Գալստյան կիրակի. անցավոր ժամանակը ծուլությամբ մի՛ անցկացրեք

Գալստյան կիրակի. անցավոր ժամանակը ծուլությամբ մի՛ անցկացրեք

Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթայի նախավերջին կիրակին կոչվում է Գալստյան, որը հիշեցնում է Փրկչի թե՛ Առաջին և թե՛ Երկրորդ Գալուստները: Առաջինով, այսինքն`Աստվածհայտնությամբ, մարդուն հնարավորություն տրվեց փրկությանն արժանանալու, քանդվեցին դժոխքի կապանքներն ու բացվեցին դրախտի դռները: Իսկ Երկրորդ Գալստյան հիշատակությամբ վերստին հիշում ենք, որ Քրիստոսը աշխարհի վախճանին «գալու է նույն մարմնով ու Հոր փառքով` դատելու ողջերին ու մեռածներին» («Հավատո հանգանակ»):

Սբ. Գրիգոր Տաթևացին, փրկության արժանանալու համար, խորհուրդ է տալիս ամեն ժամ բարին գործել, իսկ մեղքերի համար չզլանալ` զղջալ և ապաշխարել: Նա հետևյալն է ասում.

«Մարդն է բոլոր կենդանի էակներից ամենապատվականը, որ պարտավոր է մշտապես գործել. եթե չգործի, թռչուններն ու այն նվաստ կենդանիները կհանդիմանեն նրան, քանզի նրանք մշտապես գործում են, ինչպես ասում է Սողոմոնը. «Մրջյունի մոտ գնա, ո՛վ ծույլ, կամ մեղվի մոտ գնա, տես թե ինչպե՜ս գործունյա է նա»»:

Այս պատճառով է Քրիստոս ծուլացողներին ասում.

«Ինչո՞ւ եք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»:

Պետք է Տիրոջ այգին մշակել երկու պատճառով. նախ, որովհետև այս այգու տանուտերն Աստված է և խիստ մտահոգված է մշակներ վարձելու համար, այս պատճառով մշտապես մշակներ վարձելու է ելնում: Այգին` Աստծո եկեղեցին է, և ոմանք ասում են, թե սկսած Աբելից մինչև վերջին արդարները, որքան սուրբեր, որ եղել են, այնքան էլ Աստծո այգու մշակներն են: Եվ վարդապետների միջոցով սկզբից մինչև վերջ տարբեր ժամերին Աստված չի ծուլանում խնամել հավատացյալ ժողովրդին: Հետո Ինքն անձամբ դուրս եկավ, որովհետև մինչ այս մարգարեների և հրեշտակների միջոցով էր հայտնել Իր կամքը, և այժմ Նա անձամբ հայտնապես եկավ, և, հեթանոսներին անգործության մեջ ու բարությունից զուրկ տեսնելով, կանչեց նրանց: Ուրեմն, չպետք է անհույս լինենք Աստծո ողորմության պատճառով, որովհետև ամեն ժամ Աստված պատրաստ է մեղավորին ապաշխարության կանչելու, նույնիսկ մինչև խոր ծերություն, որովհետև մանկությունից մինչև ծերություն խնամում և ապաշխարության է կոչում նրան, ինչպես ասում է Եսայի մարգարեն.

«Դուք մինչև խոր ծերություն էլ, որ հասնեք, Ես նույնն եմ, Ես համբերությամբ պիտի տանեմ ձեզ, Ես ստեղծեցի և Ես էլ պիտի հանդուրժեմ, Ես պիտի ընդունեմ և փրկեմ ձեզ»:

Սքանչելի է Աստված, և քաղցր է Նրա ողորմությունը: Մայրը կերակրում է որդուն, երբ նա մանուկ է, կուրծք է տալիս և իր գրկում պահում, սակայն երբ մեծանում է, դուրս է թողնում, մինչդեռ Աստված մանկությունից մինչև ծերություն խնամում է մարդուն: Այգու տերը` Հայր Աստված է, իսկ գավառապետը` Քրիստոս է, Ում վերջին օրն Իր աթոռին է կանչում, ինչպես ասում է Պողոս առաքյալը.

«Մենք բոլորս պետք է կանգնենք Աստծո աթոռի առաջ» և տալիս է վարձը, սկսելով վերջիններից, նախ` ավազակին է տալիս, ասելով. «Այսօր ինձ հետ դրախտում կլինես», հետո` Ադամին, Նոյին, Աբրահամին, Մովսեսին և այլոց, ում ազատեց դժոխքից: Հարկ է արիությամբ բարի գործեր գործել, որովհետև Աստված չորս տուն շինեց, որոնք են` արքայությունը, դրախտը, սուրբ եկեղեցին և դժոխքը: Արդ, ծույլերը, որ երբեք բարիք չեն անում, ո՞ւր են գնում, ո՛չ արքայություն, ո՛չ դրախտ, ո՛չ եկեղեցի, որովհետև այստեղ եկեղեցում է մեղքերի քավությունը, ովքեր խոստովանում են և բարին գործում ու քավում իրենց մեղքերը: Նրանք, ով ծույլ են, չեն ապաշխարում և չեն քավում իրենց մեղքերը, ահա հայտնի է, որ դժոխք են գնում: Այսինքն, ծույլերը, ովքեր այստեղ չապաշխարեցին ու չքավեցին իրենց մեղքերը, այլ ծուլացան և ծանրացան մեղքերով, դժոխք են իջնում` սատանայի հետ հավիտենապես տանջվելու: Արդ, այն մասին, թե ինչո՞ւ է այդքան մեծ ծույլերի պատիժը, և գործավորների պարգևն այնքան մեծ: Օրինակ` սուրը, որ իր պատյանի մեջ անգործ է, ժանգոտվում է, բայց երբ գործածում են այն` անախտ ու մաքուր է մնում:

Այսպես է և մարդու հոգին` անգործ մնալով, ժանգոտվում է մեղքով, բայց երբ գործում է` անախտ է մնում: Նաև հագուստը, որ պահում են և չեն հագնում, ցեցոտվում ու փտում է, բայց երբ հագնում են` անփուտ է մնում: Այսպես ծույլը մեղքերի բազում որդեր է ծնում իր հոգում, իսկ գործունյան անվնաս է մնում: Սրա համար վարդապետներն ասում են, թե միշտ գործիր, որ սատանան, քեզ, գործի մեջ տեսնելով, չմոտենա, ինչպես ճանճը չի համարձակվում մոտենալ եռացող ջրին կամ կաթին, և միայն հանգստանալու և սառելու ժամանակ են հավաքվում ճանճերը:

Այդպես էլ դևերն են մարդու հոգու հանդեպ` փախչում են գործավորից և պարապ մարդու մոտ գնում: Պետք է գործել, որովհետև որքան ժամանակ, որ այս աշխարհում ենք, այնքան ապաշխարության տեղում ենք, ո´չ թե հանգստավայրում: Սատանան նախ փառք սիրեց ու հանգստացավ և սրա համար դժոխք մտավ, նույնպես և հիմար կույսերը, որ ծուլացան այստեղ և հետո, այնտեղ, գնացին յուղ գնելու: Փեսան եկավ, և ով պատրաստ էր մտավ հարսանիքի սրահը, իսկ նրանք դուրս մնացին և ասացին.

«Տե՛ր, Տե՛ր, բաց արա», և Նա ասաց. «Ձեզ չեմ ճանաչում»: Որի համար էլ հանուն Քրիստոսի սիրո աղաչում եմ ձեզ, անցավոր ժամանակը ծուլությամբ մի´ անցկացրեք:

Մենք պետք է այստեղ գործենք բարին, որպեսզի այնտեղ հատուցվի, այստեղ սերմանենք և այնտեղ հնձենք, այստեղ բաժանենք և տանք աղքատներին և այնտեղ հավաքենք հավիտենական կյանքում, այստեղ պատրաստենք ողորմության յուղը և այնտեղ իմաստուն կույսերի հետ մտնենք լույսի առագաստն ի Տեր մեր Հիսուս Քրիստոս, Ով օրհնյալ է հավիտյանս հավիտենից ամեն»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Holytrinity.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում