Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի

Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի

Այսպես է կոչվում Սբ. Զատկին հաջորդող երկրորդ կիրակին: «Աշխարհամատուռ»-ը կազմված է աշխարհ և մատուռ բառերից և նշանակում է աշխարհի առաջին մատուռը՝ Երուսաղեմի եկեղեցին՝ հիմնված առաքյալների կողմից: Աշխարհամատուռ բառին բառարանները զանազան իմաստներ են տալիս. «բազիլիկա», այսինքն` արքունի տաճար, երևելի մատուռ կամ ավագ եկեղեցի: «Մատուռ»-ը հունարեն բառ է, որ նշանակում է Մարտիրոսանոց: Առաքելական շրջանում Երուսաղեմում պատրաստվեց մարտիրոսների եկեղեցին և կոչվեց Աշխարհամատուռ: Հետագայում մարտիրոսների գերեզմանի վրա, նրանց հիշատակին կառուցվեցին մատուռներ և եկեղեցիներ:

Աշխարհամատրան կիրակին եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հաստատած ընդհանրական, մեկ միասնական Եկեղեցու տոնը:

Այս կիրակի երգվող «Հարց» շարականը եկեղեցուն նվիրված գովերգություններ են և եկեղեցու մեջ Աստծուն օրհնելու հրավերներ: Նույն միտքն է արտահայտվում հաջորդող «Ողորմեա» և «Տէր յերկնից» շարականների մեջ:

Աշխարհամատրան կիրակիի նպատակն է վերհիշել համաքրիստոնեական հնագույն մատուռի՝ քրիստոնեական եկեղեցու սկզբնավորությունը, որը հիմնվեց վերնատան կից, առաքյալների կողմից: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո վերնատունը դարձավ Սբ. Աստվածածնի, առաքյալների աղոթքի ու հանդիպումների մշտական հավաքատեղին, այսինքն՝ քրիստոնեական առաջին եկեղեցին:

Վերնատանը Հիսուս կատարեց Վերջին Ընթրիքը, որի ընթացքում հաստատեց Հաղորդության Սբ. Խորհուրդը: Այստեղ էր, որ Սբ. Հոգին իջավ առաքյալների վրա: Այստեղ էր, որ առաջին քրիստոնյաները «հարատևում էին առաքյալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման ու աղոթքների մեջ» (Գործք Առաքելոց 2:42): Այսինքն`ամեն օր հավաքվում էին առաքյալների ուսուցումը լսելու, իրենց հասարակաց կյանքը ապրելու, Սբ. Հաղորդության խորհուրդը կատարելու և աղոթելու համար: Նույն վերնատանը Հիսուս հարությունից հետո երկու անգամ երևաց Իր աշակերտներին:

Այսպիսով, Հովհաննես Մարկոսի տան վերնահարկը որպես նախատիպ ծառայեց քրիստոնյա առաջին եկեղեցու համար (Գործք Առաքելոց 12:12):

Այս տոնը հատուկ է միայն Հայ եկեղեցուն:

Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի: Սա տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ:

Կանաչ անունը վերցված է մայր բնության պարգևած երևույթներից և մարմնավորում է Հինանց այս օրերին տիրապետող համատարած, զմրուխտ խոտածածկույթը, որով պատմուճանված է լինում բնությունը գարնան այս օրերին: Այս անվանակոչումը, ժողովրդական բարեպաշտության արդյունք լինելով հանդերձ, միևնույն ժամանակ զուրկ չէ կրոնական երանգից:

Ավելի շատ գարունն է, որ մեզ առաջնորդում է դեպի բնության Օրենսդիրը՝ Արարիչը: Բնությունն ինքն իրեն չի կարող ստեղծել, ճիշտ այնպես, ինչպես մեզնից յուրաքանչյուրն իր ցանկությամբ չի կարող աշխարհ գալ: Կա նրանց սկզբնապատճառ Ստեղծիչը: Ծառերն ու ծաղիկները չէ, որ սահմանում են իրենց օրենքները, ինչպես մեզնից ամեն մեկն ինքը չէ, որ որոշում է իր սեռը կամ մասնավոր հատկությունները: Գարունն է, որ ամենից ավելի է առաջնորդում մեզ դեպի կյանքի գիտակցությունը և աղաղակում կյանքի հավերժությունը, հարությունը և մշտական հաղթանակը:

Կանաչ կիրակին մեզ հիշեցնում է կյանքի հարությունը և նրա հավիտենական գոյությունը: Հինունքի հիմնական գաղափարը նաև այդ է:

Կանաչ ասելով նկատի է առնվում ծաղկած ու կանաչած Եկեղեցին: Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշտականությունը և անմահությունը: Կանաչ կիրակին նմանեցնում են բնության մեջ ծաղկող, ծլարձակող և աճող կյանքին, որը կենդանություն ու թարմություն է տալիս աշխարհին և մարդկության: Աշխարհամատուռն էլ որպես Քրիստոսի ցանած սերմի առաջին կանաչ ծիլը, աճեց, ծլարձակեց, բազմացավ և դարձավ աշխարհում տարածված եկեղեցին:

Կանաչ կիրակին մեզ հիշեցնում է, որ կյանքը Հիսուս Քրիստոսով մշտադալար է, ինչպես բնությունն է մշտնջենական, նույնպես և կյանքը հարության հույսով մշտնջենական է ու հարատև:

Կանաչ կիրակիի տոնախմբությունները Զատկական տոնական հանդիսությունների շարունակությունն են:

Այս տոնը նշվում էր մասնավորապես ուխտավայրերում, որտեղ հավաքվում էին ուխտավորների հոծ բազմություն, մատաղներ էին արվում և մեծ տոնախմբություն կազմակերպում: Ղզլարի հայերը Կանաչ կիրակի օրը ձվերը ներկում էին կանաչ գույնով:

Մինչև այժմ Առինջ գյուղի Գետարգել կոչվող վանքում, Կանաչ կիրակիին ուխտավորների մեծ բազմություն է հավաքվում, մատաղներ է արվում, լարախաղացներ, նվագածուներ են գալիս և մինչև ուշ երեկո պարում ու զվարճանում են:

Կանաչ կիրակին 1999թ-ից երջանկահիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, հռչակվել է Նորավանքի ուխտի օր:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում