Արմեն Շեկոյան․ Մենք

Արմեն Շեկոյան․ Մենք

Ախ, երկտակվեցինք ու գալարվեցինք
մենք բանարվեստի վարժ ճիրաններում:
Մեր շնորհները մենք ո՜նց վատնեցինք
Երևանի պաղ սրճարաններում:
Գուցե դա էր էն օրերի ճիշտը,
գուցե վատնելու ժամանակն էր դա:
Ինչքան հիշում եմ` տղերքը միշտ էլ
իրենց ճըղել են, որ մընան արդար:

Երևանի պաղ սրճարաններում
մեր ստացածը անվերջ վատնելով`
հոխորտում էինք ու շարունակվում
մենք` ուրիշներին անվերջ դատելով:
Գուցե դա էր էն օրերի ճիշտը,
գուցե դատելու ժամանակն էր դա:
Ինչքան հիշում եմ` տղերքը միշտ էլ
վատերին էին ցույց տալիս ատամ:

Շարունակվելով չենք էլ մըտածել,
թե` մեր իսկ աղունն ո՞վ պիտի աղա:
Մեր ծնողքը միշտ հույս են ունեցել,
թե` մենք կըդառնանք մի օր տան տըղա:
Բայց շարունակվել ու հեռացել ենք
մենք հորենական մեր տունուտեղից:
Մենք շարունակվել ու հեռացել ենք
անվերջ մատուցվող այս սկուտեղից:

…Հոգնել ենք արդեն: Օրեր են անցել:
Եվ կարիք ունենք արդեն անդորրի:
Ուրիշներ չըկան: Մենք ենք մընացել
մեղադրյալի միակ աթոռին:
Բայց շարունակվում ու հեռանում ենք,
թեպետ նման չենք մեր հին պատկերին:
Մենք շարունակվում ու հեռանում ենք`
մեր հետքը թողած կյանքի պատերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում