«Եղբայր, ես հայ եմ եւ վերջ, ի՞նչ սփյուռքահայ»

«Եղբայր, ես հայ եմ եւ վերջ, ի՞նչ սփյուռքահայ»

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: Հարցազրույց հայաստանյան մշակույթի մի քանի ոլորտում միաժամանակ «ներկա» Օշին Եղիազարյանցի հետ

– Պարոն Եղիազարյանց, վերջին շրջանում ձեր սփյուռքահայի անունը հոլովվում է հայաստանյան մշակութային մի քանի ոլորտներում միաժամանակ՝ ճարտարապետություն, կինո… Ասում են, որ ձեր գործունեությունը կապված է Արցախի հետ: Փաստում են, որ Շուշիի իսլամական դպրոցը «դարձրել եք» հայկական մշակութային կենտրոն եւ այլն, եւ այլն: Հիմա էլ խորացել եք հայկական հնաոճ գորգերի եւ խճանկարների բիզնեսում: Չգիտենք ինչքանով է համապատասխանում իրականությանը, որոշել եք հիմնել ակադեմիա: Ո՞վ եք դուք:

– Անվանս շուրջ պտտվող խոսակցությունների մեծ մասի հետ համակարծիք եմ, բացի բիզնես ոլորտում գործունեություն ծավալելուց: Ես մշակույթի մարդ եմ: Սկսեմ «սփյուռքահայ» որակումից, ինչի հետ չեմ հաշտվում: Եղբայր, ես հայ եմ եւ վերջ, ի՞նչ սփյուռքահայ… Ծնվել ու մեծացել եմ Իրանում, ապա տեղափոխվել Ֆրանսիա, ուսանել աշխարհի նշանավոր կրթարաններից Փարիզի Ժաք Լըքոքի հիմնած թատերական բարձրագույն արվեստի դպրոցում եւ կինոարվեստի համալսարանում:

Որպես ճարտարապետ աշխատել եմ ֆրանսիական տարբեր կազմակերպություններում: Ժաք Լըքոքի դպրոցում հանգրվանել է «Հանգստի քանդակ» կավե աշխատանքս: Շուրջ տասնհինգ տարի առաջ մշտական բնակություն հաստատելով Հայաստանում, որպես ճարտարապետ մասնակցել եմ սահմանամերձ գյուղերում իրականացված տարբեր կառույցների աշխատանքներին: Թատերական ոլորտում էլ թեեւ որեւէ աշխատանք չեմ վարել, բայց մշտապես փնտրտուքների մեջ եմ եղել, ինչը շարունակվում է մինչ օրս: Առանց չափազանցության ներկա եմ գտնվել բառացիորեն բոլոր հանրահայտ թատերական ռեժիսորների փորձերին:

Արցախյան թեմաներով երկրաշարժից մինչ վերջերս նկարահանել եմ վավերագրական ֆիլմերի շարք: Առաջին անգամ հայրենիք եմ եկել երկրաշարժից անմիջապես հետո: Ի դեպ, ֆրանսիական պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել եմ արցախյան բանակցություններին Գորբաչովի նշանակած Արցախի տեր ու տիրական Արկադի Վոլսկու հետ…

Արցախում գործունեությանս մասին երկար կարող եմ խոսել: Լաչինում Բերդաձորի կամրջի կառուցման ծախսերն էինք հոգացել…

Որպես նկարիչ հանդես եմ եկել ռեժիսոր Աղմոն ֆոր Քոփոլայի ժամանակին Կաննի միջազգային փառատոնին ներկայացված «C…Q…» լիամետրաժ ֆիլմում:

Ինչ վերաբերում է Շուշիի իսլամական դպրոցին, այո, երկու տարի է, ինչ ավարտել եմ դպրոցի վերականգնման ու վերանորոգման աշխատանքները, որը շուտով «հանդես կգա» իբրեւ հայկական մշակութային կենտրոն: Դա էլ ասեմ. քաղաքական ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է կենտրոնի բացումը:

Հա, հիշեցի, 1991-97թթ. ճանաչված մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի հետ եվրոպական TV-ների պատվերով իրականացրել ենք ֆիլմերի շարք: Այդ նպատակով Հայաստանում ստեղծվեց 150 աշխատատեղ: Եթե կուզեք իմանալ, մուլտֆիլմերի համար անհրաժեշտ նյութերը ներկրել եմ Եվրոպայից…

Ներկայացնեմ զբաղվածությունս գորգագործության ու խճանկարչության ոլորտում: Կրկնեմ, որ դա բիզնես չէ, ավելին՝ շուրջ 30 տարի Հայաստանի հետ կապված ոչ մի աշխատանքս բիզնես նպատակ չի հետապնդել: Այս պահին պետական մակարդակով նախապատրաստական աշխատանքներ են տարվում Արարատի մարզի Նշավան գյուղում ակադեմիա հիմնելու ուղղությամբ, որտեղ հայկական գորգերի թանգարանում կցուցադրվի շուրջ 300 գորգ (IV դարից): Կբացվեն աշխատատեղեր, կարտադրվեն ժամանակակից գորգեր եւ վերանորոգման կարիք ունեցող թանկարժեք գորգերը դրսից կբերեն հայաստանյան ակադեմիա: Մեկ կարեւոր հանգամանք. ուսանողները զուգահեռ կաշխատեն ու կվարձատրվեն…

– Շուրջ ութ տարի առաջ ձեր պրոդյուսերությամբ, ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի «Անպոչ ճգնավորը» ֆիլմը, որը ըստ էության նկարագիրն է Հայաստանի սոցիալական եւ քաղաքական իրավիճակի, ավելին՝ ֆիլմի գործողությունները կատարվում են նախագահական նստավայրում, տարաբնույթ խոսակցությունների առիթ տվեց: Այս առիթով փակագծեր կբացե՞ք:

– Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում դեռեւս լիիրավ չեն պատկերացնում պրոդյուսերի դերը: Այո, այս ֆիլմը ընտրվել էր «Ոսկե ծիրանում» ցուցադրվելու համար, բայց ես այն, իբրեւ պրոդյուսեր, արգելեցի… Զարմանքս մեծ էր, երբ իմացա, թե ցուցադրվել է ֆիլմի աշխատանքային տարբերակը… Չերկարացնեմ, հետո ֆիլմի պրեմիերան կայացավ. գլխավոր՝ նախագահի դերում նկարահանվել է Աշոտ Ադամյանը, հնչում են Էդվարդ Միրզոյանի եւ Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները «Հովեր» երգչախմբի կատարմամբ: Նկատեմ, որ ամեն ինչ վատ չէ հայաստանյան մշակութային դաշտում: Օրինակ, հիշում եմ իմ միջնորդությամբ պետական կամերային նվագախմբի ելույթը Թբիլիսիում Խաչատրյանի 100-ամյակի կապակցությամբ…

– Մեզ հայտնի է ձեր հիմնած հիմնադրամի գործունեությունը, բայց ոչ ամբողջովին: Հետաքրքիր է, դա զուտ մշակութայի՞ն է:

– Հիմնադրամս անվանել եմ «Փրունյուս Արմենիկա», թարգմանաբար՝ «Հայկական սալոր»: Պահը եկել է. ասեմ, որ աշխարհում ծիրանի ծառի անվանումը ոչ թե աբրիկոտ է, այլ փրունյուս Արմենիկա, եւ հիմնադրամիս շնորհիվ է, որ իրականացնում եմ ձեռնարկներս: Այո, հիմնադրամս «ճամփորդում է ու ճամփորդում»: Եվ եթե հայկական սալորը կամ ծիրանը՝ նկատի ունեմ մեր մշակույթը, չճամփորդեն՝ կմահանան:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում