USD
EUR
RUB

Սլավիկ Չիլոյան, Բանաստեղծություններ

 

ՊՈԵՏ ԷԻՆ ՆՐԱՆՔ

Պոետ էին նրանք.
անտառից փախած
արջերի նման՝
վայրի ոռնոցով
ու մռլտոցով
խուժեցին քաղաք,
հաստափոր ու կիրթ
մարդիկ խլացան,
տիկիններ կորան
այդ օրն աշխարհից.
պոետ էին նրանք:

Պոետ էին նրանք.
բամբասող ու չար
շների նման
հաչում էին այստեղ,
հաչում էին այնտեղ,
հաչում ամենուր՝
մի հոտած մսի
պատառի համար,
նույնիսկ այն պահին,
երբ առիթ չկար.
պոետ էին նրանք:

Պոետ էին նրանք.
ոչխարների պես
անմահ Հիսուսի՝
գայլի փարախում
նրանք ծնվեցին,
վերջին մայոցով
լուռ հոշոտվեցին.
պոետ էին նրանք:

Պոետ էին նրանք.
ամեն գիրկ ընկնող
պոռնկուհու պես
ընկնում էին, ելնում՝
շրթներին ժպիտ,
ջրում ցոլացող
փրփուրների պես,
իսկ մենակ պահին
լացում էին խեղճ,
լացում էին լուռ՝
Մագթաղինացու
աչքերով տխուր.
պոետ էին նրանք:

RONDO

Դու լույսի մեջ
ես մթան
դու ինձ երբեք չես տեսնում
գնում եմ ես գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր
Ես լույսի մեջ
դու մթան
ես քեզ երբեք չեմ տեսնում
գնում ես դու գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր
Ես լույսի մեջ
դու լույսի
բնավ իրար չենք տեսնում
ու գնում ենք գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր

ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂՆ Է

Սիրելը մեծ բան չէ.
ուղղակի
պետք է խորհրդակցել.
Իսկ խորհրդակցությունը
Մի օր կավարտվի,
երբ լռությունը կխփի ուսիդ
ու կասի՝
գնա՜նք:

ԿՈՄԻՏԱՍԻՆ

Մենք չիմացանք,
թե ինչ երգեցիր
օտար Փարիզի հոգեբուժարանում…
Բայց նվնվոցը դու դարձրիր լաց,
հանապազօր հաց,
տնքոցն հիվանդի` հորովել, հո՜, հո՜…
Եվ հիմա թեկուզ Լենկթեմուրը գա՝
Էլ չենք հեծկլտա
թալանված մեր ապերջանկությամբ.
մի բահ էլ նրա ուսին կդնենք,
որ նա՛ էլ երգի.
հորովել, հո՜, հո՜…

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ճերմակ ձյունին փաթիլ-փաթիլ
հոգեհանգիստ,
խաբված սրտին մոլեգնությամբ
հոգեհանգիստ,
սալահատակի պաղ շիրմին,
հոգիներին անվերադարձ,
մետամորֆոզ հոգիններին
հանգիստ, հանգիստ:
Նեկտար բերող կյանքի չարքաշ մեղուներին,
շեկ մազերին՝ սպիտակով,
պարզ աչքերին, սրունքներին
մնաս բարով:
Արնաթաթախ մոր արգանդին
հոգեհանգիստ,
հոգեհանգիստ , գալիք սերունդ,
քո շիրիմին,
մարդու նման վառ կապիկին
հոգեհանգիստ ,
և ամպամած և ամպ դարձած
իմ չոր հոգուն
հով երկնքում
հանգիստ, հանգիստ:

ԱՐԳԵԼՔ

Մենք համբուրվում էինք
ու այնքան պինդ
որ օրենքը նկատեց.
մարդիկ հավաքվեցին
որոնց
չորս պատից դուրս
համբուրվել չէր տրված.
ու մեր համբույրը
դատարան տարան:

ՀԱՅԱՍՏԱՆ

Ուր որ կերթաս, պոռա Հայաստան:
Վիլյամ Սարոյան

Գիտես ինչ, Հայաստան,
քեզ հետ մենք այնքան
երկար ենք ապրել,
որ մեր ծիծաղն ու լացը
դարձել է մոր-մանկան փոխհարաբերություն,
դարձել է զրույց մի ավանդական,
ավելին.
մտերիմ մի խոսակցություն:
Գիտես ինչ, Հայաստան,
էլ ախ ու վախ չանենք,
մենք քո մեջ,
դու մեր մեջ
այնքան ենք փորփրել,
և մենք քո,
դու մեր
եղածն այնքան ենք
լույս աշխարհ հանել,
որ արդեն գիտենք,
թե որքան արժենք
և միմյանց գովելու
կամ հաճոյախոսության բնավ հարկ չունենք:
Հետո, գիտես ինչ, Հայաստան,
դու մեր,
մենք քո համար
այնքան ենք տառապել,
որ հիվանդացել ենք միմյանց սիրուց
ու վաղուց, դեռ մանկուց
դարձել ենք հանրահայտ
ողջ աշխարհի մեջ:
Ի վերջո, գիտես ինչ, Հայաստան,
քո կլոր ու մեծ արևով,
քո բիբլիական սարով
ու քո խորությամբ
մեր աչքերի մեջ
այնպես ես նկարվել,
որ աշխարհի ուզածդ անկյունում անգամ
մեր ով լինելը,
թե ուզենանք էլ`
չենք կարող ծրարել:

Գաղտնիք

Գիտե՞ս
ինչու եմ սիրում քեզ
որովհետև
մի քիչ փոքրիկ է
այս երկրագունդը.
գցում եմ ոտքս
պտտվում է նա
ինձ չի թողնում երբեք
ոչ մի կետի վրա.
ես սիրում եմ քեզ
որովհետև
մի քիչ փոքրիկ է
այս երկրագունդը:

Փախիր-Փրկվիր

Սա էլ թող լինի ամենավատը
որ կորցրած մատը
ինձ ցավ պիտի տա
միայն
խնդրանք կա
կամաց պոկեցեք
ամեն մի մատս
որ վերջին մատով
ես ցույց տամ մեկին

* * *
Ժամագործին
վերջերս
էլ ժամացույցներ չեն բերում
նորոգելու
դրա համար
ամեն առավոտ
նա կանոնավոր բացում է իր կրպակը
հանում իր ձեռքից
իր իսկ ժամացույցը
ու նորոգում
վերջում կանոնավոր
փակում իր կրպակը
դատարկ աչքերը
ու գնում
մի օր էլ նա կրկին
նորոգեց իր իսկ ժամացույցը
դրեց ցուցափեղկի ետևում
ու վրան էլ գրեց
«այս ժամացույցը չի վաճառվում»:

* * *

Ինչո՞ւ հոգ կընես, թե ինչ պիտի
ուտեմ կամ ինչ պիտի հագնիմ…
ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ

Քանի որ մենք դաշտի շուշան չենք
ոչ էլ Սողոմոն իմաստուն թագավորը
որն այնպես շքեղ էր հագնվում
քանի որ իր ժամանակին
կամ իր ժամանակի մեջ
ներսը ինչքան էլ շքեղ
հագնված լինի
չի երևում
ուստի
բեր մեզ համար առնենք
ընտիր իտալական կոշիկներ
նուրբ անգլիական մահուդից
համազգեստ ու վերարկու
«ֆիլիպս» սափրվելու մեքենա
ճապոնական մագնիտոֆոն
և եթե հնարավոր է
ամերիկյան ֆորդ կամ կադիլլակ
ու մի գեղեցիկ վիլլա
ուր մենք կմտնենք ու դուրս կելնենք
մեր սեփական ուղղաթիռով

Տպագրվում է ըստ Սլավիկ Չիլոյանի «Չենք ասում, ինչքան գիտենք» ժողովածուի («Արևիկ» հրատարակչության, Երևան 2005 թ., կազմող և խմբագիր՝ Դավիթ Հովհաննես):

Աղբյուր՝ Անդին

Լրահոս
Ամփոփվեց մանկագիրների և նկարազարդողների մրցույթը. ներկա էր Նունե Սարգսյանը «Պատգամ» հոբելյանական երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին Եղիշե Չարենց. Այրած երգեր Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում Համո Սահյան․ Ես կուզեի․․․ Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետ. հոգեշահ քարոզիչը «Ավետիսը» աշխարհահռչակ դաշնակահարին հրավիրել է Երեւան Հովհննես Երանյան․ Գորտը, կամ սցենար նկարահանված ֆիլմի համար Վիլյամ Սարոյան. Այդ օրը Հայաստան են ժամանում միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ 44 000 տարվա պատմություն. Ինդոնեզիայում հայտնաբերվել են մարդկանց կողմից արված հնագույն որմնանկարները Երևանի պետական կամերային երգչախումբը վեցերորդ համերգով ամփոփեց Կոմիտասին նվիրված ելույթները Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ամանորի տոներին մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն «Պետք է գնա­հա­տել, սի­րել մեր կող­քին ապ­րող կոմ­պո­զի­տո­րին» «Ինչ ցան­կա­նում եք, որ մար­դիկ ձեզ ա­նեն, նույնն էլ դուք ա­րեք նրանց» Աղոթքը «դատ է դատաստանից առաջ» Չաքմաքչյանի «Քայլող մարդը» հնարավոր է տեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում Թումանյանը՝ հայերեն և վրացերեն. Թբիլիսիում լույս է տեսել միանգամից երեք գիրք Մաքսիմ Վենգերով. Հայաստանը գալը նշանակալի և հաճելի իրադարձություն է Հովհաննես Թումանյան. Երկինք ու երկիր Սամվել Սևադա․ Ահա և վերջի սկիզբը․․․ Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան՝ վաղը Օրհնեցե՛ք Տիրոջ անունը Տիրոջ տանը գտնվողներ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ո՞րն էր Չարենցի ու Բակունցի միջեւ տարաձայնության պատճառը Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Հովհաննես Երանյան. Երեք ամիս հետո Պոլսոյ Պատրիարք դառնալու աւելի մեծ հնարաւորութիւն ունի Սահակ Սրբազան Մաշալեանը Պարույր Սևակ․ Լույսի աղբյուրը Երանելի Մայր սուրբ Թուրքիոյ Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրութեան առաջին քայլը. մամլոյ հաղորդագրութիւն Հայտնի են «Ոսկե գլոբուսի» անվանակարգորդները «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում Հաջորդ տարի Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն. Հակոբ Ղազանչյան Օծվել է Ներքին Գետաշեն գյուղի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին «Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը Հռոմում ներկայացվել է «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գիրքը Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում Չարենցն ու Կոմիտասը Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել»
website by Sargssyan