USD
EUR
RUB

Մեղավորի հոգին

 

Կարթագենում մի հազարապետ էր ապրում, որ շատ մեղավոր կյանք էր վարում: Մի անգամ սարսափելի հիվանդություն տարածվեց քաղաքում, որից բազմաթիվ մարդիկ մահացան: Հազարապետը վախից դարձի եկավ առ Աստված և ապաշխարեց մեղքերից: Նա թողեց քաղաքն ու կնոջ հետ մի գյուղ գնաց, որտեղ ժամանակն անցկացնում էր Աստծու մասին մտորելով:

Որոշ ժամանակ անց, սատանայի դրդմամբ, նա շնության մեղքի մեջ ընկավ հարևան հողագործի կնոջ հետ, և մեղանչելուց մի քանի օր անց մահացավ օձի խայթոցից:

Գյուղից մեկ ասպարեզ հեռու մենաստան կար: Հազարապետի կինը գնաց այնտեղ և վանականներին խնդրեց վերցնել ննջեցյալի մարմինն ու թաղել եկեղեցում: Թաղումը կատարեցին ժամը երեքին, իսկ ժամը իննին գերեզմանից բարձր բղավոց լսվեց. «Ողորմե՜ք, ողորմե՜ք ինձ»: Մոտենալով գերեզմանին և նրա աղաղակը լսելով, վանականները քանդեցին հողն ու ողջ գտան հազարապետին: Սարսափով զարմանում էին և հարցեր տալիս՝ ցանկանալով իմանալ, թե ինչ էր պատահել նրան և ինչպես էր կենդանացել: Բայց նա ուժգին լացի պատճառով չկարողացավ ոչինչ պատմել և միայն խնդրեց իրեն Տարասիոս եպիսկոպոսի մոտ տանել:

Եպիսկոպոսը երեք օր խնդրում էր նրան պատմել, թե ինչ է տեսել այնտեղ, բայց նա միայն չորրորդ օրը սկսեց խոսել:

Սաստիկ արտասվելով՝ նա հետևյալը պատմեց.

- Մեռնելիս մի քանի եթովպիացու տեսա դիմացս կանգնած: Նրանք շատ սարսափելի էին, և հոգիս խռովվեց: Հետո երկու շատ գեղեցիկ պատանիների տեսա: Հոգիս ձգվեց նրանց կողմը և նույն պահին երկրից վեր թռչելով, սկսեցինք երկինք բարձրանալ՝ ճանապարհին օդային կայանների հանդիպելով, որոնք կանգնեցնում են մարդկային բոլոր հոգիներին և դրանցից յուրաքանչյուրն առանձին մեղքի համար է տանջում, մեկը՝ ստի, մյուսը՝ նախանձի, երրորդը՝ հպարտության… Յուրաքանչյուր մեղք իր փորձողներն ունի օդում: Եվ ահա տեսա, որ հրեշտակները մի տապանակ են բռնել, որում իմ բարի գործերն էին, որոնք նրանք համեմատեցին իմ չար գործերի հետ: Այդպես մենք անցանք այդ կայանները: Իսկ երբ երկնային դարպասներին ավելի մոտենալով, հասանք անառակության կայանին, դևերը բռնեցին ինձ և սկսեցին ցույց տալ մանկուց մինչև մահս գործած բոլոր անառակություններս, և ինձ ուղեկցող հրեշտակներն ասացին. «Քաղաքում գործած քո բոլոր մարմնական մեղքերը Աստված ներեց, քանի որ ապաշխարեցիր»: Սակայն դևերն ասացին. «Բայց երբ հեռացար քաղաքից, դաշտում շնացար հողագործի կնոջ հետ»: Սա լսելով, հրեշտակները չգտան մի այնպիսի բարի գործ, որ կարողանային հակադրել այդ մեղքին, ուստի, ինձ թողնելով, հեռացան: Այդժամ դևերը բռնեցին ինձ, սկսեցին ծեծել և այնուհետև ցած տարան երկրի անդունդները: Նեղ մուտքերով և գարշահոտ ճեղքերով անցնելով,

հասա դժոխքի խորքերը, որտեղ հավիտենական խավարում բանտարկված են մեղավորների հոգիները, որտեղ կյանք չկա, այլ միայն հավիտենական տանջանք է, անսփոփ լաց ու ատամների անասելի կրճտոց: Այնտեղ մշտապես լսվում է մեղավորների հուսահատ աղաղակը. «Վա՜յ մեզ, վա՜յ: Ավա՜ղ, ավա՜ղ»: Եվ անհնար է փոխանցել այնտեղի բոլոր տառապանքները, անհնար է պատմել բոլոր չարչարանքների մասին, որ տեսա: Դժոխքի խորքում տնքում են հոգիները, և ոչ ոք չի ողորմում նրանց: Լալիս են և մխիթարող չկա: Աղոթում են, սակայն դրանք լսող և իրենց ազատող չկա: Ես փակված էի այն մռայլ, սարսափելի վշտերով լի վայրում և ուժգին լալիս էի ժամը երեքից մինչև իննը: Հետո փոքր լույս տեսա և այնտեղ եկած երկու հրեշտակներին: Սկսեցի եռանդագին աղերսել նրանց, որպեսզի ինձ դուրս հանեն այն սարսափելի վայրից, որպեսզի զղջայի Աստծու առջև:

Հրեշտակներն ինձ ասացին.

- Զուր ես աղոթում, այստեղից ոչ ոք դուրս չի գալու, մինչև համընդհանուր հարության ժամը չգա:

Սակայն քանի որ ես շարունակում էի թախանձագին խնդրել ու աղերսել նրանց և խոստացա ապաշխարել, ապա հրեշտակներից մեկը մյուսին ասաց.

- Երաշխավորո՞ւմ ես, որ նա ի սրտե կապաշխարի, ինչպես որ խոստանում է:

Մյուսն ասաց.

- Խոստանում եմ:

Այդժամ նրանք ինձ դուրս բերեցին այնտեղից և տարան դագաղի մոտ, որտեղ մարմինս էր պառկած և ասացին ինձ.

- Մտի՛ր նրա մեջ, որից բաժանվեցիր:

Եվ ահա ես տեսա, որ հոգիս հուլունքի պես շողում է, իսկ մեռած մարմինս ցեխի պես սև էր և գարշահոտ էր արձակում, և այդ պատճառով չցանկացա մտնել դրա մեջ: Հրեշտակներն ասացին.

- Անհնար է ապաշխարել առանց մարմնի, որով մեղքեր ես գործել:

Բայց ես աղաչում էի նրանց, որպեսզի չմտնեմ մարմնիս մեջ:

- Մտի՛ր, - ասացին հրեշտակները, - այլապես կրկին կտանենք քեզ այնտեղ, որտեղից բերեցինք:

Այնժամ մտա, կենդանացա և սկսեցի բղավել. «Ողորմե՜ք ինձ»:

Տարասիոս Սրբազանը նրան ասաց.

- Մի բա՛ն կեր:

Իսկ նա ուտել չէր ուզում, այլ մի եկեղեցուց մյուսը գնալով, երեսնիվայր ընկնում էր և արցունքներով ու խորը հոգոցներով խոստովանում իր մեղքերն ու ասում բոլորին.

- Վա՜յ մեղավորներին, քանի որ նրանց հավիտենական չարչարանք է սպասվում: Վա՜յ նրանց, որ դեռևս ժամանակ ունեն, սակայն չեն ապաշխարում: Վա՜յ իրենց մարմինը պղծողներին:

Հարությունից հետո հազարապետն ապրեց քառասուն օր և սրբեց իրեն ապաշխարությամբ: Իր մահվանից երեք օր առաջ իմացավ դրա մասին և Ողորմած ու Մարդասեր Աստծու մոտ գնաց, Որր դժոխք է իջեցնում, սակայն և բոլորին փրկվելու հնարավորություն է տալիս, և Որին վայել է փառք հավիտյանս, ամեն:

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Թամարա Հովհաննիսյան. Թողնված Աստծո հույսին Սմբատ Բունիաթյան. Երկիր և Հայրենիք Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով ազդարարեց 154-րդ թատերաշրջանի բացումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տոնի առիթով «Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը «Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից Արաքս Մանսուրյան. Ախ, մարալ ջան, Էրվում եմ Վահան Թոթովենց․ Պայքար Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանը նշվեց ցուցահանդեսով և գրքի շնորհանդեսով Այսօր երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Վեհարանի կառուցման պատմությունը և մերօրյա վերակառուցումը Կոմիտաս․ Խորունկ ու մուգ... Հոբ երանելի. պայքարող, մարտնչող և միաժամանակ խոնարհ քրիստոնյա Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Արվեստ և ժամանց» խորագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Պե­տու­թ­յու­նը մի­տում­նա­վոր չի խառն­վում ե­կե­ղե­ցու դեմ տար­վող ար­շա­վին Վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Րաֆֆի․ Անբախտ Հռիփսիմեն «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունն արժևորելու է ոլորտի նվիրյալներին Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական ժառանգության եզակի նմուշները Տեր ողորմեա. Անահիտ Պապայան Սուսաննա Հարությունյան․ Էգ քամիների ոռնոցը «Քաոս»-ը եւ «Պատվից առավել»-ը «ՏԷՖԻ-Համագործակցություն» հեռուստափառատոնի հաղթողների թվում են Կիպրոսում հանդես կգա Մոսկվայի հայկական թատրոնը Վեհարանում տեղադրված նկարն արվել է լուսանկարներից՝ անակնկալի համար Հայոց Վեհարանը Վրեժ Սարուխանյան․ Տագնապում եմ Արա Հուսիկ․ Անընտրանք Համագործակցության նոր ուղղություն՝ լեհ ճարտարապետների հետ Աստծու առջև բաց ճակատով ներկայացիր Շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխն ու դաշնակահար Եվգենի Սուդբինը հանդես կգան Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները. Մալթայի արտգործնախարար Ժամանակը զոհաբերել հանուն ժամանակի Համեղ ուտեստներ, երգ ու պար. սահմանամերձ Խաչիկ գյուղում կանցկացվի գաթայի փառատոնը
website by Sargssyan