USD
EUR
RUB

«Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել»

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Irates.am: «Զանգակ» հրատարակչությունը վերահրատարկել է Բեռնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը: Գերմաներենից թարգմանել է Գայանե Գինոյանը: «Ընթերցողը» համաշխարհային բեսթսելլեր է, հետպատերազմյան գերմանալեզու գրականության նշանակալից գործերից մեկը, թարգմանվել է արդեն 50 լեզվով, վաճառվել է միլիոնավոր օրինակներով, կա նաև հոլիվուդյան նկարահանումը»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ԳԱՅԱՆԵ ԳԻՆՈՅԱՆԸ:

- «Ընթերցողը» հայերեն հրատարակվում է երկրորդ անգամ: Կարելի է ասել, որ այն հետաքրքրել է հայ ընթերցողին: Ինքներդ ինչպիսի՞ արձագանքների եք հանդիպում:

- Նախ` կուզեմ խոսել գրքի հետ իմ հանդիպման մասին: 1999-ին այդ գիրքը մեր համալսարանը նվեր ստացավ: Շաբաթ օր էր, աշխատանքային օրվա վերջ (այն ժամանակ վեցօրյա աշխատանքային շաբաթ էր), ես վերցրի գիրքը կարդալու, պայմանով, որ երկուշաբթի վերադարձնելու եմ: Կարող եմ ասել, որ ես պատրաստ էի գիրքը վերադարձնելու հենց հաջորդ օրը, որովհետև գիշերն արդեն իսկ ավարտել էի և տպավորված էի: Դրանից հետո բազմաթիվ մարդկանց եմ խորհուրդ տվել կարդալու, և բոլորն էլ նույն տպավորությունն ունեին գրքից: Ընթերցողներից մեկը գրեց, որ այս գիրքը իր կյանքի անբաժան մասն է դարձել, և ամեն անգամ կարդալիս նորովի է ընկալում: Ֆեյսբուքյան ծանոթներիցս մեկը, գիրքն իմ խորհրդով կարդալուց հետո, հորդորեց անպայման թարգմանել` խոստանալով օգնել տպագրության հարցերում: Հետագայում հայերեն թարգմանության առնչությամբ շատ ընթերցողներից, իմ թարգմանիչ կոլեգաներից հիացական արձագանք ստացա, նման այն տպավորությանը, ինչ ստացել էի ես վեպը գերմաներեն կարդալիս: Դրանցից մեկը «Գրքամոլ» նախաձեռնության քննարկումն էր: Հանդիպմանը եկել էին բազմաթիվ ընթերցողներ` կիսելու իրենց տպավորությունները: Մեջբերումներ էին անում գրքից, տեսակետներ արտահայտում, և դա այն տարիներին, երբ ասվում էր, թե գիրք չի վաճառվում, գիրք չեն կարդում: Ինձ համար մեծ, ոգևորիչ նշանակություն ունեցավ այդ հանդիպումը, ես հասկացա, որ Հայաստանում գիրք կարդում են, գիրք սիրում են երիտասարդները և շատ խելացի են: Ֆեյսբուքում էջ են բացել այս գրքի վերնագրով, Բուն TV-ով գրող Արամ Պաչյանը խոսեց գրքի մասին և բոլորովին չնշեց իմ անունը որպես թարգմանչի, ինչը իմ հեղինակային իրավունքի խախտում էր։ «Բարձր գրականության» հերթական հաղորդումներից մեկում քննարկվեց գիրքը, հոդված գրվեց վեպի մասին, Երևանյան բեսթսելլերների ցանկում է եղել շատ անգամ: Մի խոսքով, գիրքը սիրվեց և սիրված է հայ ընթերցողի կողմից: ՈՒրախ եմ, որ այն կա հայերեն: Եվ զարմացած չեմ, որ հրատարակչությունը վերահրատարակեց թարգմանությունը:

- Համակենտրոնացման ճամբարում աշխատող հսկիչները բանտարկյալներին դեպի մահ էին ուղարկում, որ հներն իրենց տեղը զիջեն նորերին: Հաննան՝ վեպի գլխավոր հերոսուհին, համակենտրոնացման ճամբարի նախկին աշխատակիցը հարց է տալիս դատավորին՝ Դուք ի՞նչ կանեիք իմ փոխարեն: Սա, իհարկե, չի արդարացնում նրան, բայց ինձ թվում է այս հարցը անցնում է ընթերցողի սրտի միջով: Տեսնում ես ողբերգությունն այն մարդկանց, որոնք կամա թե ակամա մասն են դարձել ֆաշիստական ռեժիմի ու պատասխան են տալիս դրա համար: Մեջբերում եմ. «Մենք բոլորս դատապարտում էինք մեր ծնողներին ամոթի թեկուզ միայն այն բանի համար, որ 1945 թվականից հետո հանցագործներին հանդուրժել էին իրենց կողքին և իրենց մեջ»: «Մեղադրյալները, հանցագործները դեռևս և ընդմիշտ անզգայացման մեջ էին»:

- Գերմանական գրականությունը հարուստ է Հոլոքոստի թեմայով ստեղծագործություններով, այս վեպը, սակայն, առանձնացավ, որովհետև նոր տեսանկյունից էր քննարկում գերմանացի ազգի այդ մութ էջը: Երկրորդ սերնդի տեսանկյունից, որը պատրաստ էր մեղադրելու հայրերին, բայց ուզում էր նաև հեռավորություն ստեղծել Հոլոքոստի համար մեղավոր լինելուց: Իսկ հարցը, թե ինչ կանեիք իմ փոխարեն, ցույց է տալիս այն տեսանկյունը, որ հսկիչը, հրեաներին սպանողները ընդամենը կատարել են իրենց պարտականությունը, նրանք հրաման են կատարել, որի մասին գրել է Հաննա Արենդտը Այշմաննի դատավարության մասին ռեպորտաժում: Հարցով հեղինակը փորձում է ընթերցողին ներքաշել գործողության մեջ, երբ սովորաբար ընթերցողը իրեն նույնացնում է հերոսի հետ, բայց այս դեպքում դա անհնար է` հաշվի առնելով Հոլոքոստի սարսափելի, անմարդկային բնույթը: Գիրքը գրաքննադատների կողմից և՛ գովաբանվել է, և, իհարկե քննադատվել, ինչը, հաշվի առնելով թեման, բնական է:

- Փորձու՞մ է Շլինկը արդարացնել Հաննային, որն ակամա էր հրամաններ արձակել, և նույն պատճառով էլ (ամոթի և մեղքի զգացում) դատապարտվեց ցմահ ազատազարկման:

- Չեմ կարծում, թե հեղինակը փորձում է արդարացնել Հաննային` նշելով նրա անգրագիտության մասին: Զուգահեռ է տարվում Հաննայի անգրագիտության և գրականության հանդեպ նրա սիրո միջև` տալով հստակ պատկերացում Հոլոքոստի սարսափների մասին: Լիներ Հաննան գրագետ, թե անգրագետ` անելու էր նույն բանը: Գերմանացիները՝ մտածողների ու բանաստեղծների ժողովուրդը, որ հայտնի են իրենց բարձր արվեստով, մշակույթով, գիտությամբ, իրականացնում են մեկ այլ ազգի բնաջնջում զարգացած տեխնիկայի միջոցով: Եվ այդ ժողովուրդը ստիպված է նորից կարդալ գրականություն, համաշխարհային գրականություն, այն միշտ արդիական է, ինչպես տեսնում ենք Հաննայի դիտողություններից, իսկ Ոդիսևսի գրքով հեղինակը մեջբերում է հայտնի ասույթը, որ նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում: Սա, կարելի է ասել, անցյալը չկրկնելու հորդոր է:

- Ինչու՞ Հաննան ինքնասպան եղավ, մեկ այլ դեպքում կարող էինք ասել, որ այլևս չէր կարող ազատության մեջ ապրել: Կարծում եմ, երկու պատճառ կարող ենք տեսնել. նա, ով այդքան տարի իր համար ընթերցում էր, երբեք չէր արձագանքում իր նամակներին, և երկրորդ՝ ինքնադատապարտումը:

- Որպես ընթերցող կարող եմ ասել` մեղքի այդ բեռով ազատության մեջ չէր կարող ապրել, ինչն ավելի հեշտ էր տրվում բանտում, որտեղ հնազանդվում էր մեղքը քավելու ընդունված ձևին:

- Ընթերցողը (Միխայել Բերգ)` 15-ամյա պատանին, որ սիրահարվեց իրեն օգնող 36-ամյա կնոջը (Հաննա), նու՞յնպես զոհ էր: Թե՞ սա անսովոր, անթույլատրելի, բայց մեծ սիրո պատմություն է նաև:

- Ինձ համար սա վեպ է Հոլոքոստի ու դրա հանդեպ գերմանացի երկրորդ սերնդի վերաբերմունքի մասին, սերը պարզապես ավելի գրավիչ է դարձնում պատմությունը և հեշտ ընկալելի, ինչը չէր լինի, եթե Հաննայի փոխարեն Միխայելը իր հանցագործ հոր մասին պատմեր:

- Գրքում կա նաև մեկ այլ ակնարկ. հոգեվերլուծաբանը Միխայելին ասում է, որ նա պիտի ավելի շատ փորձի կենտրոնանալ մոր կերպարի վրա և հասկանա նրա ազդեցությունը, թեև այդպես էլ ստվերում են մնում մոր և որդու հարաբերությունները:

- Սա պարզապես ընդունված տեսակետ է, որ հիմնված է Ֆրոյդի տեսության վրա` ամեն ինչի պատճառները փնտրել մանկության դրվագների մեջ, իսկ տղամարդկանց դեպքում կատարել մոր և որդու հարաբերությունների վերլուծություն:

- Գիրքն ընդգրկվել է գերմաներենի և գրականության դասընթացի, ինչպես նաև Հոլոքոստի մասին համալսարանական և այլ ուսումնական գրականության պարտադիր ցանկերի մեջ: Այն ուղղված է ավելի շատ կամ առաջին հերթին գերմանացի՞ ընթերցողին: 

- Ցանկացած գրող գրում է առաջին հերթին իր համար և ապա իր ազգային լսարանի համար. այս դեպքում, իհարկե այն ուղղված է գերմանացի ընթերցողին, բայց, հաշվի առնելով վեպի հաջողությունը արտասահմանում, այն համաշխարհային գրականության մաս է ու ընթերցողի համար է` անկախ ազգային պատկանելությունց:

- Կա կարծիք, որ այս գիրքը ներման մասին է. համամի՞տ եք:

- Ոչ, սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել:

- ՈՒզենք, թե չուզենք, մենք համեմատելու ենք նաև մեր պատմության հետ, բայց, ինչպես գրքում է ասվում, պատմությամբ զբաղվել նշանակում է կամուրջներ գցել անցյալի և ներկայի միջև, երկու ափերը դիտել և երկուսում էլ գործել: Ակամա մտածում ես, որ մեր հարևանները հակառակն են անում, փորձում են խեղաթյուրել պատմությունը, քանդել կամուրջներն ու խուսափել առերեսումից:

- Երբ առաջին անգամ եղա Գերմանիայում, մեզ էքսուրսիայի տարան Բուխենվալդ, տպավորություններիս մասին շարադրություն գրեցի, նշելով, որ հիացած եմ գերմանացի ժողովրդի կամքով, որ ճանաչել են Հոլոքոստն ու պատրաստակամ վճարել և վճարում են: Բայց այսօր կասեմ` եկեք չմոռանանք, որ Նյուրնբերգը կազմակերպեցին ոչ թե գերմանացիները, այլ պատերազմը, գերմանացիներին հաղթողները: Նման դատավարություն կազմակերպվեց նաև երիտթուրքերի հանդեպ, որից հետո Հայոց ցեղասպանության կազմակերպիչները Թուրքիայից փախան արտասահման, որտեղ էլ նրանց գտան Սողոմոն Թեհլերյանները:

- Թարգմանության ընթացքի մասին ի՞նչ կասեք:

- Վեպն աչքի է ընկնում գեղեցիկ գերմաներենով, ինչն ինձ գերեց առաջին իսկ տողերից: ՈՒնի պարզ լեզու, գրողը ցանկացել է, ինչպես ինքն է ասում մի հարցազրույցում, այնպես գրել, որ ամեն մեկն այն հեշտությամբ կարողանա կարդալ: Գրքում ամեն բառ ունի իր տեղն ու նշանակությունը, ոչինչ հնարավոր չէ աչքաթող անել, հակառակ դեպքում կտուժի բովանդակությունը: Թարգմանական հիմնական դժվարությունը՝ բառախաղերի առատությունն էր, ինչը Շլինկի ստեղծագործական ոճն է: Պետք էր նաև նախնական գիտելիք համաշխարհային գրականության, Գերմանիայի պատմության վերաբերյալ, իսկ ընդհանուր առմամբ հեշտ եմ թարգմանել, որովհետև վեպի ամեն տող բազմիցս քննարկել եմ ուսանողներիս հետ` գերմաներենի դասերի ընթացքում:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan