Եզերքը Աիդ

Եզերքը Աիդ

Հոգու հեռավոր դարպասից անդին,
Ուր մշուշ է, մեգ, –
Ուր թանձր միգում վխտում են մթին
Կասկածները նենգ,
Ուր չի թափանցում նայվածքը երբեք: –
Խոհը միամիտ, –
Կա մի մութ եզերք, անունը – Աիդ:

Հոգու այդ վերջին դարպասի առաջ
Հսկում է անքուն
Այդ մութ եզերքի արքան աներազ –
Սևահեր մի շուն՝
Կույր նայվածքը իր կուրորեն հառած
Հիվանդոտ մուժում:

Հսկում է, մռայլ, իր եզերքը մառ,
Իր եզերքը հին,
Ուր վերջին, ճղճիմ գոյության համար
Հանձնված մութին`
Տառապում է մեր մարող, հոգեվար
Երազի հոգին:

Ու մութ է այնտեղ, աներազ մուժում, –
Տաղտուկ, ամայի:
Ու ցուրտ է այնտեղ` Ստիքսն է հոսում,
Գանգեսը մահի`
Հավիտենության լաբիրինթոսում
Անիմանալի:

Ու այն եզերքի սևահեր արքան –
Անկուշտ, անոթի, –
Հսկում է, որ ջինջ երազները գան –
Բռնի, հոշոտի, –
Ու երազների դիերն անկենդան
Ստիքսը նետի:

Ու հոգու վերջին դարպասից անդին
Նենգ, հսկում է նա:
Հսկում է, որ ջինջ երազներն ընկնին
Եզերքը նրա:
Եվ nռնում է նա լույս գիշերներին –
Լուսինի վրա:

Եղիշե ՉԱՐԵՆՑ

Հետևեք մեզ նաև Telegram-ում