Մշակույթի պահպանման համար չկան ոչ սիմվոլիկ, ոչ խոստացած գումարները

Մշակույթի պահպանման համար չկան ոչ սիմվոլիկ, ոչ խոստացած գումարները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ցանկացած մշակութային օջախներում պահվող ցուցանմուշները պարբերաբար վերանորոգման կարիք են ունենում։ Դրանք իրականացվում են հատուկ մասնագիտացված վերականգնողական կենտրոններում, հատուկ մասնագետների կողմից։ Հայաստանյան թանգարաններում այսօր պահվող ցուցանշումներից 60 հազարից ավելին վերականգնման կարիք ունեն։ Վերականգնողական լաբորատորիա ստեղծելը բավականին թանկ է, սակայն մի՞թե դա արդարացում է մշակութային առարկայի անդառնալի կորստի դեպքում։ Հաճախ է այս հարցը բարձրացվում տարբեր քննարկումների ժամանակ, առաջարկվում տարբերակներ։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը Panorama.am-ի հետ զրուցում ասաց, որ նախարարությանն առաջարկել է լաբորատորիա ստեղծել ձեռագրերի, փաստաթղթերի վերականգնման համար։

«Մեր թանգարանի տարածքը փոքր է։ Ես պատկերացնում են՝ մի լաբորատորիա ստեղծենք Ազգային պատկերասրահի, Հայաստանի Պատմության թանգարանի և մեր թանգարանի համար, երեքն էլ նույն շենքում են։ Ազգային պատկերասրան ունի նկարիչ վերականգնողները, հիմնականում կտավների հետ են աշխատում, խոսքը ձեռագրերի, զգեստների, ազգային նվագարանների վերականգնման մասին է»,- մանրամասնեց նա։

Կ. Վարդանյանի խոսքով, ողջունվել է այդ առաջարկը, ամեն տարի ներառվում է իրենց տարեկան ծրագրում այն ակնկալիքով, որ երբևէ Հայաստանը կարող է նման լաբորատորիա ունենալ, որ շատ անհրաժեշտ է։

Նա ասաց, որ ցուցանմուշների վերականգնման խնդիր կա բոլոր թանգարաններում, սակայն գուցե հարյուրապատիվ ավելի ունի հենց իրենց թանգարանը. «Մեր ցուցանմուշները հասնում են 1,5 միլիոնի։ Մեր ֆոնդերը գրեթե ամեն շաբաթ համալրվում են, բաղկացած են գրականության, երաժշտության, թատրոնի, կինոյի գործիչների արխիվներից։ Ցուցանմուշների մեծ մասը՝ 90 և ավելի տոկոսը, փաստաթղթային բնույթի են։ Դրանց զգալի մասը ոչ միայն այս պահին վերականգնման կարիք ունեն, զգալի քանակությունը հենց թանգարանին հանձնելու, նվիրաբերելու, խորհրդային շրջանում գնման պահին են ունեցել»։

Թանգարանի տնօրենն ասաց, որ իրենք առանձնացրել են վերականգնման կարիք ունեցող ամենահրատապ նյութերը, որոնք ուղարկում են Մատենդարան վերանորոգման։

«Ոչ միջոց ունենք, ոչ լաբորատորիա։ Փաստաթղթերի վերականգնման պայմաններ ունի Մատենադարանը, որի հետ կնքել ենք պայմանագիր։ Ինչն է այդ պայմանագրի համար հիմք հանդիսացել։ Մատենադարանն էլ որոշակի հետաքրքրություն ունի մեզ մոտ պահպավող որոշ նյութերի նկատմամբ: Թորոս Ազատյանի արխիվը բաղկացած է արաբատառ թուրքերեն, օսմաներեն հարյուրավոր արժեքավոր ձեռագերերից։ Մենք չունենք մասնագետներ, Հանրապետությունում էլ գրեթե չկան, որոնք կարող են օսմաներեն փաստաթղթեր ուսումնասիրել, բայց դրանք պարունակում են արժեքավոր տեղեկություն։ Մենք կառավարությանը ներկայացրեցինք հիմքերը, որոշում եղավ՝ արխիվը հանձնել Մատենադարանին, փոխարենը պարտավորվում են ամեն տարի որոշ քանակի մեր վնասված փաստաթղթերից իրենց գերհագեցած լաբորատորիայում վերականգնել»,- ասաց Կ. Վարդանյանը։

Նա նշեց, որ բյուջեից որոշակի սիմվոլիկ գումար, օրինակ 1 միլիոն դրամ, մինչ այդ տրվում էր 2-3 նյութի վերականգնման համար, ցավոք, հիմա դա էլ չկա։ Կ. Վարդանյանի ներկայացմամբ, իրենց հավաքածուից շատ-շատ ցուցանմուշներ մասնակի վերականգնման կարիք ունեն։ Իրենք միաժամանակ փորձում են տարեկան գոնե 15 հազար միավոր թվայնացնել։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ասաց, որ իրենք ցուցանմուշների վերականգնման համար ամեն տարի դիմում են՝ բյուջեից գումար ստանալու համար։ 2018-ին բյուջեից ստացված գումարով կարողացել են վերականգնել Խաչատրյանի մի քանի ձեռագիր նոտաներ, 1942 թ. «Գայանե» բալետի պրեմիերայի աֆիշան. «Եզակի նմուշ է, չէինք կարողանում ցուցադրել, որովհետև վերականգնման կարիք ուներ։ Այժմ այն ցուցադրվում է»։

Այս տարի նույնպես դիմել են, ստացել են որոշակի գումար, կվերականգնեն վատ վիճակում գտնվող մի քանի ձեռագիր։

«Իհարկե, գումարը մեծ չէ, փորձում ենք դրա շրջանակում վերականորոգել վերականգնման առաջնահերթ կարիք ունեցող ցուցանմուշները»,- ասաց Ա. Գրիգորյանը։

Հարցին, թե տարբեր ծրագրեր կան, որոնք հնարավորություն են տալիս սոցիալական տարբեր խմբերի անվճար այցելել թանգարան, արդյո՞ք դրանք չեն ազդում թանգարանի բյուջեի վրա, Ա. Գրիգորյանն ասաց, որ 2018 թ. նոյեմբերից մեկնարկել է դպրոցական աբոնեմենտային ծրագիրը, որը շարունավելու է մինչև մայիսի վերջ։ Ծրագրի շրջանակում թանգարան այցելած աշակերտները մեծ թիվ են կազմում։

«Պայմանավորվածության կա, որ մուտքի տոմսերի համար պետք է փոխհատուցեն, իսկ էքսկուրսիաները մենք ենք տրամադրում։ Սակայն մինչև հիմա փոխհատուցում չի եղել։ Ոչ միայն մեր թանգարանին։ Հուսանք՝ փոխհատուցում կլինի, որովհետև մեծ թիվ է կազմում, մեր բյուջեի համար դրական ազդեցություն կունենա»,- ասաց Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը։

Թե ինչն է պատճառը, որ թանգարաններին աբոնեմենտային ծրագրի դիմաց չի տրվել փոխհատուցում, այս պահին էլի անհասկանալի է, քանի որ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության հեռախոսահամարին պատասխանող չկար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում