Հայաստանում մեկնարկել է իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը

Հայաստանում մեկնարկել է իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Մայիսին մեկնարկել է իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը, որը նախաձեռնել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ու ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը։

Գրադարանից հայտնում են, որ մրցույթն իրականացվում է Հայաստանում պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաների շրջանում։ Երեք փուլից բաղկացած մրցույթի առաջին՝ մարզային փուլն արդեն ընթացքում է։ Մայիսի 3-ից մեկնարկել են մարզային այցերը։ Պարսկերեն լեզվի դասավանդում իրականացնող դպրոցների և այլ կրթական հաստատությունների սաներն արդեն հասցրել են ելույթ ունենալ մրցույթ-փառատոնի ժյուրիի առջև։

Մրցույթի կազմակերպիչներն այցելել են Գյումրի, Կարբի համայնքներ։ Փառատոնին մասնակցելու համար Երևան են եկել Մեղրիի Մշակույթի կենտրոնի սաները։ Մարզային փուլի վերջին այցը կլինի Աբովյան քաղաքում։ Մրցույթի վերջին երկու՝ մայրաքաղաքային և եզրափակիչ փուլերը տեղի կունենան աշնանը՝ արդեն Երևանում։ Մայրաքաղաքային փուլին Երևանից կմասնակցի թվով 7 դպրոց։

Ժյուրիի կազմում ընդգրկվել են հինգ հոգի՝ ժյուրիի նախագահ՝ ԵՊՀ-ի արևելագիտության ամբիոնի դասախոս Գառնիկ Գևորգյանը, Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի ներկայացուցիչ Փարվին Քազեմին, Հայաստանում իրանական դպրոցի մանկավարժ Ալի Ռեզա Խոջավին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի իրանական ընթերցասրահի պատասխանատու Անուշ Մակարյանը և «Art Bridge» գրախանութի տնօրեն Շաքե Հավան Կարապետյանը։

Շաքե Հավան Կարապետյանը, կարևորելով տարբեր լեզուների իմացությունը՝ նշեց, որ պարսկերենը շատ գեղեցիկ լեզու է, պարսիկները շատ հարուստ գրականություն ունեն։ Ըստ նրա՝ հատկապես հարևան երկրների լեզուների իմացությունը շատ կարևոր է։ «Իհարկե աճելու տեղ ունենք՝ լեզվի դասավանդման տեսանկյունից։ Միաժանակ պետք չէ մոռանալ, որ այն հեշտ լեզու չէ մեզ համար, հատկապես որ մենք ձախից աջ ենք կարդում, իրենք՝ հակառակը։ Բայց այն, որ այս մակարդակի ենք հասցրել, արդեն շատ խոսուն է»,- նշեց նա։

Փարվին Քազեմին էլ նշել է. որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի գործադրած ջանքերը Հայաստանում նման գրական-մշակութային փառատոն ունենալու համար նպատակ ունեն բացահայտելու տաղանդավոր երեխաների։

«Մենք բարեկամ հարևաններ ենք։ Ցանկանում ենք, որ երեխաներն ավելի մոտիկից ծանոթանան պարսկական գրականությանը», – նկատել է նա։

Ժյուրիի նախագահ Գառնիկ Գևորգյանը կարևորեց պետական կրթական ծրագրի մեջ պարսկերեն լեզվի ուսուցանման ներառումը՝ հաշվի առնելով, որ այն հարևան երկրի լեզուն է։
«Պարսկական մշակույթը բարու կրող է։ Պարսկերենը եղել է Մերձավոր արևելքի ֆրանսերենը, ուստի այդ լեզվի ներառումը պետական ծրագրերի մեջ շատ կարևոր է», – նշեց նա։

Փառատոնի ընթացքին է հետևում նաև ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Հեյդարի Մոհամմադ Սեյեդը։

Մրցույթի մասնակիցները պետք է ասմունքեն 2 լեզվով՝ պարսկերեն և հայերեն: Ժյուրիի անդամները յուրաքանչյուր դպրոցից կընտրեն լավագույն ասմունքողներին` եզրափակիչ փուլի համար, որը տեղի կունենա նոյեմբերին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Եզրափակիչ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն, մյուս մասնակիցները կստանան պատվոգրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում