USD
EUR
RUB

«Նման աշխարհում ոչ ոք չի կարող երջանիկ լինել, եթե Մարդ է իսկապես»

 

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Irates.am: Դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա թարգմանությամբ լույս ընծայված շվեյցարացի աշխարհահռչակ արձակագիր և դրամատուրգ Ագոտա Կրիստոֆի «Երկվորյակների եռապատում» ծավալուն ժողովածուի մասին, որում տեղ են գտել «Հաստ տետրը», «Ապացույց», «Երրորդ սուտը» վեպերը: Անահիտ Թոփչյանի բնորոշմամբ՝ «Երկվորյակների եռապատումը» պատմական որոշակի ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությունն է երեք վեպերի մեջ:

- Երեք տարի առաջ Ձեր թարգմանությամբ լույս տեսավ Ագոտա Կրիստոֆի պիեսների ժողովածուն` «Հրեշը» վերնագրով: Գիրքը, իսկապես, բացառիկ երևույթ էր ոչ միայն նրա համար, որ առաջին անգամ էր ներկայացվում հայերեն, այլև, որ առավել քան համահունչ է արդի աշխարհի տագնապներին:

- Քիչ է ասել «համահունչ», այն պարզապես մարգարեական է: Ապշել կարելի է, թե ինչպես տասնամյակներ առաջ իր այլաբանական պիեսներում կանխատեսել է մեր օրերում ծայր առած և ահագնացող քաղաքական մղձավանջներն ու աշխարհով մեկ տարածվող արյունահեղությունները:

- Այդ պիեսների լույսընծայման առիթով մեր թերթում տպագրված հարցազրույցում («Այդ գործերն արդեն, ցավոք, լոկ գեղարվեստական հնարանք չեն», 22.11 .2016 թ.) խոսում էիք նաև նույն հեղինակի վիպական եռապատումի մասին, ասելով, թե շատ կուզեիք դա ևս թարգմանել, միաժամանակ ափսոսանքով նշում, որ չեք կարող, քանի որ «սեփական ծրագրերը կան, որոնք հերթի են դրված»: Սակայն երկու տարի անց հրատարակեցիք այդ ծավալուն եռագրությունը հայերեն: Ինչպե՞ս հասկանալ այս փոփոխությունը, Ձեր «սեփականը» ստեղծելու պլանները հետաձգվեցի՞ն հանուն այս վեպերի թարգմանության:

- Ոչինչ չի հետաձգվել: Ես վաղուց սովոր եմ միաժամանակ տարբեր «ճակատներում» աշխատելուն: Մասնագիտական այդ ունակությունը ձեռք եմ բերել իմ դերասանական բուռն գործունեության տարիներին, երբ մեկ օրվա ընթացքում, վաղ առավոտից մինչև երեկո, պիտի մասնակցեի նկարահանման, այնուհետև ձայնագրման` ռադիոյում կամ հեռուստաներկայացման փորձին, իսկ երեկոյան բեմ դուրս գայի թատրոնում: Այնպես որ, չեմ կարող ամբողջ օրվա ընթացքում միայն մեկ գործով զբաղվել, պիտի անպայման, գոնե մեկ-երկու ժամ, «հանգստանամ» մեկ այլ, համեմատաբար ավելի թեթև գործի վրա: Պարզապես վերջին երկու տարում իմ ժամանակի մի զգալի մասը հատկացնում էի թարգմանությանը: Կար նաև հետևյալ հանգամանքը. ես արդեն յուրացրել էի այդ հեղինակի ոճը, ինձ ազատ էի զգում նրա ստեղծագործական տիրույթներում, հետաձգելու դեպքում այդ հարազատությունը կարող էի կորցնել, և դժվար կլիներ վերսկսել մեկ անգամ արդեն ձեռք բերվածը: ՈՒստի որոշեցի միանգամից անցնել եռապատումի թարգմանությանը և կարողացա ավարտել համեմատաբար կարճ ժամանակում:

- Ի՞նչ ընդհանրություն և տարբերություն եք տեսնում միևնույն հեղինակի պիեսների և վեպերի միջև: Նույն ձեռագի՞րն է:

- Ձեռագիրը, անշուշտ, նույնը չէ, և պատճառը միայն ժանրային տարբերությունը չէ` թատերախաղ և վիպական արձակ: Եթե «Հրեշը» ժողովածուն կազմված էր բացառապես հակաուտոպիական-այլաբանական գործերից, ապա «Երկվորյակների եռապատումը» պատմական որոշակի ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությունն է երեք վեպերի մեջ: Հեղինակը երկվորյակ եղբայրներ Կլաուսի և Լյուկասի ողբերգական ճակատագրով պատմում է համաշխարհային երկրորդ պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների մասին: Առաջին իսկ էջերից տեսնում ենք դաժան աշխարհի մեջ հայտնված երկու երեխա, որոնք, հոգու խորքում մնալով մաքուր, այնուամենայնիվ, ապրել կարողանալու համար ստիպված են որդեգրելու այդ իրականության անմարդկային սկզբունքները` իրենց հանդեպ դաժանություն կիրառողներից երբեմն լինելով ավելի դաժան: Քննադատներից մեկը Ա. Կրիստոֆի պերսոնաժներին համեմատում է Ջիակոմետտիի արձանների հետ, որոնք, իրենց հերթին, հիշեցնում են համակենտրոնացման ճամբարների կալանավորներին. մարդն ընդամենը կաշի է, ոսկոր և տառապյալ հոգի:

- Պիեսները թարգմանելիս Ձեզ անշուշտ օգնել է բեմական հարուստ փորձը, իսկ կարո՞ղ ենք ասել, որ վիպաշարը թարգմանելիս օգտակար եղավ արձակագրի ոչ պակաս հարուստ փորձը:

- Պատկերացրեք, որ այնքան էլ դյուրին չէր: Ա. Կրիստոֆի արձակը մի հետաքրքիր առանձնահատկություն ունի, ասես իր համար մի նոր լեզու է ստեղծել ծանոթ ու դարերի ընթացքում մշակված լեզվի մեջ: Ստիպված էր ստեղծել` Շվեյցարիայում հայտնվելու առաջին իսկ օրվանից, երկու «լռությունների» արանքում. լռում էր մայրենի լեզուն (հունգարերենը), քանզի ոչ մեկին պետք չէր, և ֆրանսերենը, որին դեռևս չէր տիրապետում: Ես առիթներ ունեցել եմ շվեյցարացի ֆրանսագիր տարբեր հեղինակների թարգմանելու, հատկապես դրամատուրգների: Նրանց պերսոնաժները, որքան էլ արտահայտվում են արդի խոսակցական լեզվով, այնուամենայնիվ մնում են նորմայի սահմաններում, և հասկանում ես, որ հատուկենտ «խախտումները» կատարվում են կերպարի որոշ առանձնահատկություններն ընդգծելու համար: Մինչդեռ Ա. Կրիստոֆի լեզուն, հատկապես վեպերում, երկու «լռությունների» արանքում ծնված ֆրանսերենն է: ՈՒստի զգացվում է, որ դա յուրացված լեզու է, մի տեսակ անբնականություն կա: Ի դեպ, հեղինակն ինքն է խոստովանում, որ իր ֆրանսերենը տարօրինակ է: Եվ որքան էլ անհավատալի թվա, այդ «տարօրինակությունը» յուրահատուկ հմայք է հաղորդում նրա արձակին:

- Դուք այնպես եք յուրացրել նրա գրականությունը, որ Ձեզ հաջողվել է հայերենում այդ «տարօրինակության» համարժեքը գտնե՞լ:

- Թերևս: Այդ «տարօրինակությունը» բացատրվում է նաև շվեյցարական մշակույթին բնորոշ մի առանձնահատկությամբ, որն արվեստաբաններն անվանում են art brut, այսինքն` անմշակ արվեստ: Իրականության նաիվ ընկալումը հատուկ է պրիմիտիվիստների արվեստին: Ի միջի այլոց, աշխարհում art brut-ի ամենամեծ թանգարանը գտնվում է Լոզանում:

- Ինչպե՞ս է կարողանում նման ընկալումով շոշափել մեր ժամանակների բարդ խնդիրները:

- Կարողանում է և բավական հաջող: Դա չխաթարված, անմիջականությունը պահպանած նախնական մարդու սոսկումն է արդի աշխարհի թատերաբեմում ծավալվող արյունալի իրադարձություններից: Հենց այդ հայացքն է նրան օգնում գեղարվեստորեն համարժեք վերաբերմունք ցուցաբերելու: Մարդկությունն արդեն ընտելացել է, ավելի շուտ ընտելացրել են փոքր ու մեծ պատերազմներին, արյունահեղություններին, երկնագույն էկրանից ամեն օր այդ մղձավանջն է մեզ մատուցվում: Հետևողականորե՛ն: Պոլիտկոռեկտությամբ ամորձատված հանրությունը ախուվախ է անում և տեղնուտեղը մոռանում: Մինչդեռ Ա. Կրիստոֆի նկարագիրն ունեցող մտավորականը չէր կարող նման երևույթներին անտարբեր նայել:

- Հետաքրքիր է, որ 1956 թ. փրկվելով նման մի մղձավանջից և հաստատվելով խաղաղ ու անդորր Շվեյցարիայում, թվում է պիտի ամեն ինչ մոռանար և վայելեր այդ անհոգ կյանքը, սակայն տագնապի զգացումը նրանում ավելի է սրվել:

- Եվ այն աստիճանի, որ անցյալ դարի 80-ականներին գրված պիեսներում կանխատեսել է այսօրվա ապամարդկայնացած աշխարհը: Դրանով է տարբերվում իսկական մտավորականն անիսկականից, որը թքած ունի աշխարհի հոգսերի վրա և լոկ «սեփական փառքն է քարշ տալիս պարանով», և բավական հաջող, ինչպես այսօր ոմանք մեզանում: Ի դեպ, այդ կանխազգացումները բնորոշ են շվեյցարական գրականությանը: Շառլ-Ֆերդինանդ Ռամյուզը 1936 թ. գրված «Եթե արևը չծագի» վեպում հստակորեն գուշակում էր մոտալուտ աշխարհացունց պատերազմը, իսկ Մաքս Ֆրիշը, 1959 թ. գրված «Բիդեռմանը և հրձիգները» հանճարեղ պիեսում արդի աշխարհի մի շարք երկրներում չմարող պատերազմական հրդեհների բոցերն էր տեսնում: Ի դեպ, 1998 թ. ես բախտ ունեցա այդ պիեսի հոյակապ բեմադրությունը տեսնելու Լոզանում և մի ընդարձակ գրախոսություն գրեցի, որը լույս տեսավ Փարիզի «Ռուսսկայա միսլ» շաբաթաթերթում և «Գարուն» ամսագրի շվեյցարական համարում: Ռամյուզից և Ֆրիշից զատ, մեկ այլ նշանավոր շվեյցարացի՝ Դենի դը Ռուժմոնը, այդ հատկությունն անվանում էր «շվեյցարական անհանգստություն», երբ պատերազմներից պաշտպանված երկրի գրողը մտահոգված է ուրիշ երկրների և ժողովուրդների ճակատագրով:

- «Եռապատումը», սակայն, ներկայացնում է ոչ այնքան սպասվելիք իրադարձությունները, որքան ընթացողը, կատարվածը և դրանց հետևանքները մարդկային ճակատագրերում:

- Իսկապես, և եթե պիեսներում իշխում է գերիրականը, նույնիսկ ֆանտաստիկը, ինչը բնորոշ է հակաուտոպիային, ապա վեպերում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմը և հաջորդած տարիները: Մենք հասկանում ենք, անշուշտ, որ դեպքերը տեղի են ունենում Հունգարիայում, որը, ի դեպ, հիտլերյան Գերմանիայի դաշնակիցն էր, որ գերմանացիների պարտությունից հետո կոմունիստական վարչակարգ է հաստատվում և որ, վերջապես, տեղի է ունենում Բուդապեշտի ապստամբությունը: Ասում եմ` «հասկանում ենք», քանի որ վեպերում աշխարհագրական և այլ կարգի որոշակիություն չկա: Չի գրվում, օրինակ, որ խորհրդային բանակը եկավ և գերմանացիներին քշեց, որ զինվորները ռուսերեն էին խոսում, և այլն:

- Իսկ այդ անորոշությունը չի՞ խանգարում ընթերցանությանը, վեպի ընկալմանը:

- Ընդհակառակը, օգնում է հասկանալու, որ պատերազմը զուտ տեղական բնույթի աղետ չէ, այլ ուղղակիորեն առնչվում է մեզնից յուրաքանչյուրին, անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում: Եվ ինչն է հետաքրքիր, որ Ա. Կրիստոֆը փաստորեն լինելով քաղաքական վտարանդի, իր մեղադրականը չի հասցեագրում որոշակիորեն այս կամ այն վարչակարգին: Պիտի կրկնեմ մեր նախորդ հարցազրույցում արտահայտած դիտարկումս. Ջորջ Օրուելի հանրահայտ «1984» վեպը կարդալիս հասկանում ենք, որ հեղինակը որոշակիորեն նկատի ուներ ԽՍՀՄ-ը` որպես աշխարհում տեղի ունեցող բոլոր աղետների մեղավոր: Սակայն երեսուն տարի է «չարիքի կայսրությունն» այլևս գոյություն չունի, իսկ աղետները ոչ միայն շարունակվում են ու տարածվում, այլև ահագնանում: Նույն պատկերն ենք տեսնում Ա. Կրիստոֆի վեպերում` հեռացան ֆաշիստները, եկան կոմունիստները, իսկ սարսափները մնացին ու շարունակվեցին` դժբախտացնելով անհատներին, ընտանիքներին ու ազգերին:

- Թերևս դրանով է բացատրվում, որ happy end-ը բացակայում է Կրիստոֆի գործերում:

- Իսկապես: Հերոսներից մեկն ասում է. «Գիրքը, որքան էլ տխուր լինի, չի կարող կյանքից ավելի տխուր լինել»: «Եռապատումն» ավարտվում է եղբայրներից մեկի ինքնասպանությամբ, մյուսն էլ պատրաստվում է դիմելու նույն քայլին, և ընդհանրապես երեք վեպերում չկա մի պերսոնաժ, որը քիչ թե շատ երջանիկ լինի: Բոլորը, այսպես թե այնպես, դժբախտ են: Եզրակացությունը հետևյալն է` նման աշխարհում ոչ ոք չի կարող երջանիկ լինել, եթե Մարդ է իսկապես։ Կամ, ինչպես իմ հերոսուհին էր ասում «Անհասցե տիկինը» մոնոդրամում. «Ոչ ոք չի կարող փրկվել, երբ փրկված չեն բոլորը»:

- Հիմա, երբ ավելի խորացաք Ագոտա Կրիստոֆի գրականության մեջ, հնարավո՞ր է առաջիկայում մի նոր գործ թարգմանեք նրանից:

- Չի բացառվում:

Էջը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լրահոս
Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններին է Վաշինգտոնում կայացել է Կոմիտասին նվիրված համերգ Աղոթք․ Երեկոյի ժամի Շահադիտությունը խոչընդոտում է Աստծու հետ հաղորդակցվելուն Մայր Աթոռի հրատարակած գրքերը ցուցադրվեցին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում Կանցկացվի «Դոլչե վիտա նոն ստոպ» համերգային ծրագիրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին Կամերային նվագախումբը և Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը հանդես կգան համերգով Ավետիք Իսահակյան․ Հայրենի հողը Համո Սահյան․ Եվ ի՞նչ է տվել․․․ Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողները համերգներով կշնորհավորեն Երևանի տոնը Եղիշե Չարենց․ Եվ երբ դադարեց... Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Պատկերասրահից 32 վայրկյանում գողացել են Դալիի կտավը Բիբլիական Արարատն իր ամբողջ հմայքով ներկայացվեց լեռանը նվիրված ցուցահանդեսում Նարեկացիագիտության ասպարեզում առաջատար մասնագետները կմասնակցեն «Նարեկացիական ընթերցումներին» Ս. Անանիա առաքյալի հիշատակության ուխտի օրհնաբեր օրը Ս. Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի համար All Stars Project երաժշտական խումբը Հայաստանում կկատարի հայտնի դասական գործեր Վրեժ Սարուխանյան․ «Քո՛քդ կտրի, Էյո՛ւբ...» Հենրիկ Էդոյան․ Մի կողմ դիր զրահներդ Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Նոր մեգանախագիծ. աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները Սուրբ Անանիա առաքյալ «Առավոտ լուսո ձայնը» համերգ Թուրքիայում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին Մահացել է ֆրանսահայ գեղանկարիչ Ռիշար Ժերանյանը Սիամանթո․ Սուրբ Մեսրոպ՝ Սուրբին աղօթքը Հրաչյա Թամրազյան. Քեզ վաղվա օրն է դրսում սպասում... ՀՀ նախագահի տիկին. «Ես երկու Արմեն Սարգսյան ունեմ» Չեխիայում սուգ է հայտարարվել երգիչ Կարել Գոտի՝ «չեխական սոխակ»-ի մահվան կապակցությամբ Մեզ հետ անարդարացիորեն վարվողը լավություն է անում մեզ «Ջիվան, քո նվագը աղոթք է». դուդուկի վարպետը նշում է ծննդյան 91-ամյակը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացման պրեմիերան՝ Պարոնյանի թատրոնում Թումանյանը տիրապետում էր երեխաների լեզվին. մեկնարկեց գրողին նվիրված գիտաժողովը Վահան Տերյան. Հեռավոր, անել լեռնագագաթներ Կո­մի­տա­սի մար­դը Շուշիում տեղի կունենա Մարկ Գրիգորյանի «Իմ Ղարաբաղը» ակնարկի քննարկումը «Կյան­քում խղճմ­տան­քես զատ ես ճա­նա­չե­ցի եր­կու այլ դա­տա­վոր­նե­րի ևս՝ Աստ­վա՛ծ և ժո­ղո­վու՛րդ»
website by Sargssyan