Ավետիք Իսահակյան․ Սաադիի վերջին գարունը

Ավետիք Իսահակյան․ Սաադիի վերջին գարունը

Գարուն էր:

Մեկը այն անհամար գարուններից, որ զարդարել են երկիրը, և որոնցից հարյուր հատ ապրեց երջանկության և տխրության բանաստեղծը՝ Սաադին:

Առավոտ շատ վաղ զարթնեց Սաադին. իջավ պարտեզը, որ ծաղկում էր Ռոքնաբադ գետի ափին: Նորից լսելու համար բլբուլների երգը և տեսնելու համար գարնան հրաշքը:

Նայեց Շիրազի դաշտին, որ մանկության շնորհներով ու վարդերով պճնված՝ վաղորդյան նիրհն էր առնում՝ պարուրված բուրալից ճերմակ շղարշներով:

Նստեց ծաղկած հասմիկի տակ, Սպահանի գորգի վրա, և բռնեց դողդոջ մատներով վարդենու նոր բացված կարմիր-կանաչ կոկոնը և մրմնջաց յուրովի.

«Ինչպես մատաղ աղջիկը ժպտում է գգվող սիրեկանին, այնպես էլ վարդը իր շրթերն է բանում առավոտյան հովիկին»:

Թեև շա՜տ ծերացել էր Սաադին, սակայն նրա հոգին երազի աչքերով և ականջով երազի՝ տեսնում էր ու լսում աշխարհի չքնաղ իրերն ու ձևերը, երգերն ու լռությունը անհայտ ոլորտների, որովհետև տակավին զրույց էր անում նրա հետ բանաստեղծության կախարդ ոգին – Զմրուխտ թռչունը, որ իր հավերժական բույնն էր կերտել Կաֆ լեռան գագաթին, աստղերի մեջ…

Երգում էին բլբուլները՝ գորշ զգեստ հագած և լուսեղեն աչուկներով. երգում էին իրենց դյութական ռուբայաթները սիրո կրակով կրակված, – ու երգում էին Սաադիի սրտի մեջ:

Քնքուշ հովը վարդերի ականջներին կուսական շնչով բարևագրեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սիրահար վարդերից, – և կարդում էր Սաադիի հոգին սիրո բարևագրերը…

«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը: Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով: Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով», – հիշեց Սաադին իր հին խոսքերը:

Ականջը բլբուլների երգերին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ սուզած՝ ծծեց Սաադին հեշտության բույրերը, և բույրերով գինովի՝ աչքերը գոցեց. – և տեսավ աշխարհը իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի:

Տեսավ Հնդու խաղաղության գետերը սրբազան լոտոսներով օծուն:

Տեսավ իմաստուն փղերին, որ խորհում են մթին ջանգյալների մեջ:

Եվ Դեհլիի ոսկեդիպակ ապարանքների մեջ սիգաճեմ աղջիկներին տեսավ՝ գիշերագեղ մազերի մեջ կարմիր նունուֆարներով:

Տեսավ Թուրանի մրրկաշունչ տափաստանները և մրրիկների մեջ խոյացող ամեհի հելուզակներին՝ կայծակե թրերով:

Տեսավ նույնպես անապատը բոցակեզ, բեդվինների նժույգների վազքը սրարշավ առյուծների ետևից՝ արծիվների թևերի տակ:

Եվ երկյուղած ուխտավորների անծայր քարավաններ տեսավ. Աղոթքով ու երգով Մեքքայի դարբասների առաջ նրանց ծունկի գալը:

Եվ տեսավ Մսրա աշխարհի հնագեղ հրաշքները և կապույտ ծովերի ծփուն բյուրեղը: Եվ Դամասկոսի թավիշ աղջիկներին, լուսնկա մարմնով, որոնց երկար ու քնքուշ ձեռները, մանյակի պես, փաթաթվել էին երիտասարդ Սաադիի պարանոցով…

Սաադին հառաչեց՝ աչքերը բանալով.

– Ավա՜ղ, անցավ հարյուր տարիս մի գիշերվա երազի պես, թռավ թեթև մի վայրկյանի մեջ, որովհետև դուք միշտ ուղեկցում էիք ինձ, ո՛վ հեքիաթ, ո՛վ բլբուլներ ու վարդեր, և դո՛ւք, վարդերի քույր շնորհագե՛ղ աղջիկներ…

Երկնքի երփնավառ պարտեզների միջից դուրս բխեց արեգակը, և հուրհրացին ամեն թերթ ու փերթ, ամեն քար ու գուղձ, որովհետև գիշերը ադամանդի փոշի էր շաղ տվել բոլոր նրանց վրա:

Սաադին նայեց շուրջը խորունկ ու հետաքրքիր հայացքով. Նայեց երկնքի կապույտ վրանին՝ արշալույսի մեջ թաթախուն, ոսկու մեջ ճախրող թռչուններով:
Նայեց այնպես զարմացած և սքանչացած.

– Այո՛, հրաշք է աշխարհը, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի:

Եվ ամեն օր նայում եմ աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես առաջին անգամն եմ տեսնում աշխարհը. – աշխարհը՝ առօրյա և միշտ հիասքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող:

Սաադին նորից նայեց աշխարհին. տարերքի այս բազմազան ու հրաշազան խաղին, երբ աչքին ընկավ երկու տատրակ, որ կարմիր տոտիկներով շրջում էին կանաչ մարգերի վրա, քաղցր գըվգըվալով. և նորից խոսեց իր սրտում.

– Կախարդված է աշխարհը, և բոլոր իրերը հմայված են մի անտեսանելի վհուկի դյութական գավազանով, և հեքիաթացած է ամեն բան:

– Աշխարհը գլխիվայր հոսում է, քայքայվում է ու ձևալուծվում, և ի՞նչն է, որ նորից կերտում է ու կաղապարում այս հոյակապ աշխարհը, և մեր հոգու շուրջը փռում այս հրաշքն ու հեթիաթը:

Ո՞վ ստիպեց եղնիկին, որ պապակ սրտով մագլցի սեպ ժայռերը՝ եղջյուրները քարերին փշրելով ու տարփալից մռնչյունով թավուտները թինդ հանե:

Ո՞վ ստիպեց, որ վարդը ճեղքե իր զմրուխտյա զրահը և բուրե հեշտագին:

Ո՞վ ստիպեց մարդուն, որ անհայտից բխե ձև ու հոգի առած՝ մտածելու և տառապելու համար. զգալու հուրը մեզ այրող ըղձանքի և չըփափագի երբե՛ք մեռնելու:

Ո՛վ սեր, դո՛ւ անպարտելի ստիպմունք, դո՛ւ քաղցր բռնություն. ես վաղո՜ւց ճանաչում եմ քեզ: Սակայն բնավ չհասկացա քո խորքն ու խորհուրդը…

Եվ տեսանողի հոգով նախազգաց Սաադին, որ այս վերջին գարունն է, որ ինքն ապրում է:
Վերջի՛ն գարունը:

Պարտեզի դռնակը բացվեց:

Սպիտակ շղարշները հովին ծփծփուն՝ ներս մտավ Նազիաթ, Սաադիի սիրած շիրազուհին, որ միշտ այցի էր գալիս ծերունի բանաստեղծին:

Նազիաթի գինեվետ շրթները և հոլանի թևերի լույսն ու կրակը շա՜տ անգամ արևազարդել էին դարևոր Սաադիի անքուն գիշերները:

Սաադին սիրում էր նրան իր անթառամ սրտի երիտասարդ ավյունով, և ոսկի բառերով քանդակել էր նրա պատկերը անմահ «Գյուլստանի» մեջ:

Նազիաթ՝ վարդերի փունջը գրկին, մոտեցավ բանաստեղծին և վարդաբույր ձայնով ողջունեց:

Տխուր էր Սաադին: Հառաչանքը թրթռում էր նրա գունատ շրթներին:

– Ինչո՞ւ ես տխուր, դո՛ւ, ամենաերջանիկը մահկանացուներիս մեջ: Ինչո՞ւ ես տխուր:
Սաադին լուռ էր:

– Ես սիրում եմ քո տխրությունը, ո՛վ Սաադի, իմաստուն է քո թախիծը. և դու ասել ես քո աստվածային լեզվով, թե մարգարիտը վերքից է, որ կծնի, և խունկը այրվելով է, որ իր անուշ հոգին կբուրե:

Սաադին նայեց Նազիաթին դալուկ ժպիտով:

– Տե՛ս, վարդեր եմ բերել քեզ համար, իմ պարտեզի թավիշ վարդերից:

Եվ ծերունուն պարուրեց վարդերով և լուսեղեն մատներով շոյեց բանաստեղծի ճակատի մռայլը:

– Քո շնորհած վարդերը, ո՛վ դրախտի աղջիկ, աշխարհի ամենաչքնաղ վարդերն են եղել միշտ և երբեք չեն թառամել:

-Այո՛, Սաադի. «Ինչո՞ւ վարդը հոտոտելիս խորհել նրա վաղանցուկ շնորհի մասին: Պահի՛ր հիշատակը բույրի, և դյուրին կլինի մոռանալը, որ վարդը թառամած է վաղուց»:

Արծաթի ձայնով արտասանեց Նազիաթ բանաստեղծի վաղեմի խոսքերը:

Եվ նրա երազաբույր վարսերը գգվեցին Սաադիի դեմքը, երբ Նազիաթ ծունկի եկավ բանաստեղծի մոտ, և պարտեզում մի անուշ հով ծիածանի թևերը թափահարեց Սաադիի գլխի վերևը – այդ Զմրուխտ թռչունի չքնաղ թևերն էին, որ ծուփ եկան, երբ Սաադին դողդոջ մատներով շոյեց Նազիաթի երազաբույր վարսերը:

Եվ ապա Սաադին հոգու խորին հատակից նայեց մեկ՝ իր շուրջը բռնկած հեքիաթ-աշխարհին, մեկ՝ իր առջևը՝ լուսաժպտուն հրաշք-աղջկան, և զգաց տաք արցունքի մի կաթիլ իր հին սրտի մեջ, և բռնելով աղջկա փոքրիկ ձեռքը, համբուրեց ու դրեց լացող սրտի վրա՝ ասելով.

– Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»-իս հետին էջի վրա իմ այս վերջին խոսքերը.

«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»:

1923թ.
Վենետիկ

Հետևեք մեզ նաև Telegram-ում