Մետաքսե․ Հուշերի մորմոք

Մետաքսե․ Հուշերի մորմոք

1997-ի ձմռան ցրտաշունչ մի օր «Արեգ» հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանն առավոտ կանուխ զանգահարեց ինձ, թե` լույս աշխարհ է ընկել Սիբիրի կալանավայրերում ու բանտերում քսաներեք տարի տառապած մի հայ ռեցիդիվիստ` Ֆրունզիկ-Հենրիկ Շաթիրյան անուն-ազգանունով, որ «Խարան» վերնագրով ցնդվելու մի գիրք է գրել, եթե կուզես կարդալ, արի, դեռ առանձնատիպերը չեմ ուղարկել տպարան։

Քսան րոպեից հասա, քաշվեցի Գասպարյանի աշխատասենյակի մի անկյունն ու կարդում էի «Խարանի» առանձնատիպերը, ավելի շուտ` լափում էի նրա էջերը…

Անծանոթ, զարմանահրաշ մի աշխարհ էր բացվել իմ դեմ, անսահման հետաքրքիր ու արտառոց մի աշխարհ, որ լի էր սարսափներով ու գունագեղ, խելքից ու մտքից դուրս առեղծվածներով…

Ժամանակի շնչով քաղաքի շենքերում ջեռուցում չկար, ինչպես և Գասպարյանի աշխատասենյակում։ Ցրտից ու անշարժությունից ոտքերս փայտացել էին, չէի զգացել ինչպես էր անցել ժամանակը։ Մոռացել էի, որ պիտի գնայի գրողների միություն` աշխատանքի։ Մնացել էր կես ժամ աշխատանքային օրվա ավարտին։

Պարտաճանաչությունս ստիպեց գնալ, թեկուզ մի քանի ժամ ուշացումով…

Մտա գրողների միություն։ Աշխատողները հերթով դուրս էին գալիս շենքից։ Բարձրացա երկրորդ հարկ, տեսա` նախագահի աշխատասենյակի դուռը կիսաբաց է։ Զգույշ ներս նայեցի։ Հրանտը մենակ էր։ Ներս մտա և խոստովանության պես շլմորած պատմեցի, թե ինչ երանելի թակարդ էի ընկել։ Նկարագրեցի, որ ռեցիդիվիստի հրաշք արձակ եմ կարդացել, նրա «Խարան» գրքի առանձնատիպերը ցնցել են ինձ։

Հրանտը տխուր էր և մտահոգ։ Հարցրի պատճառը` ձեռքը թափ տվեց.

– Ափսոս, ներկա չէիր, վաղը կգաս, կխոսենք… Բայց որ այդ ռեցիդիվիստի գիրքը քեզ այնպես է ցնցել, որ մոռացել ես գրողների միության գոյությունը, ուրախալի է։

– Մեծ դահլիճում հանդիպում եմ կազմակերպելու նրա հետ, – ասացի։ Նա թե.

– Գիրքը դուրս գա, բեր կարդամ։

– Անպայման կբերեմ, և գրքի քննարկումը կկազմակերպենք մեծ դահլիճում, հրավիրելու եմ նաև այդ ռեցիդիվիստի դատավոր հորաքրոջը, որ հայուհու գթասրտությունը ոտնատակ տալով` խիստ է դատել իր եղբոր տղային ու քշել է Սիբիր։

– Մենք այսօր երեք արձակագիր ունենք, երեքի ազգանունն էլ Մ-ով է սկսվում,- ասաց Հրանտը։

– Առաջինը` դու, Մաթևոսյան Հրանտը, – ժպտացի, – ովքեր են երկրորդ և երրորդ տեղերում…

– Երկրորդ տեղում Մելքոնյան Հովհաննեսն է, երրորդ տեղում` Մանուկյան Մուշեղը, որը ճիշտ արեց, որ ազգանունը փոխեց Գալշոյան, Մանուկ Մնացականյանի հետ խնդիրներ կունենային, – ասաց Հրանտն ու նշան արեց դուռը բացող իր վարորդին, որ իջնում է…

Եվ իջանք։ Տուն տանող մեր ճանապարհները մի ուղղությամբ էին։ Աբովյան փողոցում ինքն իջավ, գնաց տուն, վարորդին ապսպրելով, որ ինձ տեղ հասցնի…

Հեյ վա՜խ, Հրանտ Մաթևոսյան, ախպերս, հանդիպե՞լ ես քո սիրած արձակագիրներին, որոնք մտածված ու անմտածված առեղծվածներով եկան քեզ մոտ զրուցելու։ Քանի որ տարիներ անցան, և դու այդպես էլ չինովնիկ չդարձար, չկարողացար դառնալ, քանզի Աստված քեզ մեծ գրողի տիտղոս էր շնորհել և ոչ թե չինովնիկի…

Եվ դու, Հովհաննես Մելքոնյան, շիրակյան հողի Արևշատ գյուղիս հարևան, անիպեմզացի մեծ գրող, որ 2001 թվի գարնանավերջի մի պաղ առավոտ հանդիպեցի քեզ Տերյան փողոցում` Ազգային գրադարան գնալիս։

Մեծածավալ, դասական երևույթի ծնունդով աշխարհ եկած «Ոճիրի բուրգեր» ծանրակշիռ գրքիդ ազդօրինակը ձեռքիդ էր, տվեցիր ինձ թերթելու։

– Ցնցող վերնագիր ես գտել։ Առանց կարդալու զգացվում է, որ Հայոց մեծ ցեղասպանության մասին է։ Դու կենդանությանդ օրոք սեփական հուշարձանդ կերտեցիր` «Ոճիրի բուրգեր»։ Մտքի ինչպիսի՜ սրընթաց թռիչք ի սարսափ թշնամիների։

Շնորհավորում եմ, հույս ունեմ` մի օրինակ ինձ կնվիրես, կկարդամ,- ու սեղմեցի ձեռքդ։

Դու խոստացար, բայց չկատարեցիր խոստումդ։

2004-ին երկրորդ անգամ հանդիպեցի քեզ նորեն Ազգային գրադարան գնալիս։

Պատմեցիր, որ Պարույր Սևակի մասին գիրք ես գրելու, նյութեր ես հավաքում։

– «Պարույր Սևակն իմ կյանքում» գիրք եմ հրատարակել, – ասացի ես։

Դու տխրեցիր, խնդրեցիր մի օրինակ նվիրեմ։

Հաջորդ օրը ես կատարեցի խոստումս։ Մեկ ամիս անց, երբ պատահաբար տեսար ինձ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, կանչեցիր անունս։ Շրջվեցի, տեսա` դու ես, կանգնեցի։ Մոտեցար։

– Սպասի՛ր, մի քիչ խոսենք, – ասիր ուրախ տրամադրությամբ, ու ես տեղի տվի, – լսի՛ր, դու կարողանում ես նաև հետաքրքիր գրել, հիացած եմ քո անկեղծությամբ, բացառիկ անկեղծությամբ։ Ես տեսա Պարույրին նաև կենցաղում։ Շատ նուրբ խառնվածքային գծեր ես տեսել նրա փոթորկուն էության մեջ։ Դու հայտնաբերել ես այդ շերտերն ու համարձակ ներկայացրել ես ընթերցողին։ Ընդգրկուն դիապազոն ունես, նույնիսկ մանրուքները նկարագրելիս։ Այստեղ երևում է, որ Արամը ճիշտ է։ Լավ է, որ արձակիդ մեջ նաև բանաստեղծ լինելուդ շունչը կա, կրա՛կը կա, դո՛ւ կաս… Մի նեղանա ինձնից, մի օր կգրեմ այդ գրքիդ մասին։ Շատ հուզիչ տեղեր կան գրքում, կգրեմ,- ասացիր հրաժեշտ տալիս։

Դու նկատեցիր, որ ես ձեռքս թափ տվի…

2009-ի փետրվարի կեսերին դու մեր Համազգային թատրոնի նախասրահում էիր։ Այդ օրը թատրոնի դահլիճում տեղի էր ունենում մեծ հայրենասեր, ղարաբաղյան հերոսամարտի մասնակից ու դերասան Ամիրան Գալստյանի ծննդյան 60-ամյակի հոբելյանական հանդիսությունը։ Ընդմիջմանը դու գինու գավաթը ձեռքիդ մոտեցար, ողջունեցիր, ուզեցիր ինձ համար էլ գինի բերել, բայց ես գինուց հրաժարվեցի, շնորհակալ եղա և խոսեցի մամուլում տպագրված հոդվածիդ բանաստեղծական շնչառության և պատկերավոր մտածողությանդ հրաշքի մասին։ Դու ուրախացար, ամոթխածության սովորությանդ համաձայն, հայացքդ վար կախեցիր։ Հանկարծ դահլիճից լուր տվեցին, թե հանդիսատեսներից մեկը վատ է զգում։ «Շտապօգնության» մեքենա կանչեցինք, և տղաները նրան տուն տարան։ Երբ մեքենան ճանապարհեցինք, դու անսպասելի ինչ-որ բան, կարծես հիշելով, ասիր.

– Աշխարհում ամենից շատ վախենում եմ ավտոմեքենայից…

Ես զարմացա հանկարծակի ասածդ խոսքից, ու դեմքիդ արտահայտությունից մի տեսակ ցրտություն իջավ հոգուս ու չգիտեմ` ով արգելակեց, որ շվարած չարձագանքեցի քեզ…

Շատ չանցած դեկտեմբերի 7-ն էր, լրանում էր հայոց ավերիչ երկրաշարժի 21-րդ տարելիցը, այսինքն` հայերիս համազգային սգո օրն էր։ Դու տուն գնալիս զգուշավոր ու մտախոհ հասար ձեր փողոցին, նայեցիր ընթացող ավտոմեքենաներին, աչքով չափ ու ձև անելուց ետ, արագ կիսեցիր նեղ փողոցն ու երբ արդեն բարձրացար մայթեզրին, քեզ համար այդ պահը ճակատագրական եղավ…

Թվաց երկրաշարժվեց հողեղեն երկիրը, բայց ավա՜ղ, այս անգամ ոչ թե հողեղեն երկիրը, այս անգամ երկրաշարժվեցին հոգեղեն գրականությանդ «Ոճիրի բուրգերը»… թե` անիմանալի են ոչ միայն Աստծո գործերը, այլև սատանայի, որի գործած ցանցերն աննկատելի թակարդում են Աստծո արդարությանն օգնող նահատակներին, որոնց կես ճանապարհից Բարձրյալի հրեշտակներն ուղեկցում են բուրգերի լուսաթաթախ եդեմը, այնտեղ հավերժորեն փառավորվելու…

Եվ դու, Մուշեղ Գալշոյան, իմ ջահել-ջիվան ախպերս, որ 1980-ի հոկտեմբերի 14-ի գիշերը երազ տեսար, թե ձեր Կաթնաղբյուր գյուղում ապրող եղբորդ տունը բոցերի մեջ է…

Մութուլուսին հասար գյուղ, տեսար ամեն ինչ կարգին է։ Եղբորդ տունը հանգիստ ու անվնաս կանգնած է իր տեղում։ Զարմանքիդ ուրախությունն այն եղավ, որ վերցրիր պատից կախված պապիդ հրացանն ու բռնեցիր գյուղիդ հանդերի երանելի ճամփաները` քեզ հետ տանելով մի կողով թիթեղյա դատարկ տուփեր, որ ամայի հանդի մեջ քարափների արանքներից նշան բռնես ու կրակես քո այդ դատարկ «գամփռների» վրա…

Եվ կրակեցիր, կրակեցիր, հրճվանքից խենթացար, որ գնդակներդ բոլորը նշանակետին ես խփել… Բոլոր տուփերը գնդակահարված էին, քանզի նրանք բոլորն իրենց անուններն ունեին, որպես Հայոց մեծ եղեռնի պարագլուխներ…

Հետո լսեցիր գյուղացիների ուրախ ծիծաղն ու սրտաբաց զրույցները, որոնք լսելով, որ իրենց պանծալի «Ձորի Միրոն» եկել է գյուղ, հավաքվել էին ահել ու ջահել, մեծ ու պուճուր, բարեկամ ու դրկից, գյուղի երիտասարդությունը շրջապատել էին քեզ։

– Ամեն հայ պետք է հրաշալի կրակել իմանա,- ոգևորում էիր շուրջդ հավաքված մարդկանց…

Մարդիկ պատրաստվում էին խրախճանքի, գառը մորթեցին, որ իրենց հայրենի գյուղում ուրախանան քո թամադայությամբ… Դու նստած էիր ավտոդողի ձև ունեցող կլոր, մեջը ծակ քարի վրա, ոտքերդ ներսից կախել էիր, ինչպես թոնրում, ու ժպիտներով, խոսքերով մասնակցում էիր մարդկանց ուրախությանը։ Հրացանը դրված էր քեզնից շատ հեռու։

Գյուղացիներից մեկը տեսնելով, որ երեխաները խաղում, վազվզում են, զգուշացրեց.

– Մուշեղ ջան, չես ուզո՞ւմ հրացանը վերցնես մեջտեղից, երեխաները կարող են անզգույշ դիպչել…

Դու հավանություն տվեցիր բարեկամիդ խորհրդին և ուզեցիր հրացանը վերցնել, տեղափոխել ապահով տեղ։ Դու առանց տեղիցդ վեր կենալու, ուզեցիր հրացանը մոտեցնել քեզ, աջ թևդ ձգեցիր, գրեթե թիկնեցիր քարին և հրացանի փողից քաշելով, մտածեցիր հրացանը մոտեցնել, որ ձեռքդ հասներ, վերցնեիր այն։ Հեյ վա՜խ, պահը քեզ համար ճակատագրական եղավ… Հրացանի ձգանն ընկել էր խոտի ցողունին, հրացանը փողից քաշելն ու կրակոցը մեկ եղան` ուղիղ լյարդիդ վրա…

Ապշում ես ուղղակի սատանայի այդ գլուխգործոց չարության առաջ։ Ինչպես է կարողանում պայքարել Աստծո բարությունների դեմ։ Աստված եղբորդ տունը փրկեց հրդեհից, բայց անիծյալ սատանան հնարամտեց հոգու այնպիսի հրեշավոր հրդեհ, որ գյուղի ողջ բազմությունը պապանձվել, սոսկումից քարացել էր։ Ամբոխը հանդի մեջ պտտվելով, ողբալով մեղավոր էր փնտրում, մեղավոր չկար։ Մեղավորը քո երազի մեջ էր…

Ասում են, Մուշեղ, քո վերջին խոսքը եղել է.

– Խնդրում եմ, փրկե՜ք, ապրել եմ ուզում…

Աղբյուր՝ Irates.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում