USD
EUR
RUB

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը

 

(Նախորդ մասը)

Բազմանդամ ընտանիքը, անշուշտ, բազմաթիվ հոգսեր էր դնում Հովհ. Թումանյանի ուսերին: Նա ոչ միայն տանում էր այդ հոգսերը, այլև, կարելի է ասել, ուրախությամբ էր տանում, այնքան շատ էր կապված ընտանիքին:

Ամեն օր իր ընտանիքի անդամներից մեկնումեկին մի որևէ բան էր պետք: Եվ Թումանյանը անդադար դրսից տուն էր կրում կոշիկ, գլխարկ, հագուստ և այլն. մեկին չհարմարի, մյուսին կհարմարի՝ փառք Աստծո, այնքա՜ն շատ են:

Մեծ պատերազմի երրորդ տարում Կովկասում նոր ապրանքների պակաս սկսեց զգացվել: Թիֆլիսում բացվեցին գործածված իրեղենների խանութներ, որոնք առնում ու ծախում էին քիչ մաշված իրեր: Շատերը իրենք էին տանում իրենց ավելորդ իրերը և հանձնում այդ խանութներին ծախելու:

Մի օր այդպիսի խանութներից մեկի ցուցափեղկում Հովհ. Թումանյանը տեսնում է մի զույգ կանացի գեղեցիկ կոշիկներ: Ներս է մտնում և գնում կոշիկները:

- Կամ Անուշի ոտքով կլինի կամ Արփիկի, մտածեցի ես, - պատմում էր Թումանյանը:
Վերցնում, տուն է բերում կոշիկները և հանձնում աղջիկներին.

- Մեկն ու մեկիդ ոտքին կգա:

Փորձում են, բայց արի տես, որ ոչ Անուշի ոտքին է գալիս, ոչ իրենից մեծ, ոչ իրենից փոքր քրոջ:

Իրենց հորը տհաճություն չպատճառելու համար աղջիկները չեն հայտնում, թե կոշիկները ոչ մեկի ոտքով չեղան և որոշում են սուսիկ-փուսիկ ազատվել կոշիկներից: Առնում են և դիպվածով տանում-հանձնում հնավաճառի միևնույն խանութը, որտեղից գնված էին կոշիկները:

Անցնում է մի քանի օր: Հովհ. Թումանյանը դարձյալ մի զույգ գեղեցիկ կոշիկներ է տեսնում նույն խանութի ցուցափեղկում: Մտնում է և գնում. «Մեկնումեկի ոտքին կգա»: Առոք-փառոք կոշիկները կրկին տուն են գալիս: Ծիծաղ է, որ պայթում է տան մեջ, երբ տեսնում են միևնույն կոշիկները, որոնք Թումանյանը երկու անգամ գնել և տուն է բերել:

Ամբողջ մի շաբաթ Թումանյանի տանը կատակների և ծիծաղի աղբյուր էր այս դեպքը: Եվ ամենից շատ Հովհ. Թումանյանն էր ծիծաղում իր արածի վրա:

Հովհ. Թումանյանի զավակները ցրված էին Թիֆլիսի գրեթե բոլոր հայկական դպրոցների մեջ: Մեծ որդին՝ Մուշեղը, հաճախում էր ռուսական երրորդ գիմնազիա, Նվարդը՝ Հովնանյան դպրոց, Համլիկն ու Արտիկը՝ Ներսիսյան դպրոց, Անուշն ու Արփիկը՝ Գայանյան դպրոց, իսկ Արեգը՝ Լիսիցյանի հայկական գիմնազիա:

Սովորում էին, ըստ երևույթին, լավ, այնպես որ Թումանյանը երբեք այդ դպրոցներ երթալ-գալու պետք չէր ունենում: Զավակների դպրոցական կարիքները հոգացվա՞ծ են, ուսման վճարները տրվա՞ծ են, գիրք ու տետրակ ունե՞ն, դասերը լա՞վ են սովորում, դպրոցներից գանգատներ չե՞ն գալիս՝ դե, լավ, էլ ի՞նչ կա մտահոգվելու, ի՞նչ կարիք կա հետաքրքրվելու, թե ով որ դպրոցն է գնում, կերթան-կգան ինչքան որ պետք է, մի օր էլ կավարտեն:
Մի անգամ, սակայն, ինչպես է պատահել, Հովհ. Թումանյանը մտքին դրել է այցելել իր թաղի դպրոցները: Անշուշտ, ամեն մի դպրոցում իր զավակներից մեկնումեկը կլինի:

Գնացի Գայանյանը և հարցրի թե. «Մեր Նվարդը ո՞նց ա սովորում»: Երեսիս մտիկ արին ու ծիծաղեցին:

- Ի՞նչ եք ծիծաղում,- ասացի:

Դարձան ինձ, թե. «Պարոն Թումանյան, օրիորդ Նվարդը Հովնանյան դպրոցումն է սովորում»:

- Է, հապա մեր երեխեքից ոչ մեկը էստեղ չի՞ սովորում,- հարցրի:

- Ո՛նց չէ, - ասացին, - այստեղ են Անուշն ու Արփիկը:

Ի՜նչ իմանամ, ախպեր, էնքա՜ն շատ են, որ մարդ ո՞նց միտքը պահի, թե ով որ դպրոցն ա գնում:

- Է, ո՞նց են Անուշն ու Արփիկը:

- Շատ լավ են,- ասացին:

Էնտեղից դուրս եկա, գնացի Հովնանյան դպրոցը:

- Ասում են, մեր Նվարդը էստեղ ա սովորում, եկել եմ իմանամ ո՞նց ա,- հարցրի:

Տեսուչը ծիծաղելով, թե. «Պարոն Թումանյան, ճիշտ է, օրիորդ Նվարդը այստեղ էր սովորում, բայց անցյալ տարի ավարտեց դպրոցը»:

Էլ ամաչեցի թե մյուս դպրոցները գնամ, - պատմում էր Թումանյանը այդ այցելությունների մասին:

Իր ընտանիքին Հովհ. Թումանյանը կապված էր ջերմ, քնքույշ զգացումներով:

Հայ գրողի համեստ վաստակը, անշուշտ, չէր կարող գոհացնել այդքան մեծ ընտանիքի կարիքները: Եվ, սակայն, Թումանյանը միջոց էր գտնում հոգալու իր զավակներին այնպես, որ նրանք ոչ մի բանում զրկված չզգան իրենց: Եթե, ինչպես երբեմն կատակով ասում էր, թե մոռանում է որի անունը ինչ է կամ որը երբ է ծնվել, բայց մյուս կողմից զավակներից ամեն մեկի համար մի նվիրական անկյուն կար Թումանյանի սրտում:

Պատահում էր, որ Թումանյանը իր ընկերներին ու բարեկամներին կարդում էր կտորներ իր նոր, անտիպ գործերից: Բայց նա դրսեցիներից ոչ ոքի համար չէր կարդում այն փոքրիկ, սիրուն ծոցատետրերը, որոնց մեջ իր զավակներին նվիրված գողտրիկ բանաստեղծություններ էր գրում: Իր զավակներից ամեն մեկի համար մի փոքրիկ, կաշեկազմ տետրակ էր պահում: Բանաստեղծի փոքրիկ ավետարաններն էին դրանք, որոնք կարդում էր միայն իր զավակների հետ և նորից խնամքով փակում իր գրասեղանի դարակների մեջ:

Հովհ. Թումանյանի երրորդ որդին՝ Արտավազդը, որին Արտիկ էին կանչում, իր եղբայրների և քույրերի մեջ ամենից ավելի նման էր հորը թե՛ արտաքինով, թե՛ բանաստեղծական խառնվածքով: Տակավին պատանի, արդեն շնորհալի նկարչի և բանաստեղծի կարողություններ էր ցույց տալիս:

Մեծ պատերազմի երրորդ տարին Արտիկը հայ կամավորական ուժերի հետ գտնվում էր Վանում: Վանի վերջին նահանջին՝ 1918-ի գարնանը, Արտիկ Թումանյանը եղավ մեկը այն սակավաթիվ զոհերից, որ տվեց նահանջող հայ կամավորական բանակը: Դրանից մի քանի ամիս առաջ հայրենի Դսեղ գյուղում ինչ-որ դավադրության զոհ էր գնացել Հովհ. Թումանյանի մեծ եղբայրը՝ Ռոստոմ Թումանյանը:

Այդ երկու մահերը, մանավանդ որդու կորուստը, սարսափելի կերպով խորտակեցին Հովհ. Թումանյանին: Կենսուրախ, միշտ ժպտացող Թումանյանը դարձավ մռայլ, անհաղորդ և խորասուզվեց ինքն իր մեջ: Ձմռան օրերին փակվում էր իր սենյակում, նստում վառարանի առջև և ժամերով անթարթ նայում կրակին՝ ամբողջապես անձնատուր իր տխուր խոհերին:

Այն մարդիկ, որոնք իրենց աչքով չեն տեսել իրենց հարազատի մահը կամ սեփական ձեռքով գերեզման չեն իջեցրել թանկագին էակին, դժվարությամբ են հաշտվում իրենց կորստի հետ: Նույնը պատահել էր և Թումանյանին, որի զավակը մի օր գնացել և այլևս չէր վերադարձել: Գիտակցությունն ասում էր, թե զավակը չկա այլևս, մինչ սիրտը չէր ուզում հաշտվել դառն իրականության հետ: Ինքն իր համար հույսեր էր ստեղծում և դրանցով օրորում իր հոգին: Գուցե սպանված չի, գուցե կորած է Արտիկը և մի օր կգա:

Քի՞չ է պատահում, որ գաղթի ճանապարհին մարդիկ հետ են մնում, ճամփան կորցնում, թափառում, արկածների հանդիպում և մի օր էլ գալիս տուն են հասնում:

Մինչև այդ դժբախտությունը նախապաշարումներից միանգամայն ազատ Թումանյանն սկսեց հավատալ գուշակներին, բախտասացներին:

Տնեցիներից ծածուկ գնում էր Թիֆլիսի Հավլաբար թաղի բախտ գուշակողների մոտ ու վերադառնում հուսադրված, բախտագուշակն ասել է. «Ճամփորդ պիտի գա»: ՈՒրեմն Արտիկը ողջ է, Արտիկը պիտի գա:

Վերջին տարիների իր գրականությունն էլ եղավ արտահայտիչը այդ ծանր վշտի: Ավելի քան երբևիցե Հովհ. Թումանյանը սկսեց երգել իր անհատական, անձնական ապրումները, միշտ պարուրված խոր թախիծով:

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում,
Չէ՛, դու էլ ես մահացու,
Մահի ահ կա իմ սրտում:

Հովհ. Թումանյանի հետ մեր ծանոթության 15 տարիների ընթացքում Հովհ. Թումանյանը մեկ անգամ է բնակարան փոխել: Սկզբում նա բնակվում էր Բեհբության փողոցում, թիվ 50 տանը, իսկ վերջին տարիներին այդ տնից տասը րոպեի ճամփա դեպի վեր, Վոզնեսենսկայա փողոցի թիվ 18 տանը:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ բնակարան վարձելու նման պարզ, առօրյա խնդրի մեջ իսկ արտահայտվում էր լոռեցի Թումանյանի, այլ խոսքով՝ լեռնցու, հոգեբանությունը:

Թումանյանի բնակարանը, մեծ քաղաքի մեջ որևէ ընտանիքի բնակության համար անհրաժեշտ հարմարություններից բացի, Թումանյանի համար կարևոր երկու պայմաններ պիտի լրացներ: Նախ, այդ բնակարանը միշտ ամենաբարձր հարկում պիտի լիներ:

Լեռնակատարների վրա մեծացած լոռեցի Թումանյանը չէր կարող ապրել շենքերի վարի հարկերում: Ինչպես Դսեղում, նույնպես Թիֆլիսում իր բնակարանի տանիքից վեր միայն երկինքը պիտի լիներ:

Երկրորդ պայմանը՝ որքան կարելի է մոտ լինել լեռներին, լեռնոտ Լոռվա պատկերը միշտ աչքի առջև ունենալու համար:

Ճիշտ է, որ Թիֆլիսը գրեթե ամեն կողմից շրջապատված է լեռներով ու բլուրներով: Բայց քաղաքի կենտրոնը և մանավանդ Քռի ձախ ափի թաղամասերը հեռու են քաղաքը շրջապատող լեռներից: Մինչ այն երկու փողոցները՝ Բեհբությանը և Վոզնեսենսկայան, ուր բնակվեց Թումանյանը իր կյանքի վերջին 20 տարիներին, շատ մոտ էին Բուսաբանական կոչվող և Սուրբ Դավթի սարերին:

Բեհբության փողոցի բնակարանը իր թիկունքը տված էր Բուսաբանական սարին: Շենքի ճակատից նայելով, Թումանյանի բնակարանը ամենավերին՝ չորրորդ հարկն էր:

Թիկունքից դա գրեթե առաջին հարկ էր, այնքան որ շենքը սեղմված էր լեռան փեշերին: Թումանյանի բնակարանի ետևի պատշգամբից կարելի էր ցատկել Բուսաբանական սարի ժայռերին և լեռն ի վեր մագլցել:

Թիֆլիսում չորսհարկանի շենքերը համեմատաբար հազվագյուտ են: Այդ էր պատճառը, որ Թումանյանը Բեհբության փողոցի իր այդ բարձր բնակարանի անունը դրել էր Վերնատուն:

Ինչպես պիտի տեսնենք, Վերնատունը, իբրև գրական հավաքույթների վայր, ուշագրավ դեր է կատարել մեր վերջին քառորդ դարի գրականության զարգացման մեջ:

Վոզնեսենսկայա փողոցը Թիֆլիսի Սոլոլակ կոչվող թաղի վերջին փողոցն է: Այդ փողոցի ծայրում միանում են Սուրբ Դավթի լեռը և Բուսաբանական սարը: Թումանյանի ընդարձակ բնակարանը՝ արևով և լույսով ողողված, դարձյալ վերնահարկ, երկու կողմից իր բոլոր պատուհաններով նայում էր այդ երկու լեռներին:

Հովհ. Թումանյանի ոչ միայն գրականությունը, այլև առօրյա կյանքը լեցուն էր հայրենի Լոռիով: Թումանյանը ամեն տեղ իր հետ էր պտտեցնում Լոռին: Նա պատրաստ էր, եթե հնարավոր լիներ, Լոռվա ծմակներն ու ձորերը փոխադրելու Թիֆլիսի իր բնակարանը:

Մի անգամ իր եղբայրները, որոնք երկուսն էլ լավ որսորդներ էին, մի ողջ եղնիկ էին որսացել Լոռվա անտառներից և նվեր բերել իրենց եղբորը: Այդ եղնիկը շաբաթներ շարունակ ապրել է Թումանյանի Վերնատանը՝ չորրորդ հարկի բնակարանում: Մի գիշեր էլ, երբ դուրսը փոթորիկն է շառաչելիս եղել, քամին թափով բացել է դեպի Բուսաբանական սարի ժայռերը նայող պատուհաններից մեկի փեղկերը: Լոռվա անտառներից բերված եղնիկը ցատկել է պատուհանից դուրս, դեպի ժայռերն ու լեռն ի վեր… գուցե նորից դեպի Լոռվա անտառները:

Ինքը՝ Հովհ. Թումանյանն էլ մի եղնիկ չէ՞ր հայրենի լեռներից և անտառներից եկած և մեծ քաղաքի խորթ ժխորի մեջ ընկած:

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan