Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը

(Նախորդ մասը)

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ՏՊԱԳՐՎԱԾ ԽՈՍՔԸ

Հովհաննես Թումանյանի տունը մի փոքրիկ թանգարան և մի հարուստ մատենադարան էր:

Նրբաճաշակ Հովհ. Թումանյանը, երբ իր գրպանը թույլ տար, չէր կարող անտարբեր անցնել մի սիրուն նկարի կամ նրբաքանդակ արձանի մոտից:

Իր աշխատանոցը և հյուրասրահը զարդարված էին արևելյան գեղեցիկ հյուսվածներով, արձանիկներով և յուղաներկ նկարներով, որոնցից մի քանիսը հայ նշանավոր նկարիչների գործեր էին: Հարուստ էր Հովհ. Թումանյանի գրադարանը թե՛ հայ և թե՛ օտար գրքերով:

Հայերենից բացի Թումանյանը տիրապետում էր ռուսերենին այն չափով, որ կարող էր ազատորեն օգտվել ռուս գրականությունից: Հայ և ռուս հեղինակներից զատ, Թումանյանն ուներ իր սիրած օտար հեղինակների գործերի ոչ միայն հայերեն թարգմանությունները (եթե կային այդ թարգմանությունները), այլև բնագրերը: Ռուսերեն Պուշկինի և Տոլստոյի կողքին կային անգլերեն Շեքսպիրն ու Լոնգֆելոն, գերմաներեն Գյոթեն և Հայնեն, իտալերեն Դանտեն և իսպաներեն Սերվանտեսը:

Թիֆլիսում, Ալեքսանդրյան կոչվող պարտեզի հարավային կողմում կար զառիվայր մի փողոց, որ իջնում էր դեպի Քուռ գետը: Այդ փողոցի միակ խանութները հին գրքեր վաճառող խանութներն էին: Հովհ. Թումանյանին հաճախ կարելի էր տեսնել այդ փողոցում՝ մեկ գրախանութից մյուսն անցնելիս: Այդ այցելությունների արդյունքը միշտ լինում էր մի կապոց գրքեր, որ Թումանյանը բերում էր ավելացնելու իր արդեն ճոխ գրադարանի վրա:

Ամեն հայի հատուկ է գրեթե բնազդական սերը դեպի գիրքը, դեպի տպագրված թուղթը: Հովհ. Թումանյանի մեջ այդ սերն արտահայտվում էր ավելի շեշտված, ավելի ցայտուն կերպով: Թումանյանը սիրում էր գիրքը առհասարակ, նույնիսկ իրեն անծանոթ լեզվով և առանձնապես իրեն չհետաքրքրող մի նյութի մասին գրված գիրքը: Զավակներից հետո իր գուրգուրանքի առարկան էր իր գրադարանը:

Մի օր հին գրքեր վաճառողներից մեկի մոտ տեսել է գեղեցիկ տպագրված և սիրուն կազմով, բայց իր համար անհասկանալի լեզվով մի խոշոր գիրք: Գնել է, թևի տակ դրել և տուն բերել: Իր բազմաթիվ զավակները հայ և ռուս դպրոցներում օտար լեզուներ են սովորում, անշուշտ, մեկնումեկը կհասկանա այդ գրքի լեզուն:
Տուն է բերել և կանչել երեխաներին.

– Մու՛շեղ, Ա՛րտիկ, Ա՛րեգ, եկեք տեսնենք էս ի՞նչ գիրք ա:

Արեգը թե. «Հայրիկ, սա գերմաներեն աշխարհագրության գիրք է, ինչի՞ համար ես առել»:

– Տեսա մեծ գիրք ա, լավ կազմված, գինն էլ էժան, ասացի՝ առնեմ, տուն տանեմ, մեկնումեկիդ պետք կգա մի օր:

Հովհ. Թումանյանը գիտեր հայ գրականությունը: Օտար հեղինակներից կարդացել էր ընտիր գործերը այն գրողների, որոնց գրական ճաշակը համապատասխանում էր իր գրական ըմբռնումներին: Կարդացել և սիրում էր կարդալ ռուս գրողներից Պուշկինի, Լերմոնտովի, Տոլստոյի և Կոլցովի գործերը, ռուս և մյուս սլավոնական ժողովուրդների դյուցազնավեպերը, ավանդություններն ու հեքիաթները, Գյոթեի ու Հայնեի գործերը և գերմանական ու սկանդինավյան հեքիաթները (Գրիմ եղբայրներ և Անդերսեն) և դյուցազնավեպերը, Շեքսպիրի ու Լոնգֆելոյի գործերը և իրանյան մեծ բանաստեղծների՝ Օմար Խայամի ու Հաֆեզի գործերը: Սիրում էր այն հեղինակներին, որոնց ստեղծագործության անմիջական աղբյուրը ժողովուրդն է և ժողովրդի իմաստությունը, և որոնց լեզուն, ոճն ու պատկերները պարզ են, դյուրըմբռնելի: Այդ էր, շտապեմ ասել, իր գրական ընբռնումը և իր գրական գործերի մեծագույն արժեքը:

Շնորհիվ իր սուր մտքի, Հովհ. Թումանյանը հեշտությամբ յուրացնում էր արվեստի, հասարակական գիտությունների և փիլիսոփայության վերաբերյալ գրքերի հիմնական գաղափարները: Եթե շատ անգամ լրիվ իսկ չէր կարդում, թղթատելով առնում էր այդ գրքերից ինչ որ պետք էր իրեն: Այդպիսով որևէ զրույց կամ վեճ այդ նյութերի շուրջ անպատրաստ չէր գտնում Հովհ. Թումանյանին, որ շատ անգամ դուրս էր գալիս նեղ դրություններից շնորհիվ իր սրամտության:

Հովհ. Թումանյանը, դժբախտաբար, քիչ է գրել: Ավելի քիչ գրեց նա, մանավանդ, իր կյանքի վերջին տասը տարիներին, որոնք եղան հայոց նորագույն պատմության ամենից փոթորկոտ, ամենից ողբերգական տարիները:

Թումանյանը ժամանակ չուներ գրելու:

Կյանքի մեջ ամենից քիչ գնահատված բանը Թումանյանի համար ժամանակն էր:

Ժամանակը արժեք չուներ մեր բանաստեղծի համար:

Թիֆլիսում Հովհ. Թումանյանը հավանաբար միակ մտավորականն էր, որ ժամացույց չուներ, ոչ ինքն էր ժամացույց կրում, ոչ էլ իր սենյակում սեղանի կամ պատի ժամացույց էր պահում: Ընտանիքի անդամները մեկական ժամացույց ունեին, բայց ինքը երբեք իր գրպանում ժամացույց չպահեց:

Օրենքներից, սահմանափակումներից, կաշկանդումներից խուսափող բանաստեղծի հոգու քմա՞յք էր այդ, որ չէր ուզում հավիտենականությունը ժամերի, րոպեների և վայրկյանների մեջ սեղմված տեսնել, թե՞ կյանքը սիրող մարդու վախ՝ չտեսնել, չիմանալ, չգիտակցել, որ ժամերի բաժանված կյանքը անցնում է ժամացույցի սլաքների շարժումի հետ:

Հավանաբար և՛ մեկը, և՛ մյուսը:

Կյանքի հևասպառ ընթացքի հետևից իր վազքի մեջ Թումանյանը ուզում էր մոռանալ, չհիշել ժամանակի գոյությունը: Ապրում էր հևիհև, լեցուն կյանքով, ամեն տեղ էր, ամենքի հետ և ամենքը իր շուրջը: Շատ էր ապրում և քիչ էր գրում:

Իր բարձր կոչումի գիտակցությունը, սակայն, հաճախ դառն խոհերի էր մղում կյանքի ժխորի մեջ մենակ թափառող իր հոգին.

Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան
ամենքի.
Խափան, խոպան ու անպտուղ, անցավ
առանց արդյունքի:
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ
չբուսավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

Գրում էր Հովհ. Թումանյանը այն հազվագյուտ օրերը, երբ իր տանը հյուրեր չկային, և մուսաները այցելել էին իրեն:

Աշխատում էր երեկոները, այն ժամերին, երբ տան փոքրերը քնած էին, իսկ մեծ երեխաները, քաշված իրենց սենյակները, հաջորդ օրվա դասերով էին զբաղված:

Ընդարձակ մի գրասեղան ուներ, որի արկղների մեջ էր պահում գրելու ընտիր թուղթ և իր զավակներին հատկացված փոքրիկ ծոցատետրերը: Սեղանի վրա ուներ մի գեղեցիկ թանաքաման և եղջերուի փոքրիկ մի արձան: Գործ էր ածում ծայրը տափակ գրիչ, որի տակից դուրս էր գալիս իր այնքան ինքնահատուկ, խոշոր ձեռագիրը: Սովորական ծավալով թղթի մեկ էջի վրա հազիվ 7-8 տող էր գրում իր խոշոր գրերով: Գրածը քիչ անգամ էր սրբագրում:

Գրասեղանից դեպի աջ իր ամենից ավելի սիրած հեղինակների հատորներով լիքը պահարանն էր, եթե ձեռքը մեկներ, առանց տեղից շարժվելու կարող էր ուզած գիրքը վերցնել:

«ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ»

Կենսագիրներն ասում են, որ Հովհ. Թումանյանը շատ կանուխ է սկսել բանաստեղծություններ գրել՝ գրեթե 10-11 տարեկանում:

Իր գրվածքները հրատարակելու առաջին փորձերը, սակայն, արել է 80-ական թվականների վերջին և 90-ականների սկզբին:

Առաջին անգամ իր «Շունն ու կատուն» հրատարակելու համար Հովհ. Թումանյանը դիմել է այն ժամանակվա մեր ամենալավ գրական ամսագրի՝ «Մուրճի» խմբագիր Ա. Արասխանյանին:

Ա. Արասխանյանը եվրոպական կրթություն ստացած, վերին աստիճանի քաղաքավարի և մի քիչ էլ չափից ավելի բարեմիտ, բայց գրական ճաշակից զուրկ մարդ էր: Հակառակ իր բարեկրթության, Ա. Արասխանյանը հուզվել, վրդովվել է, որ վարդից ու սոխակից դուրս ուրիշ բաներ էլ և այն էլ շուն ու կատվի նման բաներ կարող են բանաստեղծության նյութ դառնալ:

– Տարօրինակ բան է, ինչպե՞ս կարելի է շան ու կատվի մասին բանաստեղծություն գրել:

Փորձեցեք մի քիչ ավելի հարմար նյութեր ընտրել, պարոն,- ասել է «Մուրճի» խմբագիրը, Թումանյանին վերադարձնելով «Շունն ու կատվի» ձեռագիրը:

Տասը տարի հետո, 1900-ական թվականների սկզբին, ընդհանրապես Կովկասում և մասնավորապես Թիֆլիսում չկար դպրոցական տարիքի մի հայ մանուկ, որ կամ կարդացած չլիներ, կամ անգիր չարտասաներ Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն»:

Ինչպես Թումանյանի տունը գիշեր ու ցերեկ բաց էր ամենքի առաջ, այնպես էլ ամեն դուռ բաց էր սիրված բանաստեղծի առջև:

Այն բազմաթիվ տներում, ուր պատվով և ուրախությամբ ընդունված էր Թումանյանը, երեխաները, անշուշտ, գիտեին «Շունն ու կատուն»: Տանտերերը սովորաբար շտապում էին բանաստեղծին ներկայացնել իրենց զավակներին և բացատրել, թե՝ «գիտե՞ք, սա այն հորեղբայրն է, որ գրել է «Շունն ու կատուն»:

– Մի բան գրեցինք, կրակն ընկանք, ախպե՛ր,-ծիծաղելով գանգատվում էր Հովհ. Թումանյանը:- ՈՒր որ գնում եմ, հերն ու մերը բերում են իրենց երեխեքը և ասում. «Սուրե՛ն, Լևո՛ն, Աստղի՛կ, գիտե՞ք ով ա եկել մեր տունը՝ «Շունն ու կատուն» գրողը: Էս հորեղբայրն ա գրել «Շունն ու կատուն»: Մին մին էլ պատահում ա, որ էնքան են վռազում, որ էլ չեն ասում թե «Շունն ու կատուն» գրող հորեղբայրն ա եկել, այլ թե՝ «շու՛տ, շու՛տ եկեք, երեխե՛ք, «Շունն ու կատուն» ա եկել»: Էսպես էլ խայտառակությու՜ն…

Հովհ. Թումանյանի սերը դեպի իր զավակները տարածվում էր նաև իր ընտանիքից դուրս բոլոր մանուկների վրա: Թումանյանը սիրում էր մանուկներին և սիրված էր մանուկներից:

Սիրում էին մանուկները Թումանյանին ոչ միայն նրա մանկական գրվածքների այլև մեր բանաստեղծի համակրելի անձի, անուշ վարվելակերպի համար:

Նոր տարվա տոնին Հովհ. Թումանյանը դառնում էր կատարյալ Կաղանդ պապիկ ոչ միայն իր զավակների, այլև իր բազմաթիվ ընկերների ու բարեկամների երեխաների համար: Այնքան շատ էին այդ առիթներով իր գնած խաղալիքներն ու զանազան նվերները, որ երբեմն ստիպված էր լինում կառք վարձել և կառքով տուն փոխադրել գնածները:

Հարյուրավոր տարեց ընթերցողների հիացումը իր գործերով այն հաճույքը չէր պատճառում Թումանյանին, ինչ որ պատճառում էր մի թոթովախոս մանկան շուրթերից իր բանաստեղծությունները լսելը:

Մի անգամ, երբ Հովհ. Թումանյանը մեր տանն էր, իմ ամենափոքր եղբայրը, այն ժամանակ հազիվ հինգ տարեկան, ծայրեծայր արտասանեց Թումանյանի «Անբախտ վաճառականները» բավական երկար առասպելը:

Թումանյանը սաստիկ հուզվեց.

– Է՜սպես էլ բան, էդ ո՞նց ա սովորել էդքան բան:

Հակառակ իր սովորության, այդ անգամ դատարկաձեռն էր եկել և սարսափելի իրար անցավ, խառնչակեց գրպանները, այս ու այն կողմ նայեց, վերջը ճարահատ գրպանից հանեց հինգ ռուբլանոց մի թղթադրամ և գրեթե աղաչանքով դիմեց մորս.

– Գիտեմ, որ արածս լավ բան չէ, բայց խնդրում եմ, տիկին Անուշ, երբ որ քաղաք գնաք, էս երեխեն ձեզ հետ տարեք և ինչ որ ուզի, իմ կողմից իրեն համար առեք էս փողով: Է՜սպես էլ բան, էդ ո՞նց ա սովորել էդքան բանը:

Անկարելի եղավ համոզել իրեն, որ չանի այդ:

– Տո հե՛ր օրհնածներ, ի՛նչ մեծ բան ա խնդրածս, թե որ չանեք, հիմա էս երեխեն կառնեմ, ֆայտոն կդնեմ, կտանեմ բազար և իր ուզածը կառնեմ, պրծավ գնաց,-գրեթե վշտացած պնդեց Թումանյանը:

Մերժելն այլևս անկարելի էր:

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում