USD
EUR
RUB

Եղիշե Չարենց «Զարմանալի աշուն»

 

Զարմանալի աշուն

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ - ինչպես զինվոր ու ղեկավար.-

Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր - երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց -
Ինձ զգացի ես թարմ - և անչափ նո՛ր:-

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը - և դառնան նո՛ր…

Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…

Աշուն է նստել սեղանիդ

Աշուն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր,-
Թախիծը թվում է սպեղանի, խնդությունը թույն է արդեն:
Օ, երազն այս, երազն այս պատիր, այս ցնորքը մի՛շտ գրավիչ.-
Բայց դժվար թե նա ազատի քեզ գերող անդուռ այս ցավից…
Սեղանիդ նկարն այդ գունատ, սեղանիդ վարդերն այդ դեղին –
Ու հուշերն, հուշերն այդ թունոտ,-ու չկա ոչ մի ուղի…
Նա գնաց, անդարձ այդ ցնորքը, այդ ուրուն քո մտերիմ,-
Բայց իր մութ շիրիմի խորքից դեռ երկա՜ր քեզ կգերի…
Կգերի ու քեզ կասի, որ գնա՜ց կյանքը արդեն,-
Աշունն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր…

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկըված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:

Մրսած ու կծկըված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշո՛ւն է…

Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը -
Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ…

Քամին

Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին,

Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին,

Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկա՜ր,
Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է ասյտեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին,- երկարաթև թռչուն,-
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ,-
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնծոտիներ հագած պառավների նման,-
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծե՜ր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.-
Երբե՛ք,
Երբե՛ք,
Երբե՛ք…

Օ, գթացե՛ք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-
Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե -
Քամին,
Աշնան քամին…

1922

Աշնանային

Արևն արծաթել է ամպերը թիթեղ.
Լույսից սփրթնել են ամպերը տեղ-տեղ։

Դանդաղ բարձրանում է արևն արծաթե -
Սառցի պես հալչում է երկինքը կաթե։

Ու պաղ հիացքով մի, կարծես թե իզուր,
Սահում են լույսերը սարսուռ առ սարսուռ։

Աշունը թափում է թերթերս հիմա,
Ու թոնը թրջում է արտերս հիմա։

Օ, սի՜րտ իմ, դու լուռ ես ու երգդ տխո՜ւր է.
Բոլո՜ր իմ հույսերը ջարդել ես հիմա։

Գարնա՛ն պես, ծաղկանց պես անցել է քո հուրը,
Ու հովը թաղում է վարդերս հիմա…

Վերադարձած աշուն

Ցուրտ է, աշունը շրշում է, - ցուրտ է և սի՜րտըս՝ մըրսում է. -
Սիրտ իմ, հիշո՞ւմ ես - աշուն էր, ուշ մի աշուն էր Կարսում, -
Ճի՜շտ այսպիսի մի աշուն էր, ցո՜ւրտ՝ խշխշում էր աշունը, -
Թաց՝ սրթսրթում էր աշունը, ինչպես շունը՝ գիշերը դրսում…

Ե՞րբ էր, հիշո՞ւմ ես, օ, սի՜րտ իմ, - այն ե՞րբ էր խշշում այդ աշունը. -
Երե՞կ էր, տարինե՞ր առաջ, - ախ, գուցե դա՛ր է անցել…
Ո՜չ. - ընդամենը քսան և երկու տարի է - հիշում եմ. -
Կարծես քույրն է նրա այս աշունը, - նո՜ւյն շրշյունն է և նո՜ւյն քնքշությունը,
Կարծես տուն է դարձել մանկությունը՝ մանկությունը… հուշի՛ նման ծեր…
Մանկությո՞ւնը - ախ, ի՞նչ ես ասում, մանկություն և աշո՞ւն - մանկությունը
Կարո՞ղ է արդյոք առնչվել թովչության հետ անձրևի ու աշնան, -

Մանկությունը - ի՜նչ էլ որ լինի - առավոտ է, գարնան ցանկություն է,
Իսկ աշունը՝ մշուշ է, մահվան մուժ, - հուշերի տերևներ թոշնած…

Բայց էլի ինչ էլ որ ասեն, մենք գիտենք հո քեզ հետ, օ, սի՜րտ իմ,
Որ… մանկության նման լույս, մանկության նման կենսալի՝
Այն աշունը - առաջին մեր սիրո, առաջին երգերի մեր քույրն էր…
Որ անցած աշունն այն հեռու, - դա հենց ինքը՝ մեր մանկությունն էր…

Մանկությունն էր հեռու այդ աշունը, առավոտն էր մեր առաջին՝
Մանկության պես լուսեղ և անբիծ - այդ աշունը սիրո՝ մեր հերն էր…
Բայց - խնդությա՛ն էր նման այն հեռու աշնան տխրությունը, -
Եվ տխրության է նման այս աշնան բերած խնդությունն իսկ…

29. IX. 1936, Ծաղկաձոր

* * *

Աշունը, ա՛խ, այնպես անցավ՝
Ե՜վ ցնցող, և՜ ծանր, ինչպես
Հանճարեղ ոճիր կամ հանցանք:

Ցերեկները ծնծղաներ հնչեց,
Ցնծության շեփորներ հնչեղ, - Գիշերները - դարձավ զառանցանք: -

Եվ ի՞նչ էր այդպես շափշափում
Ցնծությամբ - այդքա՜ն անիմաստ, -
Արդյոք ի՞նձ էր, ի՞նձ էր խաբում…

Ա՛խ, - գիտեմ արդեն ես հիմա,
Որ աշնան ցնծուն տագնապում -
Արշավող ցրտերի դիմաց, -

Իր մեռած խոսքերն է թափում
Եվ նորոգ զրույցներ խորհում
Գալիքից տագնապող մի մարդ:

Որպեսզի գալիք սարսափում,
Օրերի վերջին տագնապում -
Չգտնեն իրեն - մերձիմահ…

Ախ, թերևս այն, որ տապում
Ծառերի մորմոքի - հենց հիմա
Իմ կյանքն է տագնապում մերձիմահ…

1. X. 1936

1935-1937թթ «Վերջերգ»

Լրահոս
Թամարա Հովհաննիսյան. Թողնված Աստծո հույսին Սմբատ Բունիաթյան. Երկիր և Հայրենիք Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով ազդարարեց 154-րդ թատերաշրջանի բացումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տոնի առիթով «Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը «Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից Արաքս Մանսուրյան. Ախ, մարալ ջան, Էրվում եմ Վահան Թոթովենց․ Պայքար Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանը նշվեց ցուցահանդեսով և գրքի շնորհանդեսով Այսօր երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Վեհարանի կառուցման պատմությունը և մերօրյա վերակառուցումը Կոմիտաս․ Խորունկ ու մուգ... Հոբ երանելի. պայքարող, մարտնչող և միաժամանակ խոնարհ քրիստոնյա Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Արվեստ և ժամանց» խորագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Պե­տու­թ­յու­նը մի­տում­նա­վոր չի խառն­վում ե­կե­ղե­ցու դեմ տար­վող ար­շա­վին Վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Րաֆֆի․ Անբախտ Հռիփսիմեն «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունն արժևորելու է ոլորտի նվիրյալներին Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական ժառանգության եզակի նմուշները Տեր ողորմեա. Անահիտ Պապայան Սուսաննա Հարությունյան․ Էգ քամիների ոռնոցը «Քաոս»-ը եւ «Պատվից առավել»-ը «ՏԷՖԻ-Համագործակցություն» հեռուստափառատոնի հաղթողների թվում են Կիպրոսում հանդես կգա Մոսկվայի հայկական թատրոնը Վեհարանում տեղադրված նկարն արվել է լուսանկարներից՝ անակնկալի համար Հայոց Վեհարանը Վրեժ Սարուխանյան․ Տագնապում եմ Արա Հուսիկ․ Անընտրանք Համագործակցության նոր ուղղություն՝ լեհ ճարտարապետների հետ Աստծու առջև բաց ճակատով ներկայացիր Շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխն ու դաշնակահար Եվգենի Սուդբինը հանդես կգան Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները. Մալթայի արտգործնախարար Ժամանակը զոհաբերել հանուն ժամանակի Համեղ ուտեստներ, երգ ու պար. սահմանամերձ Խաչիկ գյուղում կանցկացվի գաթայի փառատոնը
website by Sargssyan