Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր

Գուրգեն Մահարի․  Օրոր օրոր

Արևավոր, արևավոր իմ սերերին,
Իմ հույզերին արևավոր ու նոր, ու նոր
Իմ լույսերին ու լուսավոր իմ հույսերին,
Ընկուզենուն լայնասաղարթ, օրոր, օրոր,
Օրոր, օրոր:

Օրոր մարգին, արտույտներին, ծառին, ձորին,
Կածաններին իմ մենավոր, կանաչ բարդուն,
Օրոր, քնքուշ իմ աքասի, օրոր, մորի,
Օրոր սարին, հանդին, արտին, օրոր մարդուն,
Օրոր, օրոր:

Շամբուտներին ու ամպերին մութ ու անձրև,
Անտառներին, արոտներին քամուն, քարին,
Օրոր սրտին իմ՝ արտի պես անձրևածեծ,
Օրոր սրտին՝ վարդերի պես արնակարմիր,
Օրոր, օրոր:

Օրոր նրանց՝ արևային երգիչներին,
Որոնք մի օր երգ երգեցին ու անց կացան,
Կարդացողին օրոր, սրտոտ ու մտերիմ,
Կարդացողին, որ եղել է, հիմա չկա,
Օրոր, օրոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում