USD
EUR
RUB

Ավագ շաբաթ

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Ter-hambardzum.net: Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «ավագ» անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի:

Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով, որի մասին պատմում են չորս Ավետարանները. «Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա: Առաջից և հետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր և ասում. «Օրհնությո՛ւն Դավթի Որդուն, օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՛ւն բարձունքներում» (Մատթ. ԻԱ 8-9):

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. «Օրհնությո՛ւն Դավթի որդուն» (Մատթ. ԻԱ 15):

ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ՕՐԵՐԸ

Ավագ երկուշաբթի - Անպտուղ թզենու չորացում:

Նվիրված է աշխարհի` երկնքի ու երկրի արարչագործությանը: Այս օրը մտաբերում ենք այն դեպքը, երբ Հիսուսի անեծքով չորացավ անպտուղ թզենին (Մատթ. ԻԱ 18-22, Մարկ. ԺԱ 12-14, 20-25), և Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը (Մատթ. ԻԱ 12-17, Մարկ. ԺԱ 15-19, Ղուկ. ԺԹ 45-48, Հովհ. Բ 13-22): Բեթանիայից Երուսաղեմ վերադառնալիս Հիսուս քաղց է զգում: Եվ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով` մոտենում է նրան և նրա վրա տերևից բացի ոչինչ չգտնելով` թզենուն ասում է. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի»: Նույն պահին թզենին չորանում է: Հիսուս անիծելով տերևներով զարդարված, բայց անպտուղ թզենուն` փարիսեցիներին էր ակնարկում, ովքեր արտաքին բարեպաշտությամբ էին զարդարված, սակայն չունեին այդ բարեպաշտության հոգևոր պտուղը` բարի գործերը և ողորմածությունը:

Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի այս թզենու օրինակով: Ինչպես ասում է ս. Հակոբոս առաքյալը` «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակ. Բ 20):

Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը կատարվեց ի խնդիր հավատի մաքրության: Հիսուսը մտավ տաճար և շրջելով աղավնեվաճառների և լումայափոխների սեղանները` դուրս հանեց նրանց, ովքեր տաճարի մեջ առևտուր էին անում: Եվ ասաց. «Գրված է. «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք այն դարձրել» (Ես. ԾԶ 7, Երեմ. Է 11): Աստծո Տաճարը աղոթքի և պաշտամունքի տուն է, և չի կարելի այն առքուվաճառքի տեղ դարձնել: Իր այս արարքով Տերը մեզ սովորեցնում է սրբությունների հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել:

Ավագ երեքշաբթի - Տասը կույսերի առակը:

Ավագ երեքշաբթին մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես և երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման

Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում, եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ` խորհրդանշելով տասը կույսերին և իրենց ձեռքին պահելով մոմեր` հինգը վառվող, իսկ հինգը` հանգած: «Մանուկների ձեռքը վառվող մոմ են տալիս, որը խորհրդանշում է հավատքի լույսը, Աստծու պատուիրաններն աչքի առաջ ունենալը և գործելը` ըստ այս խոսքի. «Քո խոսքերը ճրագ են իմ ոտքերի համար» (Սաղմ. ՃԺԸ 105) (ս. Գրիգոր Տաթևացի, Քարոզգիրք Ձմեռան, էջ 61):

Օրվա ավետարանական պատգամն է. «Արթո՜ւն կացեք, որովհետև չգիտեք Տիրոջ գալստյան և ձեր բարի կամ չար գործերի քննության ո՜չ օրը և ո՜չ էլ ժամը»:

Ավագ չորեքշաբթի - Օծում և մատնություն:

Այսօր հիշատակում ենք այն մեղավոր կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, որ խորհրդանշում էր Նրա մոտալուտ մահը: Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը` յուղը վատնելու համար. «Կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»: Հիսուս նրանց ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. ԻԶ 6-13, Մարկ. 3-9, Հովհ. ԺԲ 1-11): Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի` Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ Տասներկուսից մէկը` Յուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթ. ԻԶ 14-15):

Ավագ հինգշաբթի - Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա:

Առտվոտյան մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը. օրհնեց, կտրեց և տվեց տասներոկւ աշակերտներին ու ասաց. «Առե՜ք, կերե՜ք, այս է Իմ մարմինը»: Ապա բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՜ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար» (Մատթ. ԻԶ 17-30, Մարկ. ԺԴ 12-26, Ղուկ. ԻԲ 7-14, 21-23, Հովհ. ԺԳ 21-30): Պատարագը իմաստավորվում է մարդկանց փրկության համար Քրիստոսի զոհաբերությամբ` խաչվելով, Իր արյունը հեղելով և Հաղորդության խորհրդի հաստատումով, որը Սուրբ Սեղանի վրա օրհնված և պատարագված հացն ու գինին են: Դրանք Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունն են և հոգևոր սնունդ` հավատացյալների համար. «Ով ուտում է իմ Մարմինը և ըմպում Իմ Արյունը, հավիտենական կյանք ունի» (Հովհ. Զ 55):

Ոտնլվա

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողությունը: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով (Հովհ. ԺԳ 5)` հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով: «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. ԺԳ 1-20):

Ոտնլվայի հիասքանչ արարողության ծիսակարգի ու աղոթքների հեղինակ է համարվում Ընդհանրական Եկեղեցու տիեզերալույս վարդապետներից սուրբ Եփրեմ Խուրի Ասորին (306-373): Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը (1066-1105) ԺԱ դարում այդ կարգը թարգմանել է հայերեն և ներմուծել Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգ: Հետագայում կարգը հարստացել է նաև զուտ հայկական շարականներով ու աղոթքներով, որոնցից են «Սիրտ իմ սասանի» և «Ուր ես, մայր իմ» գեղեցկահյուս մեղեդիներն ու Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խորիմաստ խրատը:

Եպիսկոպոսը կամ եկեղեցու քահանան տասներկու մանուկների կամ եկեղեցու սպասավորների հետ բարձրանում է խորան: Հոգևորականը խաչով ու Ավետարանով և «Թող օրհնվեն և սրբագործվեն այս յուղն ու ջուրը» խոսքերով օրհնում է խորանում դրված ջուրը և յուղը: «Պահպանիչ» աղոթքից հետո հոգևորականը վերցնում է սրբիչը, ծունկի գալիս և լվանում տասներկուսի ոտքերը և յուղով օծում: Արարողության վերջում կարդացվում է Ավետարան, ուր հիշատակվում է Քրիստոսի ձեռքով կատարված ոտնլվան: Հիսուս աշակերտների ոտքերը միայն ջրով լվաց, իսկ Ոտնլվայի արարողության ընթացքում յուղի օգտագործումը խորհրդանշում է Հիսուսի ոտքերին պոռնիկ կնոջ թափած անուշահոտ յուղը (Հովհ. ԻԲ 3):

Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղ, որը հավատացյալները գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է մի արարողություն, որը «Խավարում» է կոչվում: Սա արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին, սակայն Ավագ հինգշաբթի երեկոյան մութն ընկնելուց հետո է կատարվում:

Ավագ Ուրբաթ - Տիրոջ խաչելությունը և թաղումը:

Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը ծանրացած է խաչելության պատմության վրա: Ինչպես արդեն ասվել է, Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է «Խավարման» արարողությունը:

Խավարում

Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին և մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ և խաչափայտի վրա հոգին ավանդեց` մարդկության փրկության և մեղքերի քավության համար:

Արարողությունն սկսվում է այսպես. խորանի վրա վառվում են տասներկու հավասարաչափ մոմեր և մեկ հատ մեծ` նրանց միջև: «Խավարման» ընթացքում ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի` Գեթսեմանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի` ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի և Կայիափայի առաջ տարվելը, ապտակվելը, անարգվելը և Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավետարանական ընթերցումներն ընդմիջվում են սաղմոսների ընթերցանությամբ և սուրբ Ներսես Շնորհալու հեղինակած շարականներով:

Ամեն ավետարանական ընթերցումից հետո հանգցնում են տասներկու մոմերից երկուսը` յուրաքանչյուր կողմից մեկական, վերջում մնում է միայն մեջտեղի մեծ մոմը: Եվս մի շարականից հետո հանգցնում են եկեղեցու բոլոր լույսերը, և երգվում է «Փառք ի բարձունս»-ը, որն առաջին անգամ ասել են հովիվները. «Փա՛ռք Աստծուն` բարձունքներում, երկրի վրա` խաղաղությո՛ւն, և հաճությո՛ւն` մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14):

Այս երգի վերջին խոսքերից «Ծագեա»-ի ժամանակ դարձյալ վառում են լույսերը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը և փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր միայնակ:

Ավագ Շաբաթ - Դժոխքի ավերում, Ճրագալույցի պատարագ:

Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսոսի թաղմանը (Մատթ. ԻԷ 57-61, Մարկ. ԺԵ 42-47, Ղուկ. ԻԳ 50-56, Հովհ. ԺԹ 38-42) և գերեզմանի կնքմանը (Մատթ. ԻԷ 62-66): Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից (Մատթ. ԻԷ 57-60), փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի հանգստի ժամանակ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի մարմինը. «Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը» (Ղուկ. ԻԴ 54):

Հիսուս երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր մարգարեացել իր մասին. (Մատթ. Ի 19): Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք և ավերում այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին, ինչպես ուսուցանում է մեզ Եկեղեցու վարդապետությունը, այսինքն` ուսմունքը:

Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ և վառում: Հետագայում, սակայն, ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան պատարագը, որը մեր եկեղեցում կատարվում է բացառապես Ծննդյան և Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Զատկի` Ս. Հարության տոնի ճրագալույցի պատարագի ժամանակ, երբ տրվում է Քրիստոսի հարության ավետիսը, այս ավետիսով ավարտվում է Մեծ պահքը:

Զատիկ - Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը:

Ավագ շաբաթվա երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ կիրակի օրը Զատկական պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը մեզ` մարդ արարածներիս փրկության համար: Երբ Զատկական պատարագին լսում ենք «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը, մենք էլ մեր ձայնը բարձրացնենք, ականատեսները լինենք Քրիստոսի հարության` պատասխանելով.

«Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan