Տիկնիկայինը Կրակովում գլխավոր մրցանակ է ստացել, իսկ հայ բեմադրիչը` Ուկրաինայի մշակույթի նախարարության Ոսկե մեդալ

Տիկնիկայինը Կրակովում գլխավոր մրցանակ է ստացել, իսկ հայ բեմադրիչը` Ուկրաինայի մշակույթի նախարարության Ոսկե մեդալ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: Ներկայացումն արժանացել է փառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակին, իսկ բեմադրիչ Սամսոն Մովսիսյանը` Ուկրաինայի մշակույթի նախարարության ոսկե մեդալի՝ ուկրաինական մշակույթը արտասահմանում ներկայացնելու համար:

Ինչպես մայիսի 8-ին «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում հայտնեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, կրակովյան փառատոնին մասնակցել է 14 երկիր, իսկ փառատոնը կազմակերպվել էր Լեհաստանի եւ Ուկրաինայի մշակույթի նախարարությունների համատեղ ջանքերով:

«Հունիսին էլ մեկնելու ենք Մոսկվա` Չեխովյան փառատոնին, որը աշխարհի լավագույն փառատոներից է, այն Էդինբուրգի եւ Ավինյոնի փառատոների հետ նույն հարթակում է գտնվում: Այնտեղ էլ կներկայացնենք Տաթեւիկ Մելքոնյանի «Я ЗдесЪ» ներկայացումը, որն անցյալ տարի Երիտասարդ ռեժիսուրայի փառատոնում արժանացել է առաջին մրցանակի»,-ասաց պարոն Բաբայանը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ Զալցբուրգից եւս հրավեր ունեին, իրենց «Թեւավորը» պետք է ներկայացնեին, սակայն ստիպված են եղել մերժել. «Չկարողացանք որեւէ տեղից ճարել ճանապարհածախսի համար պահանջվող գումարը, իսկ մշակույթի նախարարությունից այդպես էլ պատասխան չստացանք»:

Ռուբեն Բաբայանը հավելեց, որ այս տարի 2 նոր ներկայացում են բեմադրել` «Կամակոր ճուտիկը»` երեխաների համար եւ «Քրիստոֆերը» դրամատիկ ներկայացումը` մեծահասակների համար: «Թատրոնը եղել է Լեռնային Ղարաբաղում, այնտեղ ներկայացրել ենք Նարինե Գրիգորյանի բեմադրած «Իմ ընտանիքն իմ ճապրուկում է» ներկայացումը, առաջիկայում Ստեփանակերտում կխաղանք Թումանյանի «Անխելք մարդը»,- տեղեկացրեց ռեժիսորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում