Թեոդոսիայում Այվազովսկու պատկերասրահի տարածքը կրկնակի կընդլայնվի

Թեոդոսիայում Այվազովսկու պատկերասրահի տարածքը կրկնակի կընդլայնվի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահում, որը գտնվում է Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, վերանորոգման աշխատանքներ կտարվեն, ինչի արդյունքում պատկերասրահի տարածքը կրկնակի կմեծանա:

Ինչպես նշում Է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Ղրիմի ինքնավար հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:

«Մեր խնդիրը հետևյալն է. պահեստներից հանել կտավները և ցուցադրել սրահում, այսինքն՝ ընդլայնել պատկերասրահի ցուցադրության տարածքը»,-ասել է Աքսյոնովը:

Պատկերասրահի վերանորոգումը կիրականացվի դաշնային ու շրջանային բյուջեի հաշվին, սակայն այն կշարունակի լինել Թեոդոսիայի սեփականությունը:

«Այստեղ Այվազովսկու կտավների ամենամեծ հավաքածուն է, դա պետք է հիշել և գնահատել»- հավելել է պաշտոնյան:

Այվազովսկու անվան պատկերասրահը Ղրիմում գործող ամենահին թանգարաններից է: Պատկերասրահում առաջին ցուցադրությունը բացվել է 1845թ.-ին: Նկարչի մահից հետո՝ 1900թ.-ին, պատկերասրահը, Այվազովսկու կտակի համաձայն, քաղաքի սեփականությունն է դարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում