Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս

Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս

Հայ ժողովրդական գութաներգ է՝ Կոմիտասի մշակմամբ:

Կատարում է Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան: 

Հայաստանում օգտագործվող փայտե հայկական գութանը այլ երկրների փայտե գութանների կողքին ամենակատարյալն է եղել: Ամեն տեսակ հողեր մշակելու համար դրան լծում էին 4-12 զույգ եզ և գոմեշ: Փայտե գութանը լեռնային վայրերում հարատևեց մինչև 1930-ականները: Գործարանային գութանի և տրակտորի տարածմամբ գութանը գործածությունից դուրս եկավ:

Գարնանացանն ավարտելուց հետո լծկանին որոշ ժամանակ արոտ էին արձակում, և ապա սկսում գութանավարը: Լավ վարելու համար հողագործները իրար հետ միանալու սովորություն ունեին: Ազգականները կամ հարևանները միավորվելով կազմում էին համկալ: Լինում էր, որ միջին կարողությունների տեր մի քանի ընտանիք համատեղ ջանքերով ձեռք էին բերում մեկ գութան:

Առաջինը վարում էին գութանատիրոջ հողերը, ապա մյուսներինը: Մաճկալը դառնում էր գութանատերը կամ համկալի ամենահմուտ երկրագործը: Մաճը գութանի կոթն էր, որը բռնելով գութանին և նրա բացած ակոսին տալիս էին անհրաժեշտ ուղղությունը:

Մաճկալը պետք է նաև ղեկավարեր աշխատող 5-8 հոգանոց անձնակազմը: Համկալի աշխատանքը տևում էր 25-40 օր: Աշխատողներին սննդով ապահովելու և անասուններին խնամելու համար արտի տերը պարտավոր էր օրական երեք անգամ կերակրել մարդկանց: Անասունները գիշերվա ընթացքում արածում էին արոտներում և հանգստանում մինչև լծելու պահը՝ Լուսաստղի երևալը: Արևամուտից հետո անձնակազմը քնում էր արտում, իսկ մաճկալը, սովորության համաձայն, մեջքը գութանին հենած:
Լծկանները տարիների ընթացքում վարժվում էին ոգևորող գութաներգերին, որոնցով նկատելիորեն բարձրանում էր աշխատողների տրամադրությունը և լծկան անասունների աշխատունակությունը:

Այս երգի առաջին հատվածում գութանով աշխատողը կանչում է եզին, ոգևորում, որ ձիգ տա՝ գութանը տեղից շարժելու համար: Հետո ասում է՝ Աստված պահի քո տիրոջը, մաղթում է, որ Աստված պահի հայ գյուղացուն առհասարակ: Հաջորդ տողերում նա երգում է, որ գութանը կազմ ու պատրաստ է և եզները լծված, իսկ գութանի խոփը հազիվ է զոդած: Այս էլ այն մասին է, որ գութանը սարքին պահելը հեշտ գործ չէ և մի կերպ են կարողացել նրա խոփը զոդել: Հաջորդ տողերում երգում է, որ Տերը կգնահատի աշխատավոր մարդու արդար վաստակը և կհատուցի նրա կրած դժվարությունները:

Այստեղ կարծես թաքնված խնդրանք կա, որ տարին նպաստավոր լինի բերքի համար: Այս մտքի շարունակությունն է կարծես վերջին քառատողը, որտեղ ոգևորելով մշակին, որպեսզի եռանդով ցանի սերմը, ասում է, որ սուրբ է նրա փեշակը, և թող նրա մեկն Աստված հազար անի:

Երգի խոսքերը՝

Ձիգ տու, քաշի, ա՛յ եզը,
Արա հո, հո, արա հո,

Լուծըդ մաշի, ա՛յ եզը,
Աստված պահե քու տերը,
Մի՛նն էլ տաշի, այ եզը:
Մեր գութանը օդած ա,
Եզանց ուսը նոթած ա,
Վարե, վարե, այ գութան,
Հազիվ խոփը զոդած ա:
Շողքըն ընկավ ծըմակին,
Աստված կըտա մըշակին,
Սուր գութանը ծիր գընաց,
Տեր-մըշակը քամակին:
Սերմե, սերմե, այ մըշակ,
Սուրբ ա, սուրբ ա քու փեշակ,
Մինը հազար տուր, Աստված.
Քե՛զ ձեն կըտան, տեր-մըշակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում