Ջուլյա Ռոբերթսը պատմել է «Սիրունիկը» ֆիլմի օրիգինալ սցենարի ու «տխուր» ավարտի մասին

Ջուլյա Ռոբերթսը պատմել է «Սիրունիկը» ֆիլմի օրիգինալ սցենարի ու «տխուր» ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ամերիկացի հանրահայտ դերասանուհի Ջուլյա Ռոբերթսը, որը «Սիրունիկը» սիրված ռոմանտիկ ֆիլմում խաղացել է մարմնավաճառուհի Վիվիենի դերը, Variety-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրականում ֆիլմի ավարտը պետք է տխուր լիներ:

Մինչ «Սիրունիկը» ֆիլմի՝ հայտնի և դերասանուհու համար փառքի տանող ճանապարհը դառնալը՝ այն ունեցել է «3000» անվանումը, որի սցենարիստն էր Ջ. Ֆ. Լոութոնը: Այդ ժամանակ գլխավոր դերի համար դիտարկվում էր քիչ հայտնի Պատրիսիա Արքեթի թեկնածությունը, որը հետագայում հայտնի դարձավ «Էդ Վուդ», «Ոչ մի տեղ չտանող մայրուղին» և այլ ֆիլմերի շնորհիվ:

Այժմյան ռոմանտիկ ֆիլմի համեմատ՝ «3000»-ը պետք է շատ ծանր ավարտով ֆիլմ լիներ: Վերջում հերոսուհի Վիվիենի համար երջանիկ ավարտ նախատեսված չէր:

«Ֆիլմի գլխավոր հերոսը պետք է նրան մեքենայից դուրս նետեր, փողեր նետեր նրա վրա և գնար՝ թողնելով նրան կեղտոտ փողոցում»,- պատմել է Ջուլյա Ռոբերթսը:

Սակայն այդ ֆիլմի նկարահանումներով զբաղվող կինոընկերությունը սնանկացել է, և սցենարն ուղարկվել է Walt Disney Company, որտեղ էլ դաժան պատմությունը վերածվել է հեքիաթի:

Միևնույն ժամանակ Ջուլյա Ռոբերթսն ասել է, որ չէր կարողանա նկարահանվել օրիգինալ սցենարի դեպքում:

«Փա՛ռք Աստծո, որ այդ մտահղացումը տապալվեց»,- ասել է դերասանուհին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում