Վիլյամ Սարոյան. Ծիծաղող Սեմը

Վիլյամ Սարոյան. Ծիծաղող Սեմը

Սրանից 15 տարի առաջ, մեր քաղաքում մի տղա կար, Սեմ անունով: Նրան ծիծաղող Սեմ էին ասում, որովհետև միշտ ծիծաղում էր: Նա մեկն էր այն ծայրահեղ զգայուն տղաներից, որոնք վախենալով աշխարհում ամեն ինչից, փորձում են ծիծաղել ամեն ինչի վրա ու ընկնում ամեն տեսակի անախորժությունների մեջ: Ծիծաղող Սեմը ոչինչ չէր անում, առանց գոնե մասամբ սխալվելու:

Մեր քաղաքում շատ տղաներ կային, որոնք մահացան քսան տարին չբոլորած: Սեմը նրանցից մեկն էր: Նա մեռնելիս նույնիսկ այնպես չմեռավ: Ինձ թվում է, որ նա ծիծաղում էր այդ պահին, կամ գոնե մինչև այն պահը, երբ գլխի ընկա, որ մեռնում է: Նրան ճզմեց բեռնամբարձ մեքենան: Նա մահու չափ սարսափում էր բեռնամբարձ մեքենաներից, բայց թաքցնում էր մարդկանցից, որովհետև ատում էր նրանց, նրանք միշտ ձեռ էին առնում իրեն: Նա սայթաքեց ու ընկավ: Բեռնամբարձը ճզմեց նրա մարմինը:
Նա 16 տարեկան էր:

Ես նրան ճանաչում էի, շուրջ չորս, տարի: Առաջին անգամ ես նրան տեսա, երբ Բուզզ Մարտինի հետ եկավ «Իվնինգ հեռալդ»ի լրագրողների սենյակը: Բուզզ Մարտինը` լրագրերի տպաքանակի վարիչը, որը լավ կռիվ անող մի բթամիտ տղա էր (նա սպանվեց 1924 թե 1925 թվականին, 27 տարեկան հասակում, ավտոմեքենայի վթարից), ասաց Սեմին, որ ինչ-որ մի տեղ սպասի մինչև լրագրերը լույս տեսնեն: Սեմը սկսեց սպասել այնպես, կարծես արածը մի մեծ, ակտիվ իրադարձություն էր: Երկյուղով սկսեց նայել իրեն շրջապատող իտալացի, ռուս, հայ լրագրավաճառ տղաներին, հետո նայեց հսկա, սև, տպագրական մեքենային, ու աստիճանաբար խուճապի մատնվեց:

Ինը-տասը տարեկան էի ես, նա էլ մեկ կամ երկու տարով մեծ էր ինձանից, բայց ես հասկացա, թե ինչ էր կատարվում նրա հետ: Նա պարզապես մեկն էր նրանցից` աշխարհում ապրող, այն խեղճ ու կրակ, անհաջող տղաներից մեկը: Ես հասկացա, որ նրա կյանքը շարունակ զզվելի է եղել:

Ես խղճացի նրան, ուզեցա մի բան գտնել ու ասել իրեն: Բայց չկարողացա: Ես ուզում էի ասել. «Դե լավ, հանգիստ եղիր, մի հուզվիր, մի վախեցիր, բան չկա, հանդարտվիր»:

Սակայն ոչինչ չկարողացա ասել: Նրա աչքերում սարսափի և հոգեվարքի փայլ տեսա, ինձ թվաց, որտեղ որ է, լաց կլինի նա հիմա:

Բայց նա ծիծաղեց:

Նա վտիտ մի հրեա էր, ուներ մեծ բերան, սև, խիտ մազեր, նեղ ճակատ, բշտիկներով ծածկված դեմք, հաստ շրթներ, և անսովոր հիմար ականջներ: Նա ամենատգեղ տղան էր, որին երբևէ տեսել էի. սակայն, ինչ-որ ողբերգական ու ազնիվ բան կար նրա դեմքին և կերպարանքի մեջ: Ողբերգական, ազնիվ ու սրտառուչ մի բան: Նրա թևերը կարճ էին, մատները կարճ ու կոշտ, ոտքերը մեծ, ուսեր բոլորովին չուներ: Հուլիս ամիսն էր, և կոշիկներ չուներ, ինչպես մենք բոլորս:

Առաջին օրը ես չխոսեցի նրա հետ: Մի քիչ վախենում էի նրանից` ոչ թե տղայից, այլ նրանից, ինչ խորհրդանշում էր նա` աշխարհի զոհը: Անօգնական, անմեղ, դարերի խորքից եկող մահաբեր վայրագության ու մոլորության զոհը:
Բայց հետևում էի նրան:

Նա բացահայտորեն իր տեղում չէր, իր տեղում չէր ոչ միայն լրագրողների սենյակում, այլ աշխարհի մեջ, ժամանակի մեջ, տարածության, պատմության, կյանքի մեջ: Կարծես, տղայի արյան մեջ գտնվող բնազդական, ցեղային մի հիշողություն հալածում էր նրան. «Հեռացիր, դուրս արի այստեղից, գնա ուրիշ տեղ, փախիր, թաքնվիր, մի մնա նրանց մեջ, նրանք կսպանեն քեզ»: Ես տեսա, թե ինչպես էր նա փորձում խոսել Բուզզ Մարտինի հետ, բայց չէր ստացվում, ուզում եմ ասել, ոչ թե կմկմում էր, այլ երբ ուզում էր մի բառ կազմել, նրա բերանն ու շրթները քարանում էին: Դուք կարող էիք տեսնել, թե ինչպես է նա փորձում բառն արտաբերել, բայց լսել չէիք կարող. «Որտե՞ղ պետք է սպասեմ», հարցրեց նա Բուզզ Մարտինին:

Բուզզ Մարտինը. հաղթանդամ էր, ջլապինդ, նա ծեծում էր այն երեխաներին, որոնք անկարգություն էին անում: Բայց նա մեծ մարդ էր, երբեք չէր օգտվում այն հանգամանքից, որ դիմացինը թույլ է: Նա ամերիկացի էր, բայց նման չէր ամերիկացիների մեծ մասին:

Սրանից 15 տարի առաջ մեր քաղաքում, ամերիկացիների ձեռքից ոչինչ չէր գալիս, ուստի նրանք արհամարհում էին մյուս ցեղերի մարդկանց, որոնք անշնորհք չէին: Բուզզ Մարտինը լավն էր, նրա աշխարհայացքն ավելի լայն էր: Նրա համար մեկ էր, ով ես դու, միայն թե լավը լինես: Իսկ եթե լավը չես, դրա համար չէր մեղադրում քո ցեղին, ականջիդ հասցրած մի հարվածով, նա քեզ տեղդ էր նստեցնում:

Բուզզը անբարյացակամ չէր տղայի նկատմամբ, թեպետ նրա հարցը իրեն շփոթեցրեց մի քիչ:

«Սպասիր այնտեղ, որտեղ կանգնած ես,- ասաց նա,- տեղ չգնաս: Մի հինգ րոպեից լրագրերը դուրս կգան, ես քեզ կտամ 10 հատ ու կասեմ, թե ինչ պետք է բղավես»:

Սեմը ծիծաղեց, մնաց այնտեղ, որտեղ կանգնած էր, ու սկսեց նայել չորս կողմը, փնտրելով մեկին, որի հետ կկարողանար խոսել: Նա կանգ առավ Նիք Քուրոսի` մի հույն տղայի վրա ու ասաց. «Ինչպե՞ս ես վաճառում լրագրերը» (և ծիծաղեց): «Չգիտեմ»,- ասաց Քուրոսը (և չծիծաղեց: Հավանաբար քաղաքի ամենամելամաղձոտ լրագրավաճառ տղան էր նա:

Ատում էր ամեն ինչը և ամենքին և երբեմն նրան տեսնում էինք առանց պատճառի լաց լինելիս):

«Ես երբեք լրագիր չեմ վաճառել,- ասաց Սեմը,- պետք է բղավե՞մ (ու դարձյալ ծիծաղեց) : Քուրոսն ասաց. «Ոչ»:

«Իսկ դու բղավո՞ւմ ես»,- ասաց Սեմը (նա շատ ծիծաղեց, ու Քուրոսը սկսեց կատաղել):

«Այո»,- ասաց Քուրոսը:

«Ինչպե՞ս ես անում»,- ասաց Սեմը:

«Ուղղակի բերանս բաց եմ անում ու բղավում»,- ասաց Քուրոսը:

«Ի՞նչ ես բղավում»,- ասաց Սեմը:

«Լրագիր, լրագիր, լրագիր»:

«Այո»,- ասաց Քուրոսը. «Լրագիր, լրագիր, լրագիր, և այն լուրերը, որոնք կլինեն լրագրում»:

«Երբեք լրագիր չեմ վաճառել,- ասաց Սեմը: – Մայրս ասաց, որ դրամի կարիք ենք զգում. հա, հա, հա, հա ու ես եկա այստեղ: Շա՞տ ես վաստակում»:

«Ոչ»,- ասաց Քուրոսը:

«Իսկ ընդհանրապես վաստակո՞ւմ ես»,- ասաց Սեմը:

«Եթե երկու լրագիր վաճառես, կստանաս 5 սենթ,- ասաց Քուրոսը,- յուրաքանչյուր երկու լրագրի դիմաց, կստանաս 5 սենթ»:

«Եթե լավ ճգնեմ, ի՞նչ ես կարծում, քանի՞ լրագիր կկարողանամ վաճառել»,- ասաց Սեմը:

«Տասը հատ գուցե»,-ասաց Քուրոսը:

«Այդ կանի 25 սենթ, չէ՞»,- ասաց Սեմը:

«Այո»,- ասաց Քուրոսը:

Լրագրի առաջնորդող հոդվածը պատերազմի մասին էր: Բուզզ Մարտինը տվեց 10 լրագիր և ասաց, որ բղավի.

«Դաշնակիցները մեծ առաջխաղացում ունեն»:

Լրագրերն ստացանք ու վազեցինք քաղաք: Սեմը չէր քայլում, նա ժամերով վազում էր քաղաքով մեկ: Նա ուզում էր արագաշարժ երևալ, դուր գալ Բուզզ Մարտինին և «Իվնինգ Հեռալդ»-ի հրատարակիչներին: Նա ուզում էր դրամ տանել տուն և տալ մորը: Նրանք դրամի սոսկալի կարիք ունեին, այնպես որ նա ուզում էր վաճառել իր լրագրերն ու մի քիչ դրամ տանել տուն: Նա բղավում էր, ծիծաղում, վազում քաղաքով մեկ. կարծես ուզում էր ճիշտ ժամանակին ինչ-որ տեղ հասնել:

Նա ծիծաղելի էր: Եվ նրա հետ մի քիչ կատակելու փորձությանը ոչ ոք չէր դիմանում:

Իտալացի տղաները մեծ հաճույք էին ստանում հարցեր տալով նրան, և լսելով նրա պատասխաններն ու ծիծաղը: Քիչ անց, սկսեցին զվարճանալ, նրան մեջքի վրա հրելով, ու լսելով նրա ծիծաղը: Տղաները ոչինչ չէին հասկանում, նրանք սպասում էին, որ նա ցավ կզգա, և կկռվի իրենց հետ, կամ լաց կլինի: Բայց նա միայն ծիծաղում էր: Հետո հանեցին նրա շալվարը, ու թանաք քսեցին մարմնին, բայց նա դարձյալ ծիծաղեց: Իտալացի տղաները չէին իմանում ինչ անել նրա հետ: Նա կանգնած էր խելագար տղաների բազմության կենտրոնում ու փորձում էր մաքրել թանաքը: «Դուք իմ վրա թանաք քսեցիք, հա, հա, հա, հա, դուրս չի գալիս, հա, հա, հա»,- ասում էր նա:

Ես սոսկալի վատ զգացի, գիտեի, թե որքան խորն էր վիրավորված նա, սարսափահար էր և մտահոգված, թե ինչպե՞ս է դուրս գալու այս վիճակից:

Մի շաբաթ բոլորը մեծ բավականություն ստացան նրանից, բայց մի շաբաթ հետո, նրա ծիծաղը ձանձրացրեց և սկսեց աստիճանաբար ջղայնացնել:

Մի օր, նա սանդուղքներով արագ իջնելիս, սայթաքեց, ընկավ ու վիրավորվեց: Բոլորը վազեցին օգնելու: Նույնիսկ տղաներից ամենակոպիտը: Նրանք ուզում էին բարի լինել նրա նկատմամբ և չնայած որ զգեստը պատռված էր, նա վեր թռավ ու ծիծաղեց. «Ցած ընկա», ասաց. «Հա, հա, հա, հա, հա»:

Նրա ծիծաղը ամենաբթամիտ տղային անգամ ջղայնացրեց:

«Սատանան տանի, ի՞նչ է պատահել նրան»,- սկսեցին հարցնել տղաները:

Քիչ անց ոչ ոք չմոտեցավ նրան, չխոսեց հետը, ու նա մնաց մեն-մենակ:

Մի օր, լրագրի առաջնորդող հոդվածը գիշերային վթարի մասին էր, սպանվել էին հինգ հոգի, երկուսը երեխաներ էին:

Սեմը վազում էր քաղաքով մեկ, բղավում վերնագիրն ու ծիծաղում: Նա սուրաց կողքովս բղավելով. «Վթար, մահացել են հինգ հոգի, հա, հա, հա, հա»:

Ես կանգնեցրի նրան:

Ես նրան ոչ սիրում էի, ոչ էլ խորշում նրանից: Չնայած բոլոր ջանքերիս, ես նրան չէի կարողանում սիրել, բայց և անհնար էր խորշել նրանից: Նա նման չէր մյուս լրագրավաճառ տղաներին: Նա աշխարհում ապրող մի մարդ էր` վատթարագույն վիճակում: Զգայուն էր ամեն ինչի նկատմամբ, բայց և ծիծաղում էր ամեն ինչի վրա:

«Սպասիր,- ասացի ես,- այստեղ ծիծաղելու ոչինչ չկա»:

Նա իսկույն հավաքեց իրեն.

«Ես չեմ ծիծաղում»,- ասաց:

Սատանան տանի, ես հասկացա, թե ինչ էր կատարվում: Նա չէր ծիծաղում, թվում էր, թե ծիծաղում է, բայց լաց էր լինում: Նա ծիծաղով էր լաց լինում:

«Լսիր,- ասացի ես,- դու ուրախ չես, որ մարդիկ են մահացել, չէ՞»: Նա շատ դժվարությամբ զսպեց ժպիտը. «Ոչ»,- ասաց:

«Դու ցավում ես, չէ՞»,- ասացի ես:

«Շատ եմ ցավում»,- ասաց նա:

«Ահա այն ամենը ինչ ուզում էի իմանալ»,- ասացի ես:

Նա վազեց փողոցն ի վար, իսկ ես մնացի համարյա քարացած, արցունքներն աչքերիս:

Նա մինչև 16 տարեկանը լրագիր վաճառեց: Հետո աշխատանքի ընդունվեց ինչ-որ մի մեծ պահեստում, շաբաթը իննից տասը դոլար աշխատավարձով: Չգիտեմ, թե ինչ էր անում նա այնտեղ, ենթադրում եմ, որ երբեմն գործ էր ունենում բեռնամբարձ մեքենայի հետ:

Կարծում եմ, որ բանվորներն ստիպում էին նրան այդ անել, որովհետև նա շատ էր վախենում մեքենաներից: Նա այդ անում էր, որովհետև պետք էր ապրուստ հայթայթել:

Ենթադրում եմ նաև, որ նա ծիծաղում էր: Չգիտեմ, ինչպես էր պատահել այդ, մի օր «Իվնինգ Հեռալդում» կարդացի, որ բեռնամբարձ մեքենան ճզմել էր նրան ու վայրկենապես սպանել: Բոլորն ասում էին, որ իր մեղքով էր: Խուճապի մատնված, որ բեռնամբարձը չկարողացավ կանգնեցնել իր տեղում և այն, որ բանվորները ծիծաղում էին իր վրա, ստիպեցին նրան թռչել մեքենայից, որը դեռ ընթացքի մեջ էր, մեքենան ճզմեց նրան:

Այս աշխարհում նա ապրեց 16 տարի ու շարունակ ծիծաղեց: Նա իր լացը սկսեց ծնված օրից` սրանից 10 դար առաջ, ու այնպես էլ լաց եղավ մինչև իր կյանքի վերջը:

Անգլերենից թարգմանեց Ս. Բուրսալյանը

Աղբյուր՝ Garoun.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում