USD
EUR
RUB

Խուփ են պատմության անցքերը

 

Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի
եւ զառաւօտն նաւասարդի…

1058 թվականի հրոտից ամսի 11-ն էր, Հայոց միջնաշխարհի լուսապայծառ առավոտներից մեկը: Բարձրաբերձ լեռնաստանում, գիտատեխնիկական հեղաշրջման ժամանակներից շատուշատ դարեր առաջ, ապրում ու իրեն բաժին հանված կյանքի մայրամուտն էր վայելում Հայոց Մամիկոնեից տոհմի և Կամսարական ցեղի վերջին ներկայացուցիչներից Գրիգոր Մագիստրոս Պահլավունին՝ Վասակ սպարապետի որդին, հայ գիտնական, բյուզանդական կրթությամբ: Արդեն վաղուց նա հրաժեշտ էր տվել խաչ-պատերազմին՝ սուր ու մկունդին, հազարավոր քոչվոր հրոսակների ու բնիկ թոնդրակեցիների կյանքերը խլած, և հիմա, առաջացած տարիքում, բյուզանդական արքունիքից ստացած պատիվներից շլացած ու ընդարմացած, իր ազգանվեր առաքելությունը ավարտված համարելով, անձնատուր էր եղել իր քաղաքական երբեմնի տվայտանքների ու ռազմական անուրանալի վաստակի պտուղների վայելքին:

Անին այլևս չկար… Նրան տիրացել էին հավատակից բյուզանդացիները, որ առանց մի նետ արձակելու, քաղաքի բանալիներն էին ստացել Պետրոս Գետադարձ կաթողիկոսից ու Վեստ Սարգսից: Իր անունը ևս հոլովվում էր այս հույժ կասկածելի հայրենանպաստ գործարքի ծիրում: Այժմ նա Հայոց Միջագետքի, Վասպուրականի և Տարոն-Տուրուբերանի կուսակալն էր, բյուզանդական պաշտոնյա, և ամենայն օր, փափուկ բարձերին ընկողմանած՝ խորհրդածում էր անցած-գնացած օրերի, քաղաքական ձեռնարկումների, այլակրոն օտարազգիների ու դավանակից, բայց քրիստոնեական ճշմարիտ հավատից շեղված հերձվածող ազգակիցների դեմ մղած կրոնախև կռիվների մասին, Հայաստանի տարբեր գավառներում կրթական գործի կազմակերպման ու ձեռնարկած շինարարական աշխատանքների մասին:

Իր հեղինակած թղթերից ակնհայտ է դառնում, որ մեր այս վաստակաշատ Գրիգորը զերծ չի եղել մարդկային բնական թուլություններից, նաև որկրամոլական ու գինու ընդարմացնող թմբիրին տրվելու մեծ հակում է ունեցել և ժամանակ առ ժամանակ իրեն այցի եկող եղբորորդուն մշտապես նույն հրահանգներն էր տալիս. Շերանի՛կ, քանի գաս ձու՛կն բեր, կարմրախայտ տեսակի կամ Վանա տառեխ, և կամ գինի բեր՝ հոգեպարար ու զգլխիչ, կամ այլևայլ խրախճանական պիտույքներ:

Իր զավակներին բյուզանդական կրթության էր տվել և պատրաստվում էր նրանց ուղարկել կայսրության հարավային գավառները՝ արտագնա աշխատանքի բերումով Հայոց Ոստանից պանդխտած և Միջերկրեայքի կիլիկյան ափերին հաստատված նորաշեն գաղթավայրը:

Նա, ըստ ամենայնի, գոհ էր իր ապրած կյանքի, դավանած գաղափարների ու գործունեության արդյունքից, չէ՞ որ իրեն հաջողվել էր հայոց արևելից աշխարհի սահմաններն ասպատակող այլադավան քոչվոր ցեղերի՝ սելջուկ հորդաների վտանգի դեմն առնել ու հայրենիքի արևելյան հատվածների կառավարումը հանձնել քաղաքակիրթ ու աշխարհակալ Բյուզանդական կայսրության ողորմածությանը: Տարածքներ՝ անվտանգության դիմաց գործարքը ապահով ներկա և հուսալի ապագա էր խոստանում: Բայց երկիրը գնալով մարդաթափ էր լինում, շեներում մնացածներն էլ տարագրվելու ճամփան էին բռնել: Իր սերունդներն ու ընդոծինները ևս, հետագայում, դարձան տարագիր, ոմանք էլ, բյուզանդասիրությունը քիչ համարելով, Հռոմի հետ կրոնական միություն գլուխ բերելու նպատակներ էին հետամտում ու „Պատճառ խնդրոյ միաբանութեան“ ձեռնարկներ հղանում Սիսում, հռոմկլաներում ու լամբրոններում, չնայած Հայոց Արևելյան կողմանց տեղաբնիկների կատաղի հակառակությանը:

Արդյունքում պատահեց այն, ինչը պատմության շուռտիպ դասագրքերում հաճախ է սպրդում. երկիրը, բոլորի աչքի առաջ, մարդաթափ եղավ, ուժից ընկավ և հետագայում այլևս չդիմացավ պատմական անցքերի աշխարհավեր, դաժան հարվածներին: Հռոմն ու Արևմուտքը, Բյուզանդիոնի հանձնումից հետո, ի վերջո վերածնվեցին ու բարեփոխվեցին, Բյուզանդիան թուրք-սելջուկների, սարակինոսների, մամլուկների ու թաթար-մոնղոլական ցեղերի կողմից զավթվեց ու ներքինացվեց, իսկ հայության մնացած փշրանքներն էլ հետզհետե ձուլվեցին ու փոշիացան այլադավան ու հոգեխորթ միջավայրի պարտադրանքից: Մի բուռ կղզիացած հայերի ճակատագիրն էլ ամեն անգամ հենց միայն մի վերջին դիմակայության հրաշքին և Աստծո ողորմածությանը թողնվեց:

Եվ մի լուսապայծառ օր էլ Գրիգորի վրա իջավ իր ավագ ժամանակակից Հովհաննես Կոզեռնի մարգարեանալու շնորհը և նրա աչքերի առաջ հառնեց իր բոլոր հայրենասիրական ձեռնարկների վերջնահաշիվը՝ թերահաշվարկի սկուտեղի վրա մատուցված, ճշմարիտ ճանապարհից վրիպած ու հեռանկարի սղմամբ դրոշմակնքված…

Պատմութունը թեև, ինչպես հաճախ է պատահում, չի հավաստել, սակայն մերօրյա բազմափորձ աչքը հազարամյա հեռավորությունից պարզորոշ տեսնում է Մեծն Գրիգորին պատուհասած վախճանականը: …Նրան գտան իրեն առանձնաշնորհված ժամանակավոր կացարանի երդիկից կախված: Միայն թե միանշանակ պարզ չէ, նա զոհ գնաց իր ապրած խուժադուժ ժամանակներում ամենուր վխտացող ու ասպատակություններ սփռող հեների, հրոսակների ու ելուզակների ավարառությունների՞ն, թե՞ ինքնադատաստանի անլուր սոսկանքին:

Պատմությունը, ինչպես այս դեպքում, սովորաբար լռում է մեծերի վերջին մտածումների մասին, նրանց կյանքի, հավակնոտ մտածումների, հաղթությունների ու փառքի անհոգի անցքերը լոկ շարագրելով:

Խուփ են պատմության անցքերը: Ժամանակի հեռվից՝ օդի մեջ երևակվող նրանց թույլ ու նվաղկոտ լուսացոլքը գնալով ավելի է խամրում, մգլում ու մթագնում:

Աշոտ ԱԼԵՍԱՆՅԱՆ

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan