Նարինե Գրիգորյան. «Պետք է լինել կիզակետում, ոչ թե նստել Հայաստանում ու ասել` լինենք ամենալավ թատրոնը»

Նարինե Գրիգորյան. «Պետք է լինել կիզակետում, ոչ թե նստել Հայաստանում ու ասել` լինենք ամենալավ թատրոնը»

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am: «Դեկտեմբերի 19-ից մինչ օրս բեմադրել ենք 3 ներկայացում` Նարինե Գրիգորյանի բեմադրած «Հաղթանակի գենեզիսը», որը հերոսների հուշերից հատվածներ է ներկայացնում, թե 90-ականներին ինչ տրամաբանությամբ էին ընկալում պատերազմը եւ հաղթանակը, ունենք «Ճշմարտություն» ներկայացումը` ըստ Ֆլորիան Զելլերի, որը բեմադրել է Դավիթ Հակոբյանը, նաեւ «Մինուս երկու» ներկայացումը` ըստ Սամուել Բենշեթրիի, որը բեմադրել է Սերժ Մելիք-Հովսեփյանը: Դա պատմում է քաղցկեղով հիվանդ մարդկանց մասին, որոնք այնպիսի գործեր են անում, որ վերցնում են դրախտի ուղեգիր»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը: Նշեց, որ բոլոր 3 ներկայացումներն էլ լեփլեցուն դահլիճներ են ունեցել:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն առաջարկեց իրենց նոր ձեւաչափին ծանոթանալու համար մի անգամ թատրոն գալ: «Դա ժամանակակից պիեսների թատերայնացված ընթերցանությունն է: Աշխատանքը սեղանի շուրջ է, կատարվում է 10 օրվա ընթացքում, նպատակը պիեսին հանդիսատեսին ծանոթացնելն է»,-ասաց նա: Նշեց, որ հուլիսին Լեւոն Մինասյանի «Ժառանգորդը» ներկայացումն է լինելու, ապա Լեւոն Շանթի ու ֆրանսիացի հեղինակների պիեսներ` նոր ձեւաչափով: Հաջորդ տարի էլ նախատեսում են ամերիկյան պիեսներին անդրադառնալ

«Ես շատ ուրախ եմ, որ թոհուբուհն ավարտվել է, Համազգայինի հանդեպ կա ուշադրություն եւ այսօր միայն ստեղծագործական թոհուբոհն է հետաքրքրում »,-ասաց Նարինե Գրիգորյանը:

Անդրադառնալով նոր ձեւաչափին` նշեց, որ նպատակը ժամանակակից դրամատուրգիային հանդիսատեսին ծանոթացնելն է, իսկ եթե հանդիսատեսին դուր գա, կարող է նաեւ մեծ բեմ տեղափոխվել: Օրինակներ բերեց, որ դերասանը մեկ անգամ է կարդում պիեսը, եւ այնպես է ստացվում, ասես դրամատուրգն է խաղում դերասանի հետ, քանի որ ներկայացվող ձեւաչափը իմպրովիզացիոն բնույթ ունի:

Ես ուզում եմ, որ հայ դրամատուրգների մոտ էլ նոր ձեւերի փնտրտուք լինի, հանդիսատեսի սրտին հասնելու ճանապարհը գտնեն: Դրա համար է մեզ մոտ նոր ձեւաչափ, նաեւ նոր դերասաններին հնարավորություն է տրվում խաղալ փորձառու դերասանների հետ, որ փորձառության փոխանցում լինի»,-ասաց Նարինե Գրիգորյանը:

Արման Նավասարդյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Արման Նավասարդյանը նշեց, որ իրենց էլ է հետաքրքիր, քանի որ նոր ձեւաչափի «գործարկումը» հնարավորություն է տալիս հասկանալ` տվյալ բեմադրությունը կաշխատի՞ բեմում, թե՞ ոչ:

Թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը խոսեցին նախորդ հյուրախաղերից, տեղեկացրին, որ առաջիկայում Մոսկվայի «Վերածնունդ» փառատոնին կմասնակցեն, նաեւ Լիտվայում իրենց տրված է փառատոնի բացման իրավունքը` որպես նախորդ տարվա գրան պրիի շահող:

«Պետք է լինել աշխարհի թատերական մթնոլորտի կիզակետում, ոչ թե նստել Հայաստանում ու ասել` լինենք ամենալավ թատրոնը… Ամեն թատրոն իր յուրահատկությունն ունի…Արդեն որոշ երկրներում գիտեն մեր մասին, խոսում են: Հենց երեկ Ուկրաինայի Խերսոն քաղաքից, որտեղ ստացել ենք լավագույն «Կամերային ներկայացում» եւ «Տղամարդու լավագույն դերակատարում», մեզ հրավիրել են հաջորդ տարի մասնակցելու փառատոնին, ասում են` կարող եք հայտը չուղարկել, դուք հրավիրված եք, արդեն տեսել ենք ձեր որակը»,-տեղեկացրեց Նարինե Գրիգորյանը:

Արման Նավասարդյանն ասաց, որ որակի հաշվին ոչինչ չեն անելու, բայց միաժամանակ տեմպը չեն թուլացնելու, հատկապես ոգեւորության տեմը: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում