Ս. Հարության տոնի մեռելոցի քարոզ

Ս. Հարության տոնի մեռելոցի քարոզ

«Ի վերին Երուսաղէմ ի բնակարանս հրեշտակաց, ուր Ենովք եւ Եղիաս կան» (Շարական):

Սիրելի՛ հավատացյալներ, այսօր մատուցվում է զատկական շրջանի հոգեհանգստյան պատարագ «վասն համօրէն ննջեցելոց»: Սակայն սա սգո հիշատակի օր չէ, այլ խորհրդանշում է «հոգւոցն հանգուցելոց» կենդանի մասնակցությունը Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին:

Սիրելի՛ հավատացյալներ, քիչ առաջ ունկնդիր եղանք Գործք Առաքելոցի և Ղուկասու Ավետարանի` օրվա համապատասխան հատվածներին: Հնարավոր է, որ Տաճարում ներկաներից ոմանք այդ ընթերցումների միջև մի նուրբ տարբերություն նկատեցին: Երեկ և քիչ առաջ լուսավոր հանդերձներով հրեշտակային այրերը թափուր գերեզմանի առջև ավետեցին Յուղաբեր կանանց, թե Քրիստոս «յարեաւ, չէ աստ» (Մարկ. ԺԶ. 6, Ղուկ. ԻԴ. 6), իսկ այսօր Գործքում լսեցինք Պետրոս առաքյալի կողմից ետհարության հաղորդած լուրը, թե «Յիսուս Նազովրեցուն» «Աստուած յարոյց» (Գործք. Բ. 22, 24): Այսինքն` առաջին պարագայում ունենք Քրիստոսի` ինքն իր զորությամբ հարության պատումը, երկրորդում` Հայր Աստծո կողմից Քրիստոսին հարություն տալու տարբերակը: Անշուշտ, դիտանկյունի այս զանազանությունը Սուրբ Երրորդության սիրո և կամքի միության փոխհարաբերության որևէ խաթարում չի կարող ենթադրել: Սակայն մեր Եկեղեցու հայրերը, նկատի ունենալով սուրբգրական հատվածների ժամանակագրությունն ու ժամանակի ստորակայության հերետիկոսության սպառնալիքը, հետևողականորեն և մարգարեաբար զարգացրել են ավետարանական ավանդական տարբերակը և ավետել ամենեցուն` «Քրիստո՛ս յարեաւ ի մեռելոց»:

Սիրելի՛ հավատացյալներ, քիչ անց երգելու ենք հոգեհանգստյան շարականը: Աստվածաշնչից գիտենք, որ Ենովքը և Եղիան, առանց մահ ճաշակելու, Աստծո կողմից վերհամբարձվեցին հրեշտակաց բնակատեղին, իսկ Քրիստոս նախ հարյավ ի մեռելոց և միայն դրանից հետո համբարձեց երկինք` Հոր աջ կողմը: Հայտնի է նաև, որ Եղիա մարգարեն թիկնոցը գցեց իր աշակերտ Եղիսեի վրա` ի վկայություն իր վերացման, իսկ զինվորները մերկացրին Քրիստոսին իր հանդերձներից և Նրա պատմուճանի վրա վիճակ գցեցին: Քրիստոս Սուրբ Կույս Աստվածածնից «ի մօրէ մերկ» ծնվեց Բեթղեհեմի այրում, մերկանդամ խաչվեց Գողգոթայի վրա, կտավապատ մարմնով դրվեց վիմափոր այրում և այդ կտավներն էլ թողեց թափուր գերեզմանում` ի վկայություն իր մերկ Հարության…

Սիրելի՛ հավատացյալներ, Քրիստոս այս աշխարհում բացարձակապես ոչինչ չուներ, Նա անգամ մի թիկնոց չուներ, որ գցեր իր խաչելության վկաների վրա, Քրիստոս անգամ գլուխը դնելու տեղ չուներ այս աշխարհում (տե՛ս Մատթ. Ը. 20), բայց միայն խաչի վրա, ուր «խոնարհեցուցանելով իր գլուխը` ավանդեց հոգին» (Հովհ. ԺԹ. 30): Քրիստոս պատվիրեց. « Մի՛ գանձեք ձեզ գանձս յերկրի, ուր ցեց եւ ուտիճ ապականեն… Այլ գանձեցէ՛ք ձեզ գանձս յերկինս, ուր ոչ ցեց եւ ոչ ուտիճ ապականեն…» (Մատթ. Զ. 19-21): Քրիստոս վկայեց. «Իմ արքայութիւն չէ յայսմ աշխարհէ» (Հովհ. ԺԸ. 36), այլեւ կարճառոտեց` դիմելով իր աշակերտներին. «Ոչ եւս այլ շատ խօսեցայց ընդ ձեզ. գայ իշխան աշխարհիս այսորիկ եւ յիս ինչ ոչ գտանէ» (ԺԴ. 30-31), «Զայս խօսեցայ ընդ ձեզ, զի ընդ իս խաղաղութիւն ունիցիք. յաշխարհի աստ նեղութիւն ունիցիք, այլ քաջալերեցարուք, զի ես յաղթեցի աշխարհի» (ԺԶ. 33)…

Շնորհք, սեր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանդ. ամէն:

Տ. Թադեոս վրդ. Զիրեկյանց

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Ս. Հարության տոնի մեռելոցին մատուցված Ս. Պատարագին, 28 մարտի, 2016 թ.)

Աղբյուր՝ Surbzoravor.am 

Հետևեք մեզ նաև Telegram-ում