Վահագն Դավթյան․ Եթե հարցնես

Վահագն Դավթյան․ Եթե հարցնես

Իմ հպարտ, իմ սեր,
Եթե հարցնես, թե ինչպե՚՚ս եղավ, որ քեզ սիրեցի,
Ոչինչ չեմ ասի,
Քանզի չգիտեմ,
Թե ձյունն ինչպես է փոխվում ձնհալի,
Թե ցայգածաղիկն ինչպես է բացվում ծերպերին լեռան,
Եվ ծովի խորքում ինչպես է ծնվում հակինթը շողուն…
Եվ սակայն կասեմ.
Իմ ձնհալն ես դու,
Ցայգածաղիկը
Եվ իմ հակինթը՝ ծովերից հանված:

Իմ խոնարհ, իմ սեր,
Եթե հարցնես, թե ես ինչպես եմ հասակդ սիրում,
Ոչինչ չեմ ասի,
Միայն կպատմեմ բաղեղի մասին,
Որ մերկ լորենու հասակն է զուգում,
Կպատմեմ նաև ծովի խենթացած ալիքի մասին,
Որ փշրվում է ավազի վրա…
Եվ հետո կասեմ.
Իմ լորին ես դու,
Իմ ավազն ես տաք:

Իմ քնքուշ, իմ սեր,
Եթե հարցնես, թե ես ինչպես եմ սիրում քո հոգին,
Ոչինչ չեմ ասի,
Կպատմեմ միայն ես Փարվանայի այն լեգենդը հին,
Կպատմեմ նաև,
Թե վայրի գազանն ինչպես է գերվում
Եղջերափողի դյութական ձայնից…
Ու հետո կասեմ,
Իմ կրակն ես դու,
Եղջերափողի ձայնն ես դյութական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում