա ու առավոտի,
Զի անցյալն այստեղ ինձ չի մոռանում՝
Բաժին է հանում իր ցող ու ձյունից,
Որ ամեն գիշեր անուն առ անուն
Պսակներ հյուսեմ հիշողությունից:

«ԳԹ» – Եթե մեկ բանաստեղծությունն ի զորու լիներ փրկել աշխարհը, ո՞րը կամ ինչպիսի՞ն կլիներ այն:

Հր.Ս.– Ինձ թվում է՝ աշխարհի ամենաանհայտ լեզվով անգամ մի գեղեցիկ բանաստեղծություն կճարվեր այդ նպատակի համար, սակայն համահավաք գեղեցկությունն իսկ դժվար թե փրկի աշխարհը… Ինչևէ, Տերունական աղոթքի հետ մեկտեղ, Նարեկացու Մատյանն է մեր զորավոր Հույսի առհավատչյան.

Աստվա՜ծ փրկության և ողորմության,
Բուժման, նորոգման և առողջության,
Լուսավորության և կենդանության,
Քավման, հարության և անմահության,
Հիշի՜ր ինձ, երբ գաս արքայությամբ քո…

Հատված հարցազրույցից
23 մարտի 2012 թ
Աղբյուր՝ Հայաստանի գրողների միության գրական կայք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում