Քառասնօրյա ապաշխարություն

Քառասնօրյա ապաշխարություն

«Ապաշխարե՛ք և դարձի եկեք. ձեր մեղքերը ջնջելու համար, որպեսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայությունից»: Գործք Գ 19-20

Մեր կյանքում կա մի շրջան, որը կոչվում է եկեղեցական Մեծ պահք: Այն քառասնօրյա մի շրջան է, ուր Աստծուն հավատացող մարդը հրավիրվում է ինքնաքննության…

Եկե՛ք կենտրոնացնենք մեր մտածումները երկու հիմնական կետերի վրա. Մեծ պահքի ապաշխարության օրերի քառասուն թվի և ապաշխարության էության շուրջ:

Փախուստ Եգիպտոսի գերությունից: Եբրայեցի ժողովուրդը, Եգիպտոսի ստրկության կապանքների մեջ տառապելով, չմտածեց այդ գերությունից դուրս գալու մասին, մինչև որ եկավ Աստծո սահմանած ազատարարը և իրենց ազատեց ստրկության կապանքներից: Բայց ազատության իրավունքը վայելելու համար Իսրայելը պետք է մի գին վճարեր և այդ գինը քառասուն տարի անապատային կյանքն ապրելով վճարեց: Մենք մեր ազատագրությունը Քրիստոսի ձեռքով ենք ստացել, ձրի՝ որպես շնորհ, բայց այդ ազատությանը արժանի լինելու և նրա հարգը իմանալու համար մենք փորձում ենք ապրել քառասնօրյա կամավոր մեկուսացում:

Թափառում անապատում: Մեր քառասուն օրը նույնպես մի թափառում է, թափառում՝ մեր հոգու անապատի մեջ, որպեսզի սովորենք, թե ինչպես Աստված մեր ամուլ հոգիները կկարողանա ջրարբի պարտեզի և պտղաբեր երկրի վերածել և հողեղեն Հացով առատացնել, եթե մենք մեզ Իր առաջնորդությանը հանձնենք:

Հին բարքերի թոթափում: Աստված նպատակային կերպով երկարացրեց Իսրայելի ժողովրդի թափառումը անապատի մեջ, որպեսզի նրանք թոթափեն իրենց եգիպտական բարքերը, կուռքերը, շռայլությունները, ցոփությունները և որպես նոր ժողովուրդ մտնեն իրենց խոստացված երկիրը: Մեր քառասուն օրը բավարարար ժամանակ և առիթ է, որ կարողանանք քննել և թոթափել մեզնից մեր օտարոտի բարքերը, Աստծո սրբությանը և սիրուն անհաշտ եղող մեր բոլոր մտածումները, ցանկությունները և գործերը, որպեսզի նորոգված հոգիներով կարողանանք ստանալ մեզ խոստացված ժառանգությունը:

Աստվածապաշտության մեջ դաստիարակություն: Եբրայեցի ժողովրդի համար անապատային քառասնամյա շրջանը առիթ էր նաև, որ նրանք Մովսեսի ձեռքով սովորեն աստվածային օրենքները… Իրենք Սինա լեռ չբարձրացան, և լեռն՝ ինքը, ամպի մշուշով ծածկվեց նրանց աչքերից: Բայց Աստծո մարդու՝ Մովսեսի շնորհիվ հաղորդվեցին Աստծո խորհրդին և խոսքին: Նույնպես և մեր քառասուն օրը առիթ է, որ մենք առանձնության մեջ խոկանք և Աստծո պատվիրանները սերտենք: Եվ թեպետ քառասուն օրերի ընթացքում Սուրբ Խորանը ծածկված կմնա մեր աչքերից, վարագույրով պատված, բայց Աստծո պաշտոնյաների ձեռքով կպահպանենք մեր հաղորդությունը Աստծո խորհրդի և հավիտենական խոսքի հետ:

Զատիկի ճաշակում՝ Ավետյաց Երկրի մեջ: Անապատային քառասնամյա շրջանը մի քայլք էր հատուկ նպատակակետը, որը, ի վերջո, հանգեցրեց արժանանալ Զատիկը Ավետյաց երկրի մեջ ուտելուն: Մեր քառասուն օրը անդադար քայլք է դեպի բարձունք, մագլցում է դեպի նոր Սինա, և որը պետք է մեզ հանգեցնի արժանավորապես մտնելու Աստծո Սրբարանը և ճաշակելու մեր Զատիկը:

…Մեր լեզվում ունենք երկու իրար մոտ բառեր՝ «ապաշավել» և «ապաշխարել», որոնք նույն երևույթի երկու տարբեր երեսներն են մատնանշում: «Ապաշավել» նշանակում է հետ դառնալ ընտրածից, հետ դառնալ որոշումից, չար մտածումներից, ուստի նշանակում է միտքը, մտադրությունը փոխել: Հիմնապես ապաշավելը կեցվածքի փոփոխություն է և գործածվում է նույնիսկ Աստծո համար: Ապաշավելը մարդկանց հատուկ արարք է, որով մարդիկ հրավիրվում են իրենց նախկին մտածելակերպը և ապրելակերպը փոխելու և դեպի նոր ուղղության դառնալով՝ նոր կեցվածք որդեգրելու:

…«Ապաշխարել» բառը նշանակում է գործած հանցանքի համար զղջալ, ցավ զգալ, մեղքը լալ և այդ մեղքը կամ հանցանքը քավելու համար որոշակի պատիժ կամ նեղություն կրել… Իր անձի թերությունները սրբագրելու ճամփան բռնած մարդը գիտի, որ հաճախ պիտի ցավ, երբեմն զրկանք զգա, որոշ իրականություններ ու ճշմարտություններ պիտի վիրավորեն իրեն, իր արժանապատվությունը, զղջումը հաճախ պիտի մինչև իր կոկորդը բարձրանա, իր տկարության գիտակցումը իրեն լացելու աստիճան պիտի խարանի: Ամեն մաքրություն ճիգով ու նեղությամբ է լինում: Ոսկին կրակի տառապանքի միջով է անցնում՝ իր զորությունն ու փայլը գտնելու համար: Նույնպես և Աստծո սիրուն դարձող ամեն մի անհատ նոր ծնունդ է, որը նույնպես պիտի երկունք անցնի՝ նոր արարած լինելու համար: Այդ երկունքն է ահա ապաշխարությունը:

Զարեհ արքեպիսկոպոս ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

Հետևեք մեզ նաև Telegram-ում