Սբ. Գերթրյուդ Մեծ․ «Թող որ ես կարողանամ ընդունել Նրան իմ սրտում»

Սբ. Գերթրյուդ Մեծ․ «Թող որ ես կարողանամ ընդունել Նրան իմ սրտում»

[…] Աղոթքի ժամին տրամադրիր քեզ Խաղաղության և Սիրո ներկայությանը։ […]

Ո՜վ Խաղաղություն Աստծո, որ առավել գերազանց ես, քան որևէ միտք և իմացականություն (Փլպ 4, 7), ախորժելի և հաճելի ես, քաղցր և ամեն ինչից առավել նախընտրելի, ո՛ւր որ Դու ներթափանցում ես, այնտեղ իշխում է մի անխռով ապահովություն։

Միայն Դու կարողությունն ունես արգելակելու իշխողի զայրույթը. թագավորի գահի զարդարանքը Քո գթասրտությունն է. փառքի արքայության լույս են Քո կարեկցանքն ու ողորմությունը։

Աղաչում եմ Քեզ, Դո՛ւ հանձն առ իմ դատը, քանի որ ես հանցավոր եմ ու կարիքավոր։ […] Ահա՛, պարտատերն արդեն դռանն է, […] խոհեմ չէ, որ ես խոսեմ նրա հետ, քանի որ ոչինչ չունեմ ՝ պարտքս վերադարձնելու համար։

Քաղցրագույն Հիսուս, խաղաղություն իմ, դեռ որքա՞ն ժամանակ ես լուռ մնալու։ […] Խնդրում եմ Քեզ, ա՛յժմ խոսիր իմ համար, այս խոսքն արտասանելով ի սեր իմ. «Ես եմ, որ վճարում եմ նրա փրկագինը»։ Դու անկասկած ապաստարանն ես բոլոր աղքատների։ Դու ոչ ոքի կողքից չես անցնում առանց պարգևելու նրան փրկությունը։ Երբեք չի պատահել, որ մերժվի մեկը, ով ապաստան է փնտրել Քո մոտ. երբեք չի պատահել, որ Քո մոտից ետ վերադառնա առանց հաշտություն գտած լինելու։ […]

Խնդրում եմ Քեզ, սեր իմ, իմ Հիսուս. օրվա այս ժամին Դու խարազաններով ձաղկվեցիր իմ համար, փշերով պսակվեցիր։ […] Դու ես իմ ճշմարիտ թագավորը, ուրիշ ոչ մի թագավոր չեմ ճանաչում Քեզնից բացի։ Անարգանք դարձար մարդկանց համար, արհամարհված ու մերժված՝ բորոտի նման (Ես 53, 3), մինչև այն աստիճան, որ Հուդայի երկիրը հրաժարվեց ճանաչել Քեզ որպես իր թագավորը (Հվհ 19, 14-15)։ Քո շնորհի օգնությամբ՝ թող որ գոնե ես կարողանամ ճանաչել Քեզ որպես իմ թագավորը։

Աստված իմ, [Հայր], տո՛ւր ինձ այս Անմեղին, այսքա՜ն քնքշորեն սիրված իմ Հիսուսին, որն իմ փոխարեն «վճարեց» մինչև վերջին լուման «այն, ինչ Ինքը չէր գողացել» (Սղմ 69, 5). տո՛ւր Իրեն ինձ, որպեսզի լինի իմ հոգու նեցուկը։ Թող որ ես կարողանամ ընդունել Նրան իմ սրտում։ Իր ցավերի և Իր Չարչարանքների դառնությունը թող որ լինի իմ հոգու մխիթարությունը։ […]

Սբ. Գերթրյուդ Մեծի (1256-1301) « Հոգևոր Վարժանքներ » աշխատությունից
Աղբյուր՝ Mashtoz.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում