USD
EUR
RUB

Երբ Քրիստոս քեզ համար կդառնա ամեն ինչ

 

Օրերս մի տղամարդ զանգահարեց ինձ ու հարցրեց, թե իրավունք ունի արդյո՞ք Սուրբ Հաղորդություն ստանալու, քանի որ ընկերների հետ վիճաբանել է եկեղեցական որոշ հարցերի շուրջ: Զանգահարողն ասաց, որ ընկերները ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս իր հետ և դա սարսափելի բարկացրել էր նրան:

- Այդ ի՞նչ ես ասում, որդյա՛կ: Մի՞թե չէի խնդրել, որ չվիճես այդ հարցերի շուրջ: Չի՛ կարելի ուրիշին համոզելու համար ափերից դուրս գալ ու վիճել հանուն Քրիստոսի: Մարդկանց հանգիստ թո՛ղ: Իմացի՛ր. ինչ էլ, որ ասես Քրիստոսի մասին, ինչ էլ, որ քեզ պատասխանեն, միևնույն է, ոչ ոք չի կարող խուսափել Նրանից: Դու կգտնես Քրիստոսին: Նա կգտնի քեզ: Խնդիրներիդ պատճառով տանջվելով՝ կփնտրես Նրան և Նա կգտնի քեզ: Էլ ո՞ւմ մոտ պետք է գնաս, եթե ոչ՝ Նրա: Մի՞թե այդպես չէ: Պետք չէ վիճել Տիրոջ համար: Եվ հավատքիդ մասին էլ շատ մի՛ խոսիր: Մի՛ մանրամասնիր: Ես էլ չեմ ուզում այդպես վարվել՝ խոստովանում եմ, որ ծանրանում եմ Նրա մասին այդքան շատ խոսելուց: Կարևորն Աստծո օրենքներով ապրելն է, Քրիստոսի մեջ բնակվելը: Չէ՞ որ Քրիստոս եկավ, որպեսզի կարողանաք Իրենով մեր կյանքը լցնել, ապրել ու վայելք զգալ Իրենից:

Նրա նպատակը «մեր կյանքի կյանքը» դառնալն էր, մեր մարմնի մարմինը, արյան արյունը: Պետք է այն աստիճան մտնենք Նրա ոգու մեջ, որ Քրիստոս ընդունի մեզ: Եվ դրանից հետո միայն Նրա մասին խոսելու իրավունք ունենք: Իսկ մենք միայն դատողություններ ենք անում՝ առանց Նրանով ապրելու: Այնտեղ ենք հասել, որ առանց Քրիստոսի փորձառությունն ունենալու՝ միայն շաղակրատում ենք:

Կհարցնես, թե ո՞ւր եմ տանում խոսակցությունը և ի՞նչ եմ ցանկանում դրանով ասել: Կպատասխանեմ. ես չգիտեմ Քրիստոսին: Վատ է, բայց դա է ճշմարտությունը: Իսկ նրանք, ովքեր առանց Տիրոջը ճանաչելու քննադատում են Նրան… Ո՞ւմ են մեղադրում: Ո՞ւմ են քննադատում: Նրան, ում չե՞ն ճանաչում: Քրիստոս այնպիսին չէ, ինչպես Նրա մասին խոսում են: Նա ուրիշ է: Նա է, Ում այդ քննադատողներից և ոչ ոք չի մոտեցել: Չի՛ մերձեցել, չի՛ տեսել: Եթե Տիրոջն ես տեսնում, այլ ոչ թե շինություններ, մարդկանց, հասարակություններ, համակարգեր, այսինքն այն ամենն ինչ մարդուց է գալիս, եթե հենց Հիսուս Քրիստոսին ես տեսնում, ապա չես քննադատի նրան: Այդ ժամանակ դա անհնարին կլինի: Երբ տեսնես Նրան՝ կզարմանաս, կզմայլվես, կհանձնվես Նրան, որովհետև Նա Տեր Աստվածն է, մեր Արարիչը: Սակայն ասա՛ ինձ, դա ինչպե՞ս պետք է պատահի:

Մենք դառնում ենք քառասուն, հիսուն, վաթսուն տարեկան, բայց դեռ չենք մոտեցել Տիրոջը և դեռ չենք կարող ասել այն, ինչ Պողոս առաքյալն ասաց: Չգիտեմ, թե դու ինչպես, բայց մեզանից շատերն այդպես չեն ապրում: Այդ ի՞նչ խոսքեր են. «Ինձ համար կյանքը Քրիստոսն է, ուստի և մեռնել, նշանակում է շահել կյանքը»: Այսինքն Քրիստոս ամեն ինչ է ինձ համար: Կյանքս անիմաստ է առանց Քրիստոսի: Նա ամեն ինչին իմաստ է հաղորդում, զարդարում է աշխարհը, կյանքս, սիրտս, քայլերս, նախագծերս, գործերս: Իսկ դու կարո՞ղ ես այդ խոսքերն արտասանել: Կարո՞ղ ես ասել, որ ոչ թե դու ես ապրում, այլ Քրիստոսն է քո մեջ ապրում: Եվ որ նա է, քո մեջ բնակվելով, քայլում, խոսում, մտածում, լուսավորում հոգիդ, էությունդ, ղեկավարում մարմնիդ անդամները: Կարո՞ղ ես ասել: Ե՞րբ կարող ես: Անցյալ տարի ասացիր, որ ավելի բարի կդառնաս: Այդ տարին անցավ, հաջորդը եկավ: Ե՞րբ ես այդ քայլն անելու: Ե՞րբ ես փոխվելու:

Ե՞րբ ենք վերջապես արթնանալու: Ե՞րբ ենք դուրս գալու մահվան թմբիրից: Դու լավ մարդ ես, բայց ինձ նման շատերը կան, որ մեղքի լեթարգիկ քնի մեջ են ապրում: Եվ ինչ-որ բան է անհրաժեշտ արթնանալու և առաջ գնալու համար: Նրանք ոչ միայն գարնանն են հոգնածություն զգում, այլև՝ ձմռանն ու աշնանը: Ողջ տարին քնահարության ու անտարբերության մեջ են, սպանում են իրենց հոգու և մարմնի բջիջները: Ի՞նչ է կատարվելու: Մեր կյանքն ինչպե՞ս է փոխվելու: Ինչպե՞ս ենք մոտենալու մեր Արարչին ու Դատավորին, ինչպե՞ս ենք Քրիստոսի ընկերները դառնալու: Չեմ հասկանում ու չգիտեմ, թե դա ինչպես է լինելու:

Վերջերս մի մարդ պատմեց, որ իր հոգսերով տարված, այնքան մտազբաղ էր քայլել փողոցում, որ հազիվ էր խուսափել վրաերթի ենթարկվելուց: «Իմ հոգսերով էի տարվել, բայց մեքենայի ազդանշանն արթնացրեց ինձ»:

Ես էլ ինքս ինձ ասում եմ. իմ սիրելի՛ Քրիստոս, ե՞րբ պիտի ամեն ինչ մոռանամ Քո հանդեպ տածած սիրուց:

Եթե որևէ խնդիր կարող է քեզ խելագարության հասցնել, եթե աշխարհիկ ուրախությունը քեզ ստիպում է մոռանալ ամեն ինչ, ապա պատկերացրու, թե ինչ կզգաս, երբ ճշմարտապես սիրես Աստծուն: Կթռչես այնտեղ, կփոխադրվես բոլորովին այլ վայր, կզգաս այն, ինչ Հայր Սոֆրոնին (Սախարով): Մի անգամ նա մոլորվեց Ֆրանսիայում ու ամբողջ երեք ժամ թափառում էր, որովհետև ջերմեռանդ աղոթքից կորցրել էր հիշողությունը: Մոլորվել էր, չնայած որ ուսյալ և իմաստուն մարդ էր, այլ ոչ թե ինչ-որ հիմար մեկը, որ չիմանար, թե որտեղ էր գտնվում: Նա շատ իմաստուն մարդ էր: Սակայն աղոթքն իմաստուններին էլ է վերացության մատնում: Այն նույնիսկ ամենաիմաստուններին է վերափոխում ու ստիպում մոռանալ, թե որտեղ են գտնվում և այնպիսի ուրախություն է պարգևում, որ մոռանում են ճանապարհն ու չգիտեն, թե որտեղ են գտնվում այդ պահին: Հասկացի՛ր: Եվ սա ամենևին քեզ հուսահատության մատնելու համար չեմ ասում, այլ որպեսզի մտածես: Մենք այստեղ ժամանակ չենք սպանում: Ինչ-որ այստեղ ասվում է՝ պետք է մեզ սովորեցնի թողնել գործերը և ոչ թե միայն մեկ օրով՝ մտածելով ուղղակի լավ ժամանակ անցկացնելու և ինչ-որ հոգևոր բան լսելու համար: Սրանք լուրջ խոսքեր են, որ ճիշտ ըմբռնելու դեպքում կենդանություն կհաղորդեն մեր սրտին ու առ հավատ ունեցած մեր վերաբերմունքը կփոխեն: Եվ ուղղակի գեղեցիկ բառեր չեն, որ ընդունված է լսել, բայց եթե դրանց չհետևես, ապա աշխարհի վերջը կլինի: Սրանք ամենակարևոր հարցերն են, որոնց հիման վրա դատվելու ենք, որոնք մեր առջև են կանգնում մահվան պահին: Հասկանո՞ւմ ես:

Հանուն ինչի՞ ես ապրում: Որպեսզի ամուսնանա՞ս, մեքենա և տուն գնե՞ս, երեխաներ ունենա՞ս, բարձրագույն կրթություն ստանա՞ս: Մի՞թե հանուն դրա: Ինչի՞ համար ես ապրում: Ի՞նչ ես ուզում հասկանալ այս աշխարհում: Ինչո՞ւ ես ծնվել: Որտե՞ղ է կյանքդ ավարտվելու: Ո՞ւմ ես ուզում հանդիպել այս աշխարհում: Եկել ես ո՞ւմ գտնելու, ո՞ւմ հետ միավորվելու: «Ամուսնուս հետ»,- կպատասխանի կինը: Եվ այդ միությունն առանց Քրիստոսի ինչպե՞ս պետք է լինի: Շատակերության, ձանձրույթի, քայքայման մեջ և վերջում՝ մահ: Նա, ում սիրում ես, ժամանակավոր է: Եթե նա մի քանի օր չլողանա ու չլվացվի, ապա չես կարող կողքին կանգնել: Ծնվել ես, որպեսզի ժամանակավո՞րը սիրես, հո՞ղը:

Դե իհարկե, ո՛չ: Ծնվել ենք, որպեսզի Տիրոջը սիրենք, որպեսզի ճանաչենք Աստծուն՝ մեր Արարչին: Տերը քեզ կյանքի ուղեկից է տալիս, ընկեր, կին կամ ամուսին, երեխաներ, պարգևում է այն ամենն, ինչ շրջապատում է քեզ, որպեսզի հենց դո՛ւ ասես. «Շնորհակալ եմ, Տե՛ր, շնորհակալ եմ: Հարկ է, որ դեպ Քեզ գամ ու մոտ լինեմ Քեզ»: Մեր կյանքի նպատակն Աստված է: Ապրում ենք, որպեսզի Քրիստոսի կողքին լինենք: Ապրում ենք Աստծուն ճանաչելու համար: Անհաջողության կմատնվենք, եթե այդպես չվարվենք:

Այնպիսի բան չեմ ասում, որ չգիտեմ: Հոգու խորքում դու էլ ես հասկանում: Խոստովանության ժամանակ կասես. «Հա՛յր Սուրբ, ամեն ինչ փորձել եմ ու հագեցել: Հոգնել եմ ամեն ինչից ու հուսահատվել»: Իսկ ես կպատասխանեմ. «Հրաշալի է, որ հուսահատվել ես: Քրիստոսի ժամն է գալիս, որ հույսդ Նրա վրա դնես ու Նրան հնազանդվես: Նա հնազանդեցնում է մարդուն, երբ վերջինս բոլորովին հուսահատվում է: Դու ուտում էիր, խմում, զվարճանում, գիշերային կյանքով ապրում, հարբում, անառակության մատնվում: Ամեն ինչ փորձել ես: Իսկ այժմ խոնարհաբար գալիս և Աստծո ողորմածությունն ես խնդրում: Գալիս ես, որովհետև ներսիդ դատարկությունը ոչնչով չի լցվում»:

Մենք՝ քրիստոնյաներս, եկեղեցականներս, դժբախտ ենք, բազմաչարչար, նզովյալ ու դժգոհ: Մենք՝ քրիստոնյաներս, կարոտում ենք աշխարհիկ կյանքը, որովհետև դրանով չենք ապրում: Եվ այնքան քիչ ենք նայում Քրիստոսին՝ մեկ աչքով միայն, իսկ մյուսով ուրիշներին ենք նայում ու մի քիչ նախանձում: «Իսկ մենք զրկված ենք ամեն ինչից»: Իսկ ինչի՞ց ես զրկված: Ի՜նչ թշվառ կյանքով ես ապրում… Ամենասարսափելին այն է, որ նեղվում ես, որ քրիստոնյա ես ու քրիստոնյայի պես ես վարվում: Դու քրիստոնեավայել չես ապրում, չես վայելում այդ կյանքը: Ուրեմն մի՛ էլ վարվիր այդպես, ա՛յլ կերպ ապրիր: Փորձիր ինքդ քեզ հետ ազնիվ լինել, կամ ուրախացիր Քրիստոսով ու Նրանով ապրիր, կամ… էլ ի՞նչ ասեմ քեզ: Մտածի՛ր, լո՛ւրջ վերաբերվիր դրան, որովհետև կիսաքրիստոնյա լինելը քեզ ուրախություն ու երջանկություն չի պատճառի: Ընտրի՛ր, կամ Քրիստոսի հետ պիտի ապրես ու Նա սրտիդ ու ամեն բջիջիդ մեջ կմտնի, կամ անվերջ զայրանալով՝ կիսատ կյանքով կապրես, որ իր մեջ դժոխք, տառապանք ու տանջանք է պարունակում: Դու նման ես մի մարդու, ով ուղղաթիռի ելքի մոտ կանգնած, պարաշյուտը պատրաստելով՝ հարցնում է. «Թռչե՞մ այդ դատարկության մեջ, թե՝ ոչ»: Դե, որոշի՛ր ինչ անել:

«Ջարդուփշուր կլինեմ»,- մտածում ես դու: Բայց եթե թռչես, պարաշյուտը կբացվի և ներքև թռչելով՝ կվայելես թռիչքը, կտեսնես անծայրածիր երկինքը: Վերջապես որոշում կայացրո՛ւ, գործի՛ր: Իսկ դու դեռ երկմտում ես և չգիտես, թե ինչ անել: Մի քիչ Եկեղեցի և մի քիչ էլ ուրիշ բան՝ ուղղակի տառապանք է: Բայց այն մարդիկ, ովքեր ամեն ինչ փորձել են աշխարհում, մեղքերի հետևից են գնացել, խճճվել են դրանց մեջ, կշտացել են դրանցից՝ գալիս են դեպի Քրիստոսը:

Մի մարդ եկավ Հայր Պորֆիրիոսի մոտ ու ասաց.

- Հա՛յր, ամեն ինչ փորձել եմ, կուշտ եմ ամեն ինչից, հիասթափվել եմ:

Եվ նա պատասխանեց.

- Գիտե՞ս, թե ինչու ես այդպես տուժել: Որովհետև մարդկանց մեջ և աշխարհում փնտրել ես այն, ինչ նրանք չունեն:

Դու ևս, մարդկանց մեջ մի՛ փնտրիր այն, ինչ չունեն: Չես կարող աշխարհում փնտրել այն, ինչ այնտեղ չկա: Բոլորը տալիս են միայն այն, ինչ ունեն: Բայց ի՞նչ ունեն: Քայքայում, ցավ, անկայունություն, վիշտ, դատարկություն: Բոլորս էլ մարդ ենք: Ի՞նչ ես ակնկալում, երբ գալիս ես ինձ հետ խոսելու: Ես էլ եմ մարդ, ես էլ կհիասթափեցնեմ քեզ, կհոգնեցնեմ, կձանձրացնեմ: Ժամանակը կգա և ինձանից էլ կհոգնես: Ես էլ եմ մարդ:

Դու համեղ և կուշտ սնվում ես, խմում, զվարճանում, գիշերային կյանքով ապրում, առավոտյան արթնանում ես և գլուխդ դատարկ կաթսայի պես գվվում է: Ի՞նչ ես սպասում այս աշխարհից: Քեզ ի՞նչ է տալու: Շատ քիչ բան: Միայն Աստված կարող է ամեն ինչ տալ, միայն Աստված կլցնի հոգիդ: Այդ պատճառով էլ ասում է քեզ. «Սրտիցդ ներս թող Ինձ, գիրկդ բաց արա Իմ առջև, ամուր սեղմիր Ինձ կրծքիդ, ջերմորեն սիրիր Ինձ և ուրախացիր»:

Եվ եթե այդպես վարվես, ձգվես դեպի Քրիստոսն ու Նրան սրտիդ մեջ պահես, կյանքդ Նրան նվիրես և ոչ թե մարդկանց կամ իրերին, կամ արարածներին, այլ՝ Տիրոջը, Ով երջանկության Աղբյուրն է, ապա քեզ այնքան լավ կզգաս, ինչպես այն մարդը, որ Էվբեայից զանգահարեց ինձ ու ասաց.

- Ես շատ երջանիկ մարդ եմ, որովհետև սիրում եմ Տիրոջը:

Իսկ ես ասացի.

- Ուրախ եմ քեզ համար: Ինչո՞վ ես զբաղվում:

- Ոչնչով:

- Ինչո՞ւ:

- Որովհետև կաթված եմ ստացել:

- Այդ դեպքում ինչո՞ւ ես քեզ շատ երջանիկ զգում:

- Որովհետև սիրում եմ Տիրոջն ու Նա է լցնում իմ կյանքը:

- Անդամալո՞ւյծ, հաշմանդամի սայլակո՞ւմ:

- Ո՛չ, ես անկողնուն եմ գամված:

- Եվ ի՞նչ ես անում:

- Ոչինչ:

- Ինչո՞վ ես զբաղվում:

- Ոչնչով: Չեմ կարող աշխատել, ոչ մի տեղ չեմ կարող գնալ: Եվ փառաբանում եմ Աստծուն, որովհետև անցյալ տարի ընդհանրապես չէի կարող շարժվել: Բայց այժմ, բժիշկների շնորհիվ, արդեն կարող եմ գլուխս մի փոքր շարժել: Ես փառաբանում եմ Քրիստոսին ու շնորհակալություն հայտնում Նրա սիրո համար, որովհետև եթե նախկինում ճանճը ճակատիս էր նստում, ապա ստիպված էի սպասել մինչև մայրս կամ որևէ մեկը մոտենար ու քշեր, իսկ հիմա ես եմ քշում: Ես սիրում եմ Աստծուն ու շնորհակալ եմ Նրան, դա ինձ ուժ և համբերություն է տալիս:

Այսպիսին է Քրիստոս… Դե, պարո՛ն լրագրող, հայտնի՛ր այդ մասին լուրերում: Ես չեմ ուզում այդ մասին խոսել, ես հոգևորական եմ և չեմ ուզում «մարդկանց ուղեղները լվանալ»: Անդամալույծը պատմեց դա: Փորձիր մխիթարել այն մարդուն, ով նույնիսկ ճանճը չի կարող քշել իր ճակատից: Մխիթարիչ ու հուսադրիչ որևէ բան ասա նրան: Ես նրան չմխիթարեցի, քանի որ արդեն ասացի, որ ես միայն ձանձրացնում եմ: Տերն Ինքը գտավ նրան: Դե արի՛ ու տե՛ս նրան: Արի՛ ու տե՛ս, թե Քրիստոս ինչպես է լցնում մարդկանց սրտերը, մտնում նրանց սրտերից ներս: Արի՛ ու տե՛ս ապաշխարողների արցունքները, որոնց սրտերն է մտել Քրիստոս ու կրկին ծնունդ տվել նրանց: Արի՛ և այդ արցունքներին նայիր: Դրանք այն արցունքներն են, որոնց մասին մշտապես հարցնում ես. «Ինչո՞ւ է այդ մարդն արտասվում»: Բայց դու չես արտասվում, քանի որ կյանքիցդ հոգնած քրիստոնյա ես: Չես արտասվում, որովհետև հոգնել ես ամեն ինչից: Նույնիսկ այն բանից ես հոգնել, ինչը դեռ չես զգացել: Քո կյանքը ողբերգություն է: Եվ դու էլ ինձ պես չես պայքարում, ջանք չես թափում, չես ապրում Քրիստոսի հետ և չգիտես, թե ինչ ես կորցնում: Դու դրախտում ես և չես վայելում այն: Նայում ես արգելված պտուղին, այլ ոչ թե այն պտուղներին, որ Տերն է տվել քեզ, որպեսզի վայելես դրանք: Որոշ զրկանքներն ես տեսնում և ասում. «Եկեղեցին միայն «չի կարելի»-ն գիտի»:

Ի՞նչը «չի կարելի»: Մի՞թե դրա մասին ենք խոսում: Եկեղեցին բավականություն է, «այո» է, Քրիստոսի փորձառությունն է, փորձառության զգացողությունը: Այն շոշափելի է, այն Քրիստոսի մարմինն ու արյունն է, Աստծո հպումը, մի զարմանալի հրաշք է: Այն ամեն ինչ է:

(Շարունակելի)

Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan