Անի Յան․ «Չասված բառերը»

Անի Յան․ «Չասված բառերը»

Չասված բառերը պատնեշում են միտքդ, երբ կորցնում ես այն մարդուն, ում պետք է ուղղեիր դրանք, ում գուցե պետք կգային, ում գուցե ուժ կտային դրան: Հնարավոր է նաև, որ ոչինչ էլ չփոխեին այդ բառերը: Բառակույտ, որն ինքնին աղքատ է և չի էլ կարող ճշգրտորեն նկարագրել այն, ինչ զգում ես այդ պահին, սակայն գուցե այդ աղքատ բառակույտը հարստացներ նրա հոգին: Ես ափսոսում եմ, շատ եմ ափսոսում այն բոլոր բառերի համար, որ ժամանակին պահել եմ ներսումս, որ ճզմել եմ լեզվիս տակ, որ ամաչել եմ ասել ու չգիտեմ ինչի, դա զգացի այն ժամանակ, երբ կորցրեցի տատիկիս, ես խեղդվում էի բղավելու ցանկությունից, բղավելու, որ սիրում եմ նրան: Հիշում եմ, թե ինչպես էր ինձ ու եղբորս տանում այգի. մենք երեքով այնքան էինք խաղում, որ հետո նստում էինք գետնին ու լռում, երկար լռում էինք, նրա սրտում էլ երևի բազում չասված բառեր կային: Երբ արդեն մահամերձ էր, ես գրեթե ամեն օր նստում էի նրա սենյակում և նայում նրան, տատին հաճախ չէր էլ նկատում ներկայությունս, իսկ ես երկար նայում էի ու մտքիս մեջ խոսում հետը, հետո մոտենում էի, բռնում էի ձեռքն ու զրուցում հետը, բայց երբեք չեի ասում այն, ինչ մինչ այդ մտածում էի, ինչու, չգիտեմ, բայց ափսոսում եմ: Եվ ամենաշատը ափսոսում եմ, որ նրան հրաժեշտ չեմ տվել: Ընդունելության բանավոր քննության ժամանակ ես արտասանում էի, իմանալով, որ այդ նույն ժամին, այդ նույն պահին այնտեղ՝ տանը թաղման արարողությունն էր: Հա, գուցե ես շատ հաճախ չեմ ասել այն բառերը, որ պետք էր ասել, բայց կարծում եմ, որ մենք առանց բառերի հասկացել ենք իրար, ես միշտ սիրել եմ քեզ, ԻՄ ՏԱՏ:

Աղբյուր՝ Grqamol.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում