Վենետիկի բիենալեն բացվում է հանրության համար

Վենետիկի բիենալեն բացվում է հանրության համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Վենետիկում այսօր բացվելու է ժամանակակից արվեստի 58-րդ բիենալեն։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, մինչ այդ հայտարարել են բիենալեի մրցանակակիրներին։ Լիտվայի ազգային տաղավարը ստացել է «Ոսկե առյուծ» մրցանակ։ Բելգիայի ազգային տաղավարը ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ։ Լավագույն նկարիչ է ճանաչվել ԱՄՆ-ից Արթուր Ջաֆան, նա ստացել է «Ոսկե առյուծ» մրցանակ։ Լավագույն երիտասարդ նկարիչ է ճանաչվել Կիպրոսից Հարիս Էպամիդոնդուն՝ արժանանալով «Արծաթե առյուծի»։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, բիենալեի այս տարվա թեման է «Աստված չանի ապրե փոփոխությունների դարաշրջանում»։ Մայիս 8-10-ը ներկայացվել են առաջին ցուցադրությունները մասնագետների և մամուլի համար, կայացել է ցուցադրության հանդիսավոր բացումը։ Հանրության համար բիենալեն աշխատելու է մայիսի 11-ից մինչև նոյեմբերի 24-ը։

Ցուցադրությանն ամբողջ աշխարհից մասնակցում է 80 նկարիչ և 91 ազգային նախագիծ։

Հայաստանյան տաղավարը գտնվում է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի (Palazzo Zenobio) տարածքում: Ավելի վաղ կայացած ասուլիսում նախագծի համադրող Սուսաննա Գյուլամիրյանն ասել էր, որ «Հեղափոխական սենսորիում» խորագրի ներքո ներկայացվող հայաստանյան տաղավարի նախագիծը բաղկացած է երեք մասից: Այն Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափողական իրադարձությունների գեղարվեստական և վերլուծական ներկայացումն է:

Առաջին մասը «Հեղափոխական սենսորիումն» է: Այն 2018 թվականի հեղափոխության նշանակալի իրադարձությունների դրվագների ներկայացումն է և ունի մի քանի թեմատիկ ուղղվածություն` հեղափոխության ստեղծագործականությունը, հեղափոխական բազմությունը, բռնության դրվագները, վերամասնակցումը: Երկրորդ հատվածում ծագումով հայ Նարինե Առաքելյանը Վենետիկի փողոցներից մեկում կամավոր հիսուն կանանց հետ հանդես կգա «շերեփ-կաթսա» կատարմամբ, որը ներկայացնում է հեղափոխության օրերին կանանց անհնազանդությունը: Երրոդ մասը, հայաստանյան տաղավարի համադրողի կողմից նախաձեռնած և կազմակերպած` «Երկխոսություններ հեղափոխության և իշխանության մասին» խորագրով տեսագրութուններն են, որտեղ տարբեր ոլորտների քննադատաբար մտածող կին փորձագետներ, քաղաքացիական ակտիվիստներ` Գայանե Այվազյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Աննա Ժամակոչյանը և Աննա Նիկողոսյանը, հանդես են գալիս հայկական հեղափոխությանը վերաբերող անդրադարձներով, վերլուծություններով, հեղափոխական պոեմ-մանիֆեստի ընթերցումով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում