Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Ter-hambardzum.net: Մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետ տիար Հայկ Չոբանյանին՝ ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով մարզպետին նշանակման առիթով, մաղթեց նրան հաջողություններ իր առաքելության մեջ: Տեղեկանալով մարզի զարգացման և առաջընթացի հետ կապված մարզպետի մտածումների և ծրագրերի մասին` Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ վերջինս կկարողանա դրանք կյանքի կոչել և արդարացնել մարզի բնակչության սպասումները: Նորին Սրբությունը նաև խոսեց հիշյալ ծրագրերում Տավուշի թեմի ներգրավվածության մասին:

Իր հերթին մարզպետը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանդիպման և հայրապետական օրհնության համար: Տիար Հայկ Չոբանյանը մարզի կյանքի աշխուժացման և զարգացման գործում կարևոր նկատեց սերտ համագործակցությունը Տավուշի թեմի հետ:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Տավուշի մարզի Բերդավան գյուղից գերեվարված և Ադրբեջանում բանտարկված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդրին։ Վեհափառ Հայրապետի համոզմամբ, այդ ջանքերը ներկայումս պետք է բազմապատկվեն` ներգրավելով նաև միջազգային կառույցներին։

Վերջում Նորին Սրբությունը մարզպետին մաղթեց Աստծու օգնականությունը իր ծառայության մեջ հանուն տավուշցիների արժանապատիվ կյանքի կերտման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում