USD
EUR
RUB

Գուրգեն Խանջյան. Այստեղ քեզ չեն սիրում

 

Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը ծնվել է 1950թ. հունվարի 25-ին, Երևանում: Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը: 1987թ-ից տպագրվել է «Պիոներ» (այժմ` «Աղբյուր») ամսագրում: Հեղինակել է ավելի քան տասը գիրք, բազմաթիվ պիեսներ և սցենարներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն, ռումիներեն: Գրողի պիեսները բեմադրվել են Երևանի դրամատիկական և Պարոնյանի անվան, Թբիլիսիի, Վանաձորի, Ստեփանակերտի, Լոս Անջելեսի, Հալեպի թատրոններում, հեռուստատեսությամբ, ռադիոյով: Նրա սցենարներով նկարահանվել են ֆիլմեր («Լռության սիմֆոնիա», 2002թ.) և հեռուստատեսային մանրապատումներ: 1995թ-ից Հայաստանի Գրողների միության անդամ է, 2006թ-ից` ՀԳՄ «Գրեթերթ» պարբերականի խմբագիրը:

Գրքերն են` «Շարժասանդուղք» (ժողովածու, 1994թ.), «Հիվանդանոց» (վեպ, 1994թ.), «Ստվերներ խամաճիկների փողոցում» (ժողովածու, 1998թ.), «Սպանել փրկչին» (ժողովածու), «Ճամփեզրի թատրոն» (պիես, 2002թ.), «Դատավարություն» (պարսկերեն պիես, 2003թ.), «Մարդկանց տուն ուղարկիր» (ժողովածու, 2004թ.), «Լուր չկա» (վեպ, 2006թ.), «Թատրոն 301» (պիեսների ժողովածու, 2008թ.), «Նամակներ ընթացքից» (պատմվածքներ, էսսեներ, կոլաժներ, 2009թ.), «Ենոքի աչքը» (վեպ, 2012թ.):

1999թ. արժանացել է «Ոսկե եղեգն» ՀՀ պետական մրցանակի: Դարձել է նաև ՀԳՄ` արձակի և թատերգության համար, «Նարցիս» գրական ամսագրի և Թեքեյան մրցանակների դափնեկիր:

Այստեղ քեզ չեն սիրում

Երբ ամռան տապին հանկարծ ցուրտ զգացիր` Նա մոտ է, սահմռկեցնելու չափ մոտ: Զգո՛ն եղիր:

Եթե ձմեռվա սառնամանիքին շոգեցիր հանկարծ` Նա ճամփին է, ուր որ է կգա: Պատրաստվի՛ր:

ՆԱ:

Նա հյուսում է կամ հյուսել է արդեն իր ծուղակ-սարդոստայնը: Նրա մանրալիք տաք-ցուրտ շունչն այստեղ է, չէ, այնտեղ, քիչ հեռու, չէ-չէ, արդեն շատ մոտիկ, ահա, խփում է ծոծրակիդ, դեքիդ է խփում` այրելով սթափությունդ, պրկելով մկան ու նյարդ, ճկելով տարածությունը ձեր միջև: «Նա ուղարկված է»,- շշնջում են այրվող գիտակցությանդ վերջին բջիջներն ու ածխանում նույն պահին: Ուղարկվա՞ծ է... Այո, Նա ուղարկված է, ուղարկված է, որ...

Որ կենդանացնի:

Որ թարմ արյուն մղի թմրած-կնճռված անոթներիդ մեջ:

Որ ոտքի հանի, կանգնեցնի, ուղղի ողնաշարդ ծուռումուռ:

Որ ստիպի վազել լուսաբացին, թաց խոտերի մեջ:

Որ կյանք տա ու (զգոն եղի՛ր)...

ու նորից խլի:

Որ ամեն ինչ տալով` չտա ոչինչ:

Որ տա ամեն ինչ, բայց խլի՛ առավել:

Որ, անտարբեր, հրի-գցի ջրափոսը նույն:

Որ բաց թողնի արյունդ ցեխաջրի մեջ:

Որ սպանի...

Ուստի զգույշ եղիր: Պատրա՛ստ: Դե՛հ, փախի՛ր:

Բայց փախչե՞մ որ...

Փախի՛ր, արա՛գ, հարցուփորձը թող: Փախի՛ր, դե՛...

Փախչում ես` չորեքթաթ. շուն, որի հիշողությունը ծեծ ու սարսափով է խցված: Փախչում ես ու մտածում` իսկ երբ հասնի` ի՞նչ եմ անելու... Ինչպե՞ս բացատրեմ, որ իրենից առաջ եմ ընկած ոչ իմ մեղքով, որ մորթիս տեղ-տեղ թափված է արդեն, որ ուրիշների մեջ փնտրեցի` իբրև անտեղյակ, թե ժամն ու տեղը չէ: Շտապեցի, խառնեցի, շփոթեցի, կորցրեցի: Պարզապես ապրեցի: Իսկ հիմա ժամն է (ժա՞մն է...), հիմա եկել է (եկե՞լ...), ահա: Դե պատասխան տուր, դե կանգնիր` հայելուն մեջքդ դարձրած ու փորձիր շրջվել ակնաբաց, ու տեսնել, տեսնել... Ոչ, մի՛ տես, չէ՞ որ կա՛ չտեսնելու տարբերակ: Կա փակ աչքերի տարբերակ: Այո, փակիր աչքերդ, պոկիր-խլիր նրան` ժամանակին անհաշվետու, և տա՛ր, տա՛ր, տա՛ր...

Բե՛ր, բե՛ր նրան, բե՛ր այստեղ, այս ավազների վրա, այս մանրալյակ լճակի եզերքը, քշիր հեռու այստեղից մարդ ու կենդանի (այս մրջնին նույնպես), հեռու, հեռու, հարյուր պարսեկ հեռու այստեղից, թող ոչ մի շոշափուկ չդարանի մոտերքում, քոնն է այս լիճը, քոնն է սիրով ներծծված տաք ավազը, քոնն է արևահամ մարմինն առողջ ու ջահել, դիր գլուխդ կրծքին ու... կարող ես ավարտվել: Ինչու՞ ոչ: Սրանից լավ տեղ ավարտի համար չկա, հաստատ: Սակայն սթափվի՛ր, սթափվի՛ր, որովհետև ու՞ր է, ո՞վ կտա...

Նա՞...

Նա մոտ չի թողնի` ձագին պաշտպանող էգ գայլի կատաղությամբ:

Նա անգութ է, դաժան, ինչպես որս չգտնող կատվառյուծ:

Նա խորամանկ աղվես է, կտանի ջրափ` ծարավ ետ կբերի:

Նա մի քիչ ջուր կթողնի իր ոտնահետքերում, որ լակես ագահ:

Նա կոբրայի պես կնետի թույնը, թույնահաս տարածք կրճատելուն պես:

Նա մրջնակերի իր լեզվի վրա կհավաքի մարմինդ կաթվածահար, անկամ:

Նա հովազի ժանիք կխրի կոկորդդ, հենց համբույր հուսաս:

Նա...

Կատարիր քայլդ վերջապես, քանի չի ընկել փոքրիկ դրոշը ժամացույցի:

Կատարե՞մ, հիմա՞... Լավ, կատարեմ: Ահա: Ի՞նչ եղավ... Մա՞տ...

Պարտվեցիր, պարոն:

Պարտվեցի՞: Գուցե: Սակայն հանձնվել չեմ ուզում: Պարզապես կիջնեմ խաղատախտակից, սա էլ տարբերակ է:

Խաղատախտակից դուրս` թաքուն խորշեր ու նրբանցքներ ունեմ, որոնց սայթաքուն հատակով կքայլեմ` լուսնով երկարած ստվերս առաջ գցած, կծխեմ ճմրթված սիգարեթը` տանիքի կաթոցից ձեռնափով ծածկած. բորբոքվող կրակը թեթև կայրի մաշկը ձեռնափիս- աղոտ հուշեր արևոտ լճափից, ուր թողեցի քեզ ինչ-որ ժամանակներում` համոզված, թե չկա վերջ, թե անսպառ են ավազները` սիրով ներծծված: Հիմա զուգահեռ եմ տանում: Բայց տեղ չի հասնում դողդոջուն գիծը, գիծն առաջ գնալ չի կամենում. չգնա՛ս: Չգնա՛ս: Կա՛նգ առ, ծեր սատանա, դեռ կարող ես գողանալ մի քիչ ժամանակ` թիկնոցիդ տակից հեգնանք նետելու աշխարհի դեմքին: Դու դեռ ունես ժամանակ` դռան նեղլիկ արանքով տեսնելու աստիճաններն արագ հաշվող սիրունիկ ոտքերը` վեր, վեր, էլի վեր... Հը՞, կյանքդ կտա՞ս: Բայց կտա՞ս որ, թե՞ ուզում ես դեռ մի քիչ էլ քարշ տալ ցեխերի միջով, ասֆալտին թողնելով մարմնիդ քսուքը: Մի քիչ էլ քարշ տաս, ապա պառկես այստեղ, այս թաց նստարանին, նայես ամպերին լուսնի ուղղությամբ ու սպասես, սպասես...

Շատ բան չէիր ուզելու. գլուխդ դնես փորիկի տաք փղոսկրին ու այդպես մնաս անշարժ, ապա վերջանաս, սպառվես, ներքաշվես ու գնաս այնտեղ, որտեղից եկար, որ էլ երբեք չդառնաս ետ, որովհետև...

Որովհետև քեզ այստեղ չեն սիրում:

Աղբյուր՝ Blognews.am

Լրահոս
Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ Ներսես Աթաբեկյան. Տիեզերքի եզրին Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա Ա Պետրոս 1.5-10 Շառլ Ազնավուր. Դեռ երեկ Վահան Թեքեյանի․ «Տաղ հայերեն լեզվին» Պետրոս Դուրյան. Սիրել Հեռավար «ԴասԱ» հանդիպում՝ «Անկախության սերունդ» ծրագրի մասնակիցների հետ Երբ Հի­սուս հետ դար­ձավ Մահացել է գրող Գրիգոր Սարգսյանը Սաղմոս ՃԼԱ Պաշտպանիչ դիմակներ գեղարվեստական լուծումներով. Ազգային պատկերասրահի կրեատիվ մարտահրավերը Աշխարհում ամենապահանջված մանկական նախագծերը Լեգենդար ABBA -ն նոր երգերով հանդես կգա Փառատոններ, համաժողովներ. «Միհր» թատրոնն ակտիվ է եղել նաև մեկուսացման օրերին Աշոտ Ավդալյան. «Ինձ ճանաչողը» Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ մահվանից հետո հաստատվել է կորոնավիրուս Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն Օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Մանոն» ներկայացումը Շուշանիկ Կուրղինյան, Շատերից մեկին Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին Հուշարձանները կվերականգնվեն Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Ազնավուր. հավերժի ճամփորդը 22.05.2020
website by Sargssyan