USD
EUR
RUB

Գանգրահեր տղային կրթելու նորօրյա «փիլիսոփայությունը»

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Այնքա՜ն բացահայտ է ձախողումը

Տեսնես 1923 թվականի՞ն էր Հայաստանի վիճակը ավելի ծանր, թե՞ այսօր՝ գրեթե 100 տարի անց, որ այն ժամանակ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը որոշեց հայ երեխաների համար ամսագիր տպագրել՝ «Պատկոմ»-ը (հետո՝ «Պատկոր», հետո՝ «Հոկտեմբերիկ, ավելի ուշ՝ «Պիոներ», իսկ հիմա՝ «Աղբյուր»)։

Մանկապատանեկան մամուլը սովորական մամուլից էականորեն է տարբերվում. նրա գործը երեխաների կրթությունն ու դաստիարակությունն է, իսկ մյուսներինը՝ պարզապես լրատվությունը։ Եվ այն ժամանակ նոր ստեղծվող հանրապետության այրերը, հիմնադրելով «Պատկոմը», երկրի զարգացման առաջնահերթություն էին հաստատում սերունդ կրթելն ու դաստիարակելը։ Եվ այդ գործը վստահեցին Եղիշե Չարենցին, Ստեփան Զորյանին, պատկառելի պետական այրերի, որոնք «Պատկոմի» խմբագրական խորհրդի առաջին անդամներն էին ու երազում էին գալիքի գանգրահեր տղայի մասին։

Բայց 1923 թվականից հետո ծանր օրեր էլի եղան՝ 1988-ի երկրաշարժ, երկրի փլուզում, հացի սղություն, ղարաբաղյան պատերազմ։ Ու մեր երկրի համար այդ ծանր պահին իշխանության մեջ դարձյալ գտնվեցին ընտրյալ այրեր, ովքեր 1990 թվականի դեկտեմբերի 27-ին հստակ օրենսդրական որոշում կայացրին արնաքամվող մանկապատանեկան մամուլը՝ «Աղբյուրը», «Կանչը», «Ծիծեռնակը» (այն ժամանակ այս երեքն էին), պետական հովանավորության տակ առնելու մասին։ Նրանք նույնպես գիտեին, որ մանուկների համար ամսագիր ու թերթ լույսընծայելը պետական գործ է, եւ մանկապատանեկան մամուլը սերնդի կրթադաստիարակչական գործում պետք է օժանդակի դպրոցին, քանի որ ուսումնական ծրագրերը, միեւնույն է, չեն կարող ընդգրկել կրթության ու դաստիարակության ողջ գունապնակը։

Մեր հայրենիքն այսօր էլ դժվար օրեր է ապրում, եւ փառք Աստծո, որ երկրի վարչապետը կրթությունը որպես առաջնահերթություն է շեշտում պետության զարգացման գործում: Իսկ, ահա, կրթության եւ գիտության նախարարությունում մանկապատանեկան մամուլի դերը կարծես թե այնքան էլ լավ չեն պատկերացնում, քանի որ այստեղ օրերս որոշեցին մանկապատանեկան մամուլի տպագրության խնդիրը գցել…… չզարմանաք… տենդեր-գնում-մրցույթի վրա։ Ու դատելով այն բանից, որ ԿԳ նախարարությունում ոչ մեկին ամենեւին չի հետաքրքրել, թե արդյո՞ք ապահովվել են մրցույթի այնպիսի չափանիշներ, որոնք կարող են բացառել, որ տենդերը շահի, օրինակ, ասենք, մանկավարժական կրթություն չունեցող մեկը կամ, ասենք, պարզապես բարձրագույն կրթություն չունեցող ինքնակոչը, ապացուցում է, որ այդ տենդերային-մրցութային «արդարությունը» պարզապես ցուցադրականություն է, նվազագույնը՝ երեխաների դաստիարակության ու կրթության գործին անտեղյակություն։ Եվ ԿԳ նախարարությունում մանկապատանեկան մամուլը տենդերով տպագրելու իշխող տենդը ի հայտ է բերում ծիծաղելի մի իրողություն. ամեն տարի այդ մրցույթը կարող են շահել պարզապես տպագրական հնարավորություններ ունեցող, միմիայն բիզնես նպատակներ հետապնդող, բայց երեխաների կրթության ու դաստիարակության գործից հեռու կամ այդ գործը սիրողական մակարդակով պատկերացնող պատահական մարդիկ: Հիշյալ տենդերում պարզապես բացակայել են կրթական, դաստիարակչական, գեղագիտական չափորոշիչները, ինչն էլ իր հերթին ցավալիորեն մատնում է, որ ԿԳ նախարարությունում մանկապատանեկան մամուլի համար պարզապես չունեն ռազմավարություն, սկզբունքային պահանջներ, եղած «ռազմավարությունն» էլ հանգում է միայն մի տխուր «փիլիսոփայության»՝ ով ավելի էժան (այսինքն՝ անորակ) ամսագիր կամ թերթ կառաջարկի երեխաներին: Բայց, ինչպես աշխարհում վաղուց համոզվել են, կրթությունը թանկ հաճույք է, ու ժլատը ի վերջո վճարում է կրկնակի, եւ, ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, թանկից էժանը չկա։

… Բայց ինչպիսի՜ շռայլություն անցյալ դարի քսանական թվականներին, եւ ինչպիսի՜ կծծիություն մեր նոր օրերում, այն էլ երեխաների կրթության խնդրում։ Չեմ կարծում, թե Չարենցը «Պատկոմի» խմբագրական խորհրդի իր անդամության համար աշխատավարձ է պահանջել. նա երազում էր գալիքի գանգրահեր տղայի, մեր լավ գալիքի ոսկեհեր մանկան մասին ու նոր-նոր ոտքի ելնող երկրի ղեկավարների պես, իմանալով երեխաների կրթության ու դաստիարակության համար ամսագրի ստեղծման կարեւորությունը, ոչինչ չէր խնայում. ո՛ր ծնողն է խնայում իր զավակի կրթության համար։

Գրեթե հարյուր տարի անց անկախ եւ այլեւս ազատ Հայաստանի ԿԳ նախարարությունը, պատկերացնո՞ւմ եք, ուզում է, հնարավորինս էժան (ուրեմն եւ՝ անորակ) կերակուր (հոգեւոր) մատուցել Չարենցի գանգրահեր տղային եւ, մեղմ ասած, չմտածված, չափորոշիչներից զուրկ տենդերով ու իր միակ չափանիշով (ով ավելի էժան) գտել է գանգրահեր մանկանը իր նախընտրած էժան կրթության, էժան հացի մատակարարներին, որոնցից մեկի «ամսագիրը»՝ ինչ-որ թերթոն, նախարարը մի կողմ հրեց (հրաժարվելով հրաժարվեց) մոտ երկու ամիս առաջ իր մոտ կայացած հանդիպման ժամանակ: Հիմա նա իր աշխատակիցների վատ աշխատանքի կամ պարզապես աշխատել չկարողանալու պատճառով զավեշտալի իրավիճակում է հայտնվելու. ստիպված է լինելու ստորագրել իր իսկ ձեռքով իր սեղանից մի կողմ հրված, բայց էժանի փիլիսոփայությունը յուրացրած թերթոնը ֆինանսավորելու պայմանագիրը։ Հարգարժան նախարար, չեղյալ հայտարարեք այդ մրցույթը. դրա համար հիմնավորումներ-պատճառներ գտնելու ոչ մի դժվարություն չկա՝ այնքան բացահայտ է ձախողումը:

Իսկ դուք, հարգարժան օրենսդիրներ, վերջապես արձագանքեք այս խնդրով ձեզ ուղղված նամակներին. որեւէ մեկը իրավունք ունի՞ խնայելու ձեր հաստատած բյուջեով մանուկների համար տպագրվող պարբերականների գումարը, այսինքն՝ հանուն ոչ մի կերպ չարդարացվող խնայողության՝ թերակատարելու բյուջեն, անտեսելու օրենսդիր մարմնի որոշումը մանկապատանեկան երեք ավանդական պարբերականներին («Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ») պետական հովանավորության տակ առնելու վերաբերյալ։ Այսօր մեր երկրից բացահայտորեն միլիարդներ թալանած հայտնի դեմքերին օրենքի տառին համապատասխան են ուզում դատել։ Ինչպե՞ս է, որ մանկապատանեկան մամուլի ֆինանսավորման դեպքում անտեսվում է օրենսդիր մարմնի հատուկ որոշումը։

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Լրահոս
Մհեր Արշակյան. Բանաստեղծություններ Ռաֆայել Նահապետյան. Փախուստ Մաքրիր ինձ խղճմտանքիցս, Տե՛ր Ազնավուրի 95-ամյակին ընդառաջ Փարիզում հուշատախտակ է բացվել մեծանուն շանսոնյեի պատվին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄԷ-ում հանդես եկավ հանդուրժողականության մասին բանախոսությամբ Պրեմիերա՝ օպերայի և բալետի թատրոնում Ալեն Դելոնը ստացել է պատվավոր «Ոսկե արմավենի» Մեղավորի հոգին Պարույր Սևակ «Մարդ էլ կա, մարդ էլ» Հայերը պահպանել են աշխարհի ամենափոքր աղոթագիրքը Երաժիշտները նվագել են սառույցից պատրաստված գործիքներով «Մահն ու կյանքը լեզվի վրա են» Լատվիայում ՀՀ դեսպանը հաղորդում է բացառիկ միջոցառման մասին Հայ երիտասարդ ռեժիսորները՝ Քիշինևում «Զվարթնոց»-ում կբացվի «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես«Զվարթնոց»-ում կբացվի «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես Սերրգեյ Սարինյան Բրիտանացին 293 դոլարով կտավ է գնել ու պարզել, որ այն Պիկասոյի՝ 1 մլն դոլարանոց աշխատանքներից է Դանիէլ Վարուժան. Մայիսի մէկ Եղիշե Չարենց «Զարմանալի աշուն» Սրբազան Պարտաճանաչությունը Երևանի համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին Հայերենացրեք հայերենը Համո Սահյան, բանաստեղծություններ և ասույթներ «Արցախի նման կարգավիճակ ունեցող երկրներն աշխարհին ասելիք ունեն մշակույթով» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Շոպենի և Բորոդինի ստեղծագործություններից Արման Նավասարդյանը կմասնակցի Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին Մահացած որևէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա դաջվածքներ մի արեք «Եթե հայ մարդուն մի քար և մի մուրճ տաս, անպայման մի խաչքար կտաշի, որովհետև հայի մեջ դարավոր մշակույթ է նստած» Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Գուրգեն Մահարի․ Բալլադ Չալոյի և առաջին սիրո մասին Հովհաննես Թումանյան․ Գիշեր Էջմիածին. Անուշավան եպս. Ժամկոչյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին համաշխարհային երաժշտական հարթակներում կներկայացնի Only Stage գործակալությունը Բրիտանացի լեզվաբանը վերծանել է 600 տարի առաջ գրված առեղծվածային գրքի՝ Վոյնիչի ձեռագրի բովանդակությունը Արամ Ավետիսի«Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդեսը` շուտով Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ Թբիլիսիի փողոցներից մեկը կանվանակոչվի կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի պատվին Թադևոս Տոնոյան․ Պատժաբաժին Սամվել Մարգարյան․ Սխրանք Չուլպան Խամատովան կմարմնավորի Ռաիսա Գորբաչովային
website by Sargssyan