Սոնա Հովհաննիսյանը հաստատվեց Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում

Սոնա Հովհաննիսյանը հաստատվեց Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները։ Այդ պաշտոնում ընտրվել է «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը կայացել է մայիսի 14-ին, բուհի խորհրդի 15 անդամը նրան կողմ է քվեարկել, մյուս թեկնածուի՝ Վաղարշակ Հարությունյանի, 8 կողմ ձայն։

Ա. Հարությունյանը նշեց, որ Ս. Հարությունյանը վեց ամիս եղել է պաշտոնակատար, բուհում փոփոխություններն ակնհայտ են, ինչը ֆիքսում են ուսանողները, դասախոսները, արվեստագետները։ Պայմանագիրը կնքվելու է 5 տարով։ Նախարարի խոսքով, այս տարիներին փոփոխություններն ավելի ակնառու կլինեն և պետությունն էլ նման փոփոխություններ անող ղեկավարությանը միշտ աջակցելու է, լինելու է նրանց կողքին։

Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։

«Արդեն յոթ ամիս է պաշտոնավարում եմ, փոփոխություններ կան, բայց դեռ ավարտված չեն կառուցվածքային իմասով։ Ակնալում եմ կառավարության աջակցությունը, միջնոդրությունը, որովհետև 1970-ականներից կոնսերվատորիան հիմնանորոգումների չի ենթարկվել, մենք դրա կարիքն ունենք»,- ասաց կոնսերվատորիայի ռեկտորը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Հայաստանում մշակութային կյանքի ռազմավարական կազմակերպման գործում ունի առաջնորդի դերակատարում, շատ կարևոր է այդ դերակատարումը։

«Երբեմն մշակութային կառույցները դիտարկվում են որպես առանձին վերցված օղակ, բայց մեզ համար այդ կառույցները շատ կարևոր են պետական, հանրային կյանքի կազմակերպման, ընդհանրապես մեր երկրում առկա բարոյահոգեբանական իրավիճակի և հանրային հարաբերությունների առումով»,- ասաց կառավարության ղեկավարը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում