Հարության հրաշքը վերափոխեց աշխարհը

Հարության հրաշքը վերափոխեց աշխարհը

Քրիստոսի ճշմարիտ հետևորդն իր կյանքով չարչարանակից է լինում Քրիստոսին՝ միաժամանակ իր կյանքով վկայելով նաև հարուցյալ հավատքի մասին: Հարությունից հետո Հիսուս փակ դռնով ներս մտավ, ողջունեց առաքյալներին՝ նրանց արժանացնելով հարության պարգևների: Նախ խաղաղություն պարգևեց առաքյալներին, խաղաղություն, որ չէր բացառելու նրանց կյանքից փորձությունն ու պայքարը, այլ բացառելու էր այն հուսահատությունն ու տարակուսանքը, որ կարող է մարդուն ակնթարթորեն կաթվածահար անել: Այդ հուսահատության ու տարակուսանքի մեջ էին առաքյալները՝ տեսնելով խաչյալ Քրիստոսին: Նրանք մեծ հիասթափություն ապրեցին, խուճապահար փախան, ինչպես կփախչեին մոլորված ոչխարներն առանց հովվի: Նրանք անորոշության մեջ էին այնքան ժամանակ, քանի դեռ չէին հանդիպել հարուցյալ Փրկչին: Փրկարար հանդիպումը վերափոխեց առաքյալների կյանքը. նրանց հոգում թագավորեց խաղաղությունը, նրանք գիտակցեցին իրենց կոչումը և հասկացան, թե որն է այն ուղին, որով պետք է ընթանան: Առաքյալներին ժամանակ էր հարկավոր ընդունելու անսպասելին: Հարության հանդեպ հավատքը աստիճանաբար դրսևորվեց, ինչպես եղավ Քրիստոսի խաչելության հետ կապված: Առաքյալների համար հարությունը նույնքան իրական էր, որքան խաչելությունը: Նրանք այլևս չէին կարող դիմադրել իրականությանը, հաղթահարված էին այն կասկածներն ու տարակուսանքները, որ ունեին իրենք մինչ այդ:

Պարադոքսն աննկարագրելի էր. առաքյալների առջև կանգնած էր հարուցյալ Քրիստոս, որ պատկանում էր նոր աշխարհին, բայց ներկա էր իրենց մեջ և Իր խոսքի համաձայն՝ ներկա է լինելու մարդկության կյանքում մինչև աշխարհի վախճանը. «Եվ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20):

Հաջորդ պարգևն ուրախության պարգևն էր: Աշակերտներն ուրախացան՝ տեսնելով իրենց Տիրոջը (Հովհ. 20:20): Նրանց հիասթափությունն ակնթարթորեն փոխվեց ուրախության: Մինչ այդ առաքյալները վախից վհատվել էին և թաքնվել փակ դռների ետևում:

Այնուհետև առաքյալները մյուս կարևոր պարգևին արժանացան, երբ Հիսուս փչեց նրանց վրա և ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին, եթե մեկին ներեք իր մեղքերը, թող ներված լինեն, և եթե չներեք մեկի մեղքերը, թող ներված չլինեն» (Հովհ. 20:22): Հարուցյալ Փրկիչն այնպիսի պարգևների արժանացրեց առաքյալներին, որ անչափ կարևոր էր նրանց համար այն առաքելության մեջ, որին կոչվեցին նրանք ի Քրիստոս. «Ինչպես Իմ Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ուղարկում եմ ձեզ» (Հովհ. 20:21): Տիրոջ պարգևներով գոտեպնդված առաքյալները դարձան փրկության ավետաբերները՝ վկայելով. «.. մենք ամենքս վկա ենք դրան» (Գործք Առաք. 2:32): Բացի այն, որ Քրիստոս մեծ պարգևների և սուրբ կոչման արժանացրեց առաքյալներին, այլև ցույց տվեց նրանց Իր ձեռքերն ու կողը՝ փարատելով նրանց մոտ ի հայտ եկած ամենաչնչին կասկածն անգամ: Քրիստոս, ցույց տալով Իր չապաքինված վերքերը, ցանկացավ, որ առաքյալները գիտակցեն, թե իրենց առաքելական ծառայության մեջ իրենք ևս պետք է պատրաստ լինեն անցնելու խաչի և զոհաբերության ուղով՝ որպես ուղենիշ ունենալով հարության հաղթանակը:

Հարուցյալ Փրկչին տեսնողները մեծագույն հրաշքի վկաները դարձան. նրանք այնպիսի իրադարձության առջև էին, որ դուրս էր նրանց ընկալման սահմաններից: Քրիստոսի հարությունը խորապես ցնցեց առաքյալներին և մղեց նրանց ողջ աշխարհով մեկ հարության հրաշալի իրադարձության վկայողները դառնալու: Մարկոսի ավետարանում կարդում ենք, որ այլակերպությունից հետո Քրիստոս առաքյալներին պատվիրեց, որ իրենց տեսածի մասին ոչ ոքի ոչինչ չասեն, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն առնի: Նրանք Հիսուսի այս պատվերը պահեցին իրենց մտքում, բայց միմյանց հարց էին տալիս, թե ինչ է նշանակում «մեռելներից հարություն առնել» (Մարկ. 9:9): Աշակերտները չգիտեին այդ մասին և իմացան, երբ հանդիպեցին հարուցյալ Փրկչին: Նորկտակարանյան վկայությունը փարատում է Քրիստոսի հարության վերաբերյալ որևէ կասկած: Քրիստոսի հարությունը կյանքի բոլորովին նոր ուղի հարթեց, ուղի, որն արդեն չէր ենթարկվելու մահվան օրենքին: Այս գիտակցություն ունեցողն իր կյանքով է վկայում հարության հրաշքը: Քրիստոս, հարություն առնելով, չվերադարձավ մարդկային այն կյանքին, որին վերադարձան Քրիստոսի կողմից հարություն առած այրի կնոջ որդին, Հայրոսի աղջիկը և Ղազարոսը, այլ նոր կյանք ստացավ: Պողոս առաքյալը մատնանշում է Քրիստոսի հարության հանդեպ հավատի կարևորությունը. «Եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է նաև ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:15): Հարության հավատը կազմում է քրիստոնեական հավատի հիմքը: Քրիստոնեական հավատը ճշմարտապես վկայում է Քրիստոսի հարության՝ մի հրաշալի իրադարձության մասին, որ շրջադարձային կերպով վերափոխեց աշխարհը և հանդիսացավ քրիստոնեական կյանքի հենասյունը:

Կարինե Սուգիկյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում