Հասմիկ Սարգսյան. Ծառերի ուխտը

Հասմիկ Սարգսյան. Ծառերի ուխտը

Անչար ու հասարակ է օրը ցանկապատից այս կողմ.
ժամատան գմբեթը կապտամոխիր՝ հազիվ նշմարվող շիկնանքով,
օրհնում է երկնքում լողացող ամպե երազների չուն.
ծառերին իջել է անբիծ հղացման խորհուրդը.
նորահարս ծառերը խմբվել են վանքի շուրջ՝
ուխտի են եկել՝ հայցելու,
որ քամիները պատճառ չլինեն վաղ ծաղկաթափի,
որ անձրևները չընդհատեն մեղուների հարսնապարը վարսանդների վրա,
որ կարկուտներից չվիժի իրենց պտուղը սպասված.
սարսուռ առավոտվա մեջ,
ցածր միաքար շարքով շարված ցանկապատից այն կողմ
օրը միամիտ է.
այգուց մի քայլ հեռու՝ մուտքի մոտ արմատակալել է
ինձանից պոկած մի շիվ.
(իմ մոռացված ցանկությունների նորատունկն է
առաջին քնքշաթերթ ծաղիկը տվել՝
ցրտահարված ծառերից փրկված միակ շյուղս.)
մանուշակ-թանաքը՝ վանքամերձ լե՞ռ է, թե՞ միրաժ,
աչքերի խաբկա՞նք…
անխարդախ օրվա մեջ, ինձ թվում է, արմատներ եմ ձգում:

Մայիս 28, 2015

Հասմիկ Սարգսյան

Հրանտ Թադևոսյանի «Ծաղկազարդ ծառերը՝ վանքի քով» կտավը

Աղբյուր՝ Magaghat.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում