USD
EUR
RUB

Թումանյանի հետքերով

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Թբիլիսահայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի՝ «Թումանյանի հետքերով» խորագիրը կրող ցուցահանդեսը բացվեց Հայաստանի նկարիչների միությունում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Այն գործելու է մինչեւ ապրիլի 21-ը:

Ցուցահանդեսում ներկայացված են գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի 58 աշխատանքները, որոնք ստեղծվել են մեծն Թումանյանին առնչություն ունեցող վայրերում։ Մասնավորապես, նկարիչը եղել է Թումանյանի ծննդավայրում՝ Լոռվա Դսեղ գյուղում եւ բոլոր այն վայրերում, ուր սիրել է լինել Ամենայն հայոց բանաստեղծը։ Դա նախ եւ առաջ Դսեղի շրջակայքն է՝ իր պատմաճարտարապետական հուշարձաններով (Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ եկեղեցի, Սուրբ Քառասնից Մանկանց եկեղեցի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Քառակող կոթող, Սիրուն խաչ եւ այլն), բնության գողտրիկ անկյուններով, գյուղական հին միջավայրով։

Այնուհետեւ գեղանկարիչը իր վրձնահարվածներով ճամփորդել է դեպի Ախթալա, Շուլավերի, Բորժոմի, Ջավախք, Աբասթուման եւ հասել պատմական Թիֆլիս եւ նորօրյա Թբիլիսի՝ գեղանկարչական ինքնատիպ գույներով ու երանգներով՝ ներկայացնելով այն միջավայրը, ուր ապրել ու գործել է մեծ գրողը՝ ստեղծելով եւ ձեւավորելով ինքնատիպ ու հետաքրքիր թումանյանական աշխարհ։ Թենգիզ Միկոյանցի ամեն մի կտավն այդ աշխարհի արտացոլումն է, գեղարվեստական մարմնավորումը եւ բարձրարվեստ մեկնաբանությունը։

«Անցած տարվա աշնանն էր,- պատմում է փառատոնի կազմակերպիչներից «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը,- Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ կազմակերպված «Համագործակցության եւ բարեկամության ներկապնակ» բացօթյա գեղանկարչության միջազգային փառատոնի մասնակիցները Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում՝ Դսեղում էին եւ գյուղի միջավայրը, շրջակա բնությունը գերել էր տարբեր երկրներից եկած արվեստագետներին։ Նրանք համարյա առանց դադար առնելու սկսեցին նկարել՝ հենց տուն-թանգարանի մատույցներից՝ տարածվելով ողջ գյուղով ու շրջակայքով։ Իսկ Վրաստանից եկած մեր հայրենակից՝ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը պարզապես հայտարարեց՝ ես մնում եմ Դսեղում։ Պատասխանեցի՝ համաձայն եմ… Իսկ փառատոնի ավարտից հետո՝ Երեւանում բացված իր անհատական ցուցահանդեսի ժամանակ նրան հիշեցրի այդ մասին եւ մեկ շաբաթ անց Թենգիզը Դսեղում էր ու իր վրձնահարվածներով փորձում էր հասկանալ թումանյանական աշխարհը՝ գնալով մեծ բանաստեղծի ոտնահետքերով։ Դսեղում գտնվելով՝ Թենգիզ Միկոյանցը երկու տասնյակի չափ պատկերներ ստեղծեց։ Գեղանկարիչը թումանյանական հասցեներով ստեղծագործական որոնումները շարունակեց Վրաստանի մայրաքաղաքում՝ փորձելով հասկանալ հին Թիֆլիսը, քաղաքի այժմյան այն հասցեները, որոնցում ապրել եւ գործել է Հովհաննես Թումանյանը։ Թբիլիսիից հետո ստեղծագործական ճամփաները նրան տարան Ջավախք, Բորժոմի, Մանգլիս, այլ վայրեր, որոնք եւս կապվում են հայոց մեծ բանաստեղծի անվան հետ։ Նկարիչը ձգտել է իր յուրօրինակ ձեռագրին համապատասխան ներկայացնել թումանյանական աշխարհը։ Արդյունքը այն հիսուն աշխատանքներն են, որոնք ներկայացված են արվեստասերին Թենգիզ Միկոյանցի ցուցահանդեսում»։

Մեր զրույցը շարունակում ենք մյուս կազմակերպչի՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ: «Ցուցահանդեսը ինքնատիպ է, հետաքրքիր,- ասում է նա,- այս անգամ վիրահայ ճանաչված նկարիչ Թենգիզ Միկոյանցի վրձնահարվածներում թումանյանական վայրերն են։ Ինչպես եւ սպասելի էր՝ դրանք սկսվում են Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրից՝ Դսեղից։ Պատկերները մերօրյա են, բայց եւ մեկդարյա հիշողությունների արձագանքներով։ Ուստի պատահական չէ, որ նկարիչը ձգտել է հասկանալ թումանյանական աշխարհը՝ Դսեղի եւ շրջակայքի եկեղեցիները, վանքերը, պատմաճարտարապետական մյուս հուշարձանները։ Այս վայրերում սիրում էր լինել Թումանյանը, առավել եւս այն ժամանակ, երբ Դսեղ էին գալիս նրա գրչակից ընկերները եւ մերձավորները։ Պատահական չէ, որ նկարիչը մեզ պատկերներ է մատուցում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր, Քառասնից Մանկանց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներից, Քառակող կոթողից, Սիրուն խաչից, Խաչելության խաչքարից եւ այլ պատմական վայրերից։ Այնուհետեւ Թենգիզ Միկոյանցը իր վրձնահարվածներով տեղափոխվում է Թբիլիսի՝ գնում պատմական Թիֆլիսի այն վայրերով, որոնք առնչվում են Թումանյանին՝ Հարանց վանք, Սուրբ Գեւորգ տաճար, Սուրբ Նորաշենի եկեղեցի, Ներսիսյան կաճառ եւ այլն, նաեւ ապավինում պատմական հիշողությանը՝ դարձյալ ինքնատիպ պատկերների տեսքով ու թիֆլիսյան բազմազան ներկապնակով»:

Իսկապես, ահա գունագեղ Սոլոլակը՝ դեպի կախարդական աշխարհ բացվող դռներով ու նեղլիկ փողոցներով: Գունապնակը խառնվում է, ու Սոլոլակի փողոցներով, կարծես, Թումանյանի ու Գեւորգ Բաշինջաղյանի հետեւից իջնում ենք ներքեւ, դեպի Սուրբ Գեւորգ եկեղեցի, դեպի Սայաթ-Նովայի սուրբ գերեզման: Ահա Նարիկալայի ստորոտ տանող նեղլիկ փողոցները, որտեղ գյուղից քաղաք եկած երեխայի բախտի ուրվականն է քամու հետ թեւում: Այս փողոցում ով գիտի քանի Գիքոր է մրսել… Հետո մտովի Թենգիզի հետ շարունակում ենք գեղանկարչական ճամփորդությունը՝ հասնելով Ախալքալաք, Ախալցխա, Բորժոմի, Մանգլիս, Կոջորի, ուր նա մեծ բանաստեղծի ուտնահետքերն է փնտրում ու պատկերացրեք գտնում արվեստագետի վարպետաց վրձնահարվածների տեսքով։ Անշուշտ, նկարների այս շարքը նաեւ Թենգիզ Միկոյանցի ստեղծագործական երազն է եւ դա այժմ ամեն մեկինս է։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին տարբեր տարիքի եւ ճաշակի արվեստագետներ: Անշուշտ, նրանց միավորում էր սերը Թումանյանի նկատմամբ, իսկ ցուցահանդեսը հարգանքի ինքնատիպ տուրք էր մեծն բանաստեղծի ծննդյան 150-ամյակի հոբելյանին:

Ժամանակակից տեխնիկական միջոցներով ցուցահանդեսի բացմանը Գերմանիայի Հայդելբերգ քաղաքից հետեւում էր Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը, ով իր գոհունակությունը արտահայտեց այս աննախադեպ հետաքրքիր ու բազմազան գեղանկարչական աշխատանքների նկատմամբ։ Նա ընդգծեց, որ նման բարձրակարգ ոգեկոչումներն ավելի քան անհրաժեշտ են մեծն Թումանյանին երիտասարդ սերունդներին հասկանալու համար:

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ

Լրահոս
Մհեր Արշակյան. Բանաստեղծություններ Ռաֆայել Նահապետյան. Փախուստ Մաքրիր ինձ խղճմտանքիցս, Տե՛ր Ազնավուրի 95-ամյակին ընդառաջ Փարիզում հուշատախտակ է բացվել մեծանուն շանսոնյեի պատվին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄԷ-ում հանդես եկավ հանդուրժողականության մասին բանախոսությամբ Պրեմիերա՝ օպերայի և բալետի թատրոնում Ալեն Դելոնը ստացել է պատվավոր «Ոսկե արմավենի» Մեղավորի հոգին Պարույր Սևակ «Մարդ էլ կա, մարդ էլ» Հայերը պահպանել են աշխարհի ամենափոքր աղոթագիրքը Երաժիշտները նվագել են սառույցից պատրաստված գործիքներով «Մահն ու կյանքը լեզվի վրա են» Լատվիայում ՀՀ դեսպանը հաղորդում է բացառիկ միջոցառման մասին Հայ երիտասարդ ռեժիսորները՝ Քիշինևում «Զվարթնոց»-ում կբացվի «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես«Զվարթնոց»-ում կբացվի «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես Սերրգեյ Սարինյան Բրիտանացին 293 դոլարով կտավ է գնել ու պարզել, որ այն Պիկասոյի՝ 1 մլն դոլարանոց աշխատանքներից է Դանիէլ Վարուժան. Մայիսի մէկ Եղիշե Չարենց «Զարմանալի աշուն» Սրբազան Պարտաճանաչությունը Երևանի համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին Հայերենացրեք հայերենը Համո Սահյան, բանաստեղծություններ և ասույթներ «Արցախի նման կարգավիճակ ունեցող երկրներն աշխարհին ասելիք ունեն մշակույթով» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Շոպենի և Բորոդինի ստեղծագործություններից Արման Նավասարդյանը կմասնակցի Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին Մահացած որևէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա դաջվածքներ մի արեք «Եթե հայ մարդուն մի քար և մի մուրճ տաս, անպայման մի խաչքար կտաշի, որովհետև հայի մեջ դարավոր մշակույթ է նստած» Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Գուրգեն Մահարի․ Բալլադ Չալոյի և առաջին սիրո մասին Հովհաննես Թումանյան․ Գիշեր Էջմիածին. Անուշավան եպս. Ժամկոչյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին համաշխարհային երաժշտական հարթակներում կներկայացնի Only Stage գործակալությունը Բրիտանացի լեզվաբանը վերծանել է 600 տարի առաջ գրված առեղծվածային գրքի՝ Վոյնիչի ձեռագրի բովանդակությունը Արամ Ավետիսի«Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդեսը` շուտով Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ Թբիլիսիի փողոցներից մեկը կանվանակոչվի կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի պատվին Թադևոս Տոնոյան․ Պատժաբաժին Սամվել Մարգարյան․ Սխրանք Չուլպան Խամատովան կմարմնավորի Ռաիսա Գորբաչովային
website by Sargssyan