Անցնող օրվա հիշատակը

Անցնող օրվա հիշատակը

Փողոցում մեկը ծխախոտ վառեց, և վառիչի կրակը պայծառ գծագրվեց աշնան զրնգուն հեռապատկերում: Ու ես անսպասելիորեն կռահեցի և հասկացա, որ ես տերևների հիշողությունն եմ, որոնք ծառերից հեռանալով՝ իրենց հետ տանում էին նաև ինձ:

Այս պատկերը ինձ հուզեց, և ես, իմ մենության մեջ բարձրացնելով բաժակս, խմեցի անցնող օրվա հիշատակի համար, օր, որն առանց հրաժեշտի լռությամբ նույնպես հեռանում էր ինձանից:

Այո: Աստված ինչպես տալիս, այդպես էլ վերցնում է, և մենք չենք էլ նկատում, թե ինչպես է վերցնում, ինչպես որ չենք հասկացել, թե ինչպես է տվել…

Այդպես նստած մտածում էի՝ սպասելով Ժամանակ տվողին, և ինձ այցելում էին տարաշխարհիկ մտքեր. նյութն ու նյութեղենը դարձել են անհոգի և մի տեսակ իմաստազուրկ, իսկ իմաստնությունը աննյութ է: Եվ թվում է, թե աննյութ է նաև մեզ ապրեցնող հոգին:

Սարսափով մտածում էի նաև, թե ինչ է զգում աշնան մեջ ապրող ծառը, երբ նրա միջով էլեկտրական հոսանք են անցկացնում (այդ պահին տեսնում էի, որ բանվորները տեսանելի այգում նմանակերպ գործով էին զբաղված): Նայում էի ու մտածում՝ ինչպես կահաբեկվի ծառի հոգին և ինչպես կվիրավորվի հոսանքը՝ ինքը, որն, իր կամքից անկախ, սպանում է հավերժական ծառին, ինչպես որ մենք ենք մեր մեջ սպանում Հավերժական մարդուն՝ չափելով անչափելի ժամանակը:

Այդ երբ էր, որ մեկն ասաց.

-Քո ստեղծածը կհանեմ քո դեմ և քո ստեղծածը քո դեմ հանելով՝ կհաղթեմ քեզ:

Ինչ-որ բան, թերևս, այդպես ճաք էր տվել. չէի հասկանում՝ իմ ներսո՞ւմ, թե՞ ինձ անհասու տիեզերքում:

Ես ուզում էի լացել Հավերժական մարդու բախտի համար, ով Տիեզերքի սուրբ հոգու ծնունդն էր, և ում մենք ամեն օր ոչնչացնում ենք մեր մեջ և միջև՝ շարունակ փորձելով ջնջել ճակատագրի անթանաք գիրը:

Ո՞վ էր, որ մահկանացու մարդուն առաջինը հանեց Հավերժական մարդու դեմ…

Ովքե՞ր էին Ժամանակի այդ ահաբեկված հոգիները:

Այնինչ սրճարանում, մենակ նստած, ես շարունակ սպասում էի Ժամանակ տվողին: Գուցե նա է, որ ինձ համար պիտի հաստատի իմ ներկայությունն աշնան կապույտ իրիկվա հրաժեշտի պատրաստ ծառերի մեջ:

Սրճարանում բազմաթիվ մարդիկ էին ծխում, բայց ինչո՞ւ միայն մեկի կրակը մնաց… Ես էլ էի ծխում, բայց իմ կրակը հետագիծ չուներ…

Չգիտեմ ինչ թաքնասացություն կամ թաքնագիտություն էր պետք, որ ես ճանաչեի Ժամանակ տվողին: Գուցե դա այն մարդն էր, որ վառեց իր ծխախոտը կապույտ իրիկվա մեջ, ինքը գնաց՝ թողնելով վառիչի լույսը, կամ գուցե այն տիկինը գեղեցկուհի, ով ինձ ջերմորեն բարևեց, ում ես չէի ճանաչում և աթոռ չառաջարկեցի՝ նստելու ինձ հետ:

Այդ օրը ես երկար սպասեցի և չտեսա Ժամանակ տվողին: Մեղավորը նա չէ: Նա եկավ: Ես էի, որ չճանաչեցի:

Մերուժան Տեր-Գուլանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում