USD
EUR
RUB

Վահագն Դավթյան՝ Համո Սահյանին

 

Աշնանային մի օր, այցելեցի քեզ հետ
Լեռների մեջ կորած ծննդավայրը քո:

Մի փրփրած, ճերմակ, սանձակոտոր մի գետ
Մեզ ուղեկից եղավ ու բամբ սրտմտանքով
Առասպելներ պատմեց ամբողջ ճանապարհին:
Նա ալևոր բաշը զարկեց ժայռին, քարին,
Այդ ժայռերից, քեզ պես, ծիածաններ հանեց,
Քեզ պես անցած բոլոր ճամփաներին ցանեց,
Ցանեց թեթև, շռայլ, անանձնական...

Նայում էի անվերջ, չգիտեի սակայն,
Քարափնե՞ր են արդյոք, թե՞ ավերված բերդեր,
Որ Սյունիքի ըմբոստ որդիք էին կերտել
Ընդդեմ չարի, մահու և ոսոխի:

Լանջերն ի վեր բոցն էր աշնանային հողի,
Ու երկինքն այդ բոցի կապույտ լեզուն:

Այդ երկնքում ցոլաց բարդու կատարը սուր,
Ու երևաց հետո քարե խոնարհ մի գյուղ:

Գյուղի շուրթին ծուխ կար, թեթև ու նուրբ մի ծուխ,
Որ բարձրանում էր վեր ու կապույտով ներկում Կապույտները վերին:

...Ես նայեցի հանկարծ քո աչքերին:
Խոնավ էին նրանք, որդիաբար խոնարհ,
Խոնարհ էին այնպես, այնպես էին խոնավ,
Որ այդպիսի աչքեր չէի տեսել բնավ:

Մեր մեքենան հետո սահեց գյուղամիջով,
Վանքի մոտով անցանք, որ իր բերված խաչով
Համրացել էր վաղուց ու մոռացել վաղուց
Իր աղոթքը, խունկը, տոնը վարդավառի:

Աշնանային հարուստ իր ավարի
Հրակարմիր ոսկին ալիքներին խառնած,
Լորագետն էր փախչում գյուղամիջով:

Մանուկները գյուղի՝ զանգակաձայն ճիչով
Մեզ ուղեկից եղան, մինչ ամպի հետ փոշու
Մենք կանգ առանք մի հին տնակի դեմ:

Քարե անտաշ մի տուն, քարե մաշված մի սեմ
Ու թիռ-թրթռացող մի նաիրյան բարդի...
Ոչ ծաղիկներ բուրող ու ոչ թփեր վարդի,
Ինչպես գրել էիր դու երգերի մեջ քո...

Տունը հենվել ծառին իր կորացած մեջքով,
Մրմնջում էր ասես նաիրյան երգ մի հին...

Տան դռնակը բացեց ինքը՝ Սահակ դային
Եվ կանգ առավ մի պահ սեմի վրա... Եվ ի՞նչ,
Ուրախության կա՞յծ էր, թե՞ արտասուք էր ջինջ,
Որ մի վայրկյան միայն աչքերի մեջ շողաց,

Հետո հանգավ իսկույն, այնտեղ թաքուն թողած
Մի այրական գորով. -Եկա՞ր, որդի...
Ծառից կապված հորթը որոճալը թողեց,
Ու թախիծ կար ասես աչքերի մեջ հորթի...

Հետո՞... Հետո բակում մայեց մորթվող մի գառ,
Իրիկնային մուժում շողաց կրակ մի թեժ,
Բաժակներում շողաց հոնի վճիտ օղին:

Ես լուռ նայում էի իրիկնային գյուղին
Ու լեռներին դեմի, որ կատարներն իրենց
Ձորերն վեր ելնող մուժով էին փակում:

Քո հայացքը դանդաղ թափառում էր բակում
Եվ որոնում ասես կորած մի բան... Բայց ի՞նչ...

Թփերի տակ կորած մանկութ ծիծա՞ղ մի ջինջ,
Հուշի ոսկե փշու՞ր, թե՞ ստվերն այն ձեռքի,
Որ իլիկ է մանել մի օր այս հին բակում,
Սակայն ու՞ր է հիմա... Հարցում արա հողին...

Բաժակներում ցոլում հոնի վճիտ օղին
Ու սակայն չէր ցրում մեր լռությունն, ավաղ...

Բակի բարդիները խշշում էին խաղաղ
Եվ աստղերի տխուր աչքերի մեջ նայում:

Մորմոքում էր մթնում մի լալագին մայուն,
Երևի գառ մի խեղճ իր մորը չի գտել...

Ու ձգվում է, ձգվում հուշի բարակ մի թել,
Մի կածան է ձգվում ու տանում է ինձ... Ու՞ր...

Ախ, այնտեղ էլ, այնտեղ մի գետակ կար մաքուր,
Ու բարդիներ կային... Ես հազիվ եմ հիշում...

Ու ես գիտեմ հիմա, որ գետակն այդ խշշում
Եվ գնում էր, թափվում Եփրատի մեջ վարար:

Ու՞ր ես, ու՞ր ես, կորած ծննդավայր,
Քարե անտաշ իմ տուն, հեռվում ի՞նչ ես անում...
Տեսնես, մեր հին բակում կապույտ եղրևանու
Թուփը բուրու՞մ է դեռ, թե կտրել են վաղուց:

Մեր թթենին արդյոք հովերի հետ խաղու՞մ
Ու խշշու՞մ է արդյոք, թե չորացել ցավից
Եվ չի մաղում հողին իր պտուղը բարի...

Ի՞նչ իմանաս... Չկա իմանալու հնար...

Ինչու՞ այնպես եղավ, որ աշխարհում
Ես կարող եմ հիմա ամենայն տեղ գնալ,
Լոկ չեմ կարող գնալ հայրենի տուն:

Բարդին օրորում է իր կատարը տրտում
Եվ չի պատասխանում, ախ, ի՞նչ պատասխանի:

Լինե՜ր, այնպես լիներ, որ չլիներ սահման,
Եվ չլիներ սյունը այն սահմանի,
Ու ելնեինք մի օր, նախ մտնեինք Անի,
Ծունկի գայինք քարե մասունքների առաջ,
Համբուրեինք Անին, Անին՝ քարե հառաչ,
Անին՝ քարե մորմոք, Անին՝ թախիծ քարե,
Ու լռեինք, ինչպես ինքն է լռում դարեր...

Սլանայինք հետո Կարսի ճանապարհով,
Ու նա՝ հազարամյա՝ ելներ դեմից,
Այնտեղ մի տուն կա հին՝ "շինված անտաշ քարով",
Որոնեինք տունն այդ, համրանայինք սեմին:
Ու փնտրեինք նրա որմերի մեջ քարե
Պատանությունն այն խենթ բանաստեղծի,
Որ ներբողեց մի օր Արփենիկ ու արև
Ու մորմոքը երգեց մեր նաիրյան թախծի:

Լինե՜ր, այնպես լիներ, որ հետո խենթ մի գետ՝
Մեր երակը, մայրը, Արածանին,
Մեզ ուղեկից լիներ. զրույց բանար մեզ հետ,
Եվ ունկնդիր նրա ահեղ ձայնին,
Սլանայինք Մշո դաշտի միջով մուժոտ,
Ու նա զարթներ կրկին իր վաղեմի հուշով:

Սափորները առած հարսներ գային ջրի,
Հոտաղները երգեր ոլորեին,
Հսկայական խոփերն արեգակի հրից
Օդում շառավիղներ օրորեին:
Հով ու զովեր գային կապույտ Ծովասարից,
Ու աղբյուրի մոտ պաղ՝ մենք նստեինք հացի,
Ջուրը անուշ երգեր, գազպան կաթեր ծառից,
Բարի՜ լիներ լույսը լուսաբացի...

Արածանին բաշն իր նորից զարկեց քարին,
Առասպելներ պատմեր ամբողջ ճանապարհին,
Թլոր Դավթից պատմեր, նավասարդյան տոնից,
Հուզումի մեջ իր խենթ ելներ քարե հունից
Ու մեզ տաներ, տաներ իր կիրճերով լազուր...

Դեմից ցոլար հանկարծ բարդու կատարը սուր,
Ու ելնեիր իմ դեմ, Ծննդավայր...
Բացվեր դուռը մեր տան ու դռան մեջ՝ շվար
Իմ Երմոնյա տատը կանգներ հանկարծ,
Աչքերի մեջ ցոլար արցունքի ջինջ մի կայծ,
Ու շշնջար նա մեղմ. - Եկա՞ր, որդի...

Մեր թթենին խշշար, եղրևանին բուրեր
Ու լույս լիներ բարի առավոտի...

...Ես խմում եմ օղիս, աստղերիս եմ նայում,
Ախ, ինձ ու՞ր ես տարել, երազանքի իմ թել...

Դեռ լսվում է մթնում մի լալգին մայուն՝
Երևի գառն այն խեղճ դեռ մորը չի գտել...

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan