Telegraph. Լուվրը կասկածում է, որ «Աշխարհի փրկիչը» կտավի հեղինակը դա Վինչին է

Telegraph. Լուվրը կասկածում է, որ «Աշխարհի փրկիչը» կտավի հեղինակը դա Վինչին է

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «Աշխարհի փրկիչը» կտավը հազիվ թե երբևէ ցուցադրվի Լուվրում, քանի որ թանգարանի փորձագետների մեծ մասը կասկածում են, որ նկարը պատկանում է իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի (1452-1519 թթ.) վրձնին։ ՏԱՍՍ-ը, հղում անելով The Daily Telegraph-ին, գրում է, որ աղբյուրը նշել է, որ նկարը կարող է հայտնվել այնտեղ «Լեոնարդո դա Վինչիի արվեստանոցից» գրության ուղեկցությամբ։ Նման որոշումը, բնականաբար, արժեզրկում է նկարը, ինչը նաև վնաս կհասցնի սեփականատիրոջը։ Նկարը 2018 թվականին վաճառվել է Նյու Յորքում Christie’s աճուրդային տանը ռեկորդային՝ 450 միլիոն դոլարով։

«The Last Leonardo» գրքի հեղինակ, պատմաբան-արվեստաբան Բեն Լյուիսը նշել է, որ «փարիզյան Լուվրը դիմել է Աբու-Դաբիում Լուվրի մասնաճյուղին՝ խնդրելով տրամադրել նկարը հոկտեմբերի 24-ին դա Վինչիին նվիրված իր ցուցադրության համար։ Այս տեղեկատվությունը հաստատել է նաև պաշտոնական անձը։

«Բայց փարիզյան թանգարանից աղբյուրներն ինձ ասել են, որ ցուցադրության կուրատորներից քչերն են այն կարծիքին, որ գլուխգործոցը պատկանում է դա Վինչիի վրձնին, և եթե այն ցուցադրեն, ապա նրանք պետք է հստակեցնեն դրա հեղնակին»,- ասել է Լյուիսը։

Այս դեպքում նկարի գինը, փորձագետների գնահատականներով, 1,5 միլիոն դոլարով կնվազի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նկարը ցուցադրվելու է Աբու-Դաբիում գտնվող Լուվրի մասնաճյուղում անցած տարվա սեպտեմբերի 18-ին։ Բայց այդ միջոցառումը, Աբու Դաբիի մշակույթի և տուրիզմի վարչության հաղորդմամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է։ Լյուիսը հնարավոր է համարում, որ նման որոշում է ընդունվել փորձագետների ազդեցության տակ, որոնք կասկածի տակ են դնում «Աշխարհի փրկիչը» կտավի հեղինակին։ Նշվում է, որ նկարը ներկա պահին գտնվում է Շվեյցարիայի պահոցում։ Բայց Լուվրից հնարավոր չի եղել ստանալ մեկնաբանություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում