USD
EUR
RUB

Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ

 

Բաղնիքեն կուգա

Մազերն իր նըրբին
- Ջրվե՜ժ տարորեն -
Ծով ծով կը թափին
Երկու ուսերեն․․․

Բաղնիքեն կուգա.
Բույրերն օճառին
Ծոծրակին վըրա
Դեռ կը թափառին…

Ու դեռ մատներե
Շիթեր կը շողան,
Հոգի՜ կը բուրե
Մարմինն իր շուշան․․․

Ու մինչ կ’երկարե
Համբույր մը վճիտ՝
Կ’ըսես նըկա՜ր է
Սուրբի մը վըտիտ…

Բլուրին վրա

Եկո´ւր, իմ աղվոր.

Այս գիշեր հո՜վ կա,
Լոկ հոս է անդորր,
Ահ, հավատա´ որ
Հոգիս կը ցանկա
Ո´չ թե լուսնկա՝
Այլ անդո՜ւնդը խոր,
Եկո´ւր, իմ աղվոր,
Այս գիշեր հո՜վ կա...

Ծովը հեռավոր,
Տե՛ս, կը հեկեկա,
Այս գիշեր հո՜վ կա...
Քույր, հավատա՛ որ
Հոգվույս մենավոր՝
Այս գիշեր մա՜հ կա.
Տես կը հեկեկա
Ծովը հեռավոր...

Եկո՛ւր, իմ աղվոր։

Բռնկող իրիկնամուտ

Կյանքի հույզերն հոգիս նորեն կը փոթորկեն․․․
Նորեն վըսեմ գինո՛վն եմ ես այս իրիկուն․․․
Ամբողջ օրը,
Հոգիս անո՛ւյշ տառապանքի մը շրթներով,
Վարդենիի մը լռությունն է լոկ խըմեր․․․

Ամբո՛ղջ օրը, ամբո՛ղջ օրը,
Ես երազեր եմ, արևուն տակ ծնրադրած,
Վաղվան արյունս, Արշալույսին պես գեղեցիկ,
Զոր ինձ համար՝ ճառագայթները անհունին
Սա օրհնված ցորեններուն մեջ լուռ կ’երկընեն...

Ահա նորե՛ն, ահա նորե՛ն
Հորդո՜ւմն հույսին արքայական աղբյուրներուն՝
Որոնք կ’անցնին, մայրամուտի սա մեծ ժամուն,
Իմ հոգիիս ծաղի՛կ բացող անդունդներեն...
Ի՜նչ հուզումով, դղըրդող ի՜նչ սարսուռներով
Կանշարժանամ՝ մայրամուտի սա մեծ ժամուն,
Ունկնդրելու կյանքի այս մութ փոթորիկին՝
Որ անծանոթ երկինքներե կ’իջնե հանկարծ
Իմ քընացող արյունս այսպես ալեկոծել...
Օ, բյո՛ւր կայծեր կ’ելլեն մտածումս հրդեհելու...
Ու կամքըս որ այս հրդեհեն կը բռնկի
Նո՛ր կատարներ կը նըվաճե հանկարծորեն՝
Դեպի Անտառը երազված...

Գարնան դեմ

Բնության փառքն է ահա, արքայորեն շողշողուն.
Ահա արևն է արբշռուն, լու՜յսը, լու՜յսը հեթանոս
Որ հև ի հև, հորդահոս, կապույտն ի վար կը թափի,
Վերազարթած հողին տալու անույշ հույզերեն ավիշին...
Միջօրե է. Գարնան հեշտի՜ն միջօրե.
Սև տատասկեն մինչև լեյլան, մինչև վարդերն հրագեղ,
Խոլ հեշտանքով մ’ահա գինով՝ արև՜, արև՜ կը խմեն...

Ամեն կողմ դող, ամեն կողմ հույզ, ամեն կողմ երգ,
Հոս կը սողան, հոն կը ծաղկին, հոն կը թռչին,
Ամեն կողմ բույր, թույր ու համբույր,
Հոս կը ծնին, հոն կը ծլին, հոն կը սիրե՜ն...

Ահա տարմերն են ասոնք՝ կյանքով արբշիռ
թռչուններուն,
Որ, ալևոր - թայց ի՜նչ հզոր - ծառերուն մեջ
թաքնված,
Սիրո տոնը կը տոնեն...
Իրենց գույն-գույն փետուրներուն սարսռան ահա
կը տեսնեմ,
Մինչ, գաղջ սյուքին հմայքին տակ, լանջքերն
իրենց ըսպիտակ
Կը հորդին լուռ հեշտանքով, այնպե՜ս, այնպե՜ս կը հևան...
Օ՜ քերթվածը իրենց երգին...
Ահա շյուղերն ավշահեղձ՝ մեղմ օրրումով կը կքին,
Երբ սիրահար զույգերն անոնց, թռիչքներով խոլական,
Սիրո ցավը հեշտանքի վերածելու կը ճգնին...
Ու կը հևա՜ն, ու կը հևա՜ն, լանջքերն իրենց ըսպիտակ
Այնքան անզոր են՝ հզոր ցավին համար վայելքին...

Սո՜ւրբ բնություն...
Մեռելներն իսկ պետք է զգան, կը խորհիմ,
Լքումին մեջ իրենց տրտում գիշերին,
Ողջ տարրերուն այս պոռթկումը խելահեղ,
Այս լույս համբո՜ւյրը երկնքին ու կյանքին...
Աստվաձայի՜ն բնություն,
Կ’ուզեմ ըլլալ ես գերին քու հեթանոս քմայքին...
Քու բույրերուդ, քու թույրերուդ ծովին մեջ
Լողա՜լ, լողա՜լ, նույնիսկ խեղդվիլ կը տենչամ.
Ա՛ռ զիս, ա՛ռ զիս.
Ահա քեզի կը հանձնեմ, քու սերերուդ,
սարսուռներուդ՝
Կյանքի տրտում գիշերներեն դատարկացած
իմ հոգին...
Ա՜հ, թող նորե՜ն, ինչպես հին-հին օրերուն,
Լույսով, Հույսով հորդի ան․․․

Գգվանք

Երբ լռեց, դեմքը կապուտցավ, ճիգ կըներ չլալու համար։
Այնքան հպարտ էր։
Կը նայեի իմ ամենեն քաղցր նայվածքովս ու դառն բառեր կը մրմնջեի իրեն։
Այն ժամանակ դեմքը առավ ձեռքերուն մեջ ու տղեկի մը պես հեծկլտաց։ Հիվանդ էր...
Պզտիկ անտառի մը մեջ էինք, քանի մը ծեր բարդիներու ստվերին։ Ի՜նչ դեղին էին տերևները որ կը թափեին մեր ուսերուն...

Գերագույն ապավենը

Քանի օր է, Տառապանքը, քրքջալով,
«Ալ դուն ի՛մն ես, հպարտ տղա», կ’ըսե ինծի,
«Ալ մ’երազեր ո՛չ հորիզոն, ո՛չ կապույտ ծով,
Պիտի գիշերն այդ աչքերուդ մեջ թևածի.
Ալ դուն ի՛մն ես, հպարտ տղա», կ’ըսե ինծի:

Ու ես, ժպտուն, աչքերըս գոց, կ’ըսեմ իրեն.
«Դու թշնամի՞... Տես, ամեն վարդ կը թարշամի
Գիշերին մեջ. գիշերին մեջ, լուռ կը նիրհեն
Դեղեր ոսկրի որ Կյա՛նքն կին... Դու թշնամի՞.
Ահ, միմիայն կամքս ա՛յն ատեն կը կարկամի,
Եթե կրնաս ջնջել բարի Մահն աշխարհեն...»

Գինարբուք

Լեցո՛ւր բաժակը՝ խըմեմ
Գինին անո՜ւյշ հեշտանքին.
Ալ կը ծաղրե՜մ այս կյանքին
Սրբությունները դժխեմ։

Լեցո՛ւր բաժակը՝ խըմե՛մ
Գինին կախա՛րդ հեշտանքին.
Այսքան ցավով՝ երկընքին
Ինչպե՜ս ճամբան ես գըտնեմ։

Լեցուր բաժակը՝ խըմե՛մ
Գինին բոսո՛ր հեշտանքին․
Կ’ուզեմ հո՜ւրը դըժոխքին,
Ալ լուսնի լույսն ի՛նչ ընեմ։

Լեցո՛ւր բաժակը՝ խըմե՛մ
Գինին պղտո՛ր հեշտանքին․
Քիչ մ’ալ այս մութ վայրէջքին
Ծով-ծով խըռովքը փորձեմ...

Լեցուր բաժակը՝ խըմե՛մ
Գինին հարո՜ւստ հեշտանքին.
Գինով ըլլամ ու կյանքին
Անմըտությունը երգեմ...

Լեցո՛ւր, լեցո՛ւր, որ խըմեմ,
ՄԱ՛ՀՆ է ահա աչքիս դեմ...

Գինարբուքեն առաջ

Տժգո՜ւյն լուսին, մի՛ մարիր,
Դեռ կարոտ եմ ցուրտ լույսիդ․
Նայվածքիս մեջ թող վտիտ
Շողերդ իջնեն ցանուցիր։

Դեռ գիշերին չեմ ուզեր
Հանձնել հոգիս վշտակոծ.
Ցուրտ ալքերուս մեջ դեռ գոց
Կ’ուզեմ պահել շող ու սեր։

Դուն աստղերուն պես սեգ չես
Գիտես ներել ցավերուն.
Այդ աչքերուդ մեջ անհուն
Մութ հոգիներ կը կանչես։

Րո՜պե մըն ալ, ո՜վ լուսին...
Ու թող ապրիմ օրորուն՝
Հին մոռցված օրերուն
Հուշքը դալուկ՝ թեև սի՜ն․․․

Մեղքն ահա զիս կը կանչե
Սև պատմուճանն ուսերուն...
Լուսին, գնա՚ ամպերուն․
Գիշերն հոգիս կը տանջե։

Ժամեր հետո, երբ գինով
Աչքերս երկինք վերցնեմ,
Շիթ մը արցունք կը սպասեմ․․․
Ներե՜, լուսին, ցավս է ծո՜վ։

Գինովի երազ

Այս գիշեր նորեն երազըս տեսա.
Խոշոր ժայռին տակ, շունչ-շունչի նստած,
Խենթ-խենթ բառերով կը պատմեի, ցած,
Թե իրմե հետո ի՛նչ կյանք ապրեցա.

«Երբեմն, պառկած, սաղմոս կարդացի...
Բայց հաճախ ալ, քո՛ւյր, մոռնալու համար
Դեզ-դեզ կուտակված վիշտերս անհամար՝
Իրիկունները գինետուն գացի...

«Ահ, դուն գինովի աչքեր չե՛ս տեսեր,
Հոգիս, հավատա, աստղով կ’լենա,
Երբ կերթամ պառկիլ բաց դաշտին վրա,
Հեգնելու համար երազներն ու սեր...

«Ահ, դուն գինովի, դեմքըս չե՛ս տեսած․
Տժգույն, անիմաստ, անհույս ու վայրագ,
Երբ կ՚երթամ պառկիլ, երգով մ’անառակ,
Լույսե անկողինս՝ լուսինեն փռված․․․

«Ահ, դուն գինովի հոգիս տեսած չե՛ս,
Շենշող ու տրտում, ժպտուն ու լալկան․
Արցունքեն մռայլ ի՜նչ ծիծաղներ կան․․․
- Գինովը կ՚ատեմ.- չըսե՛ս, քույր, չըսե՛ս.

«Գինովը սիրե․ անոր սիրտը, քո՛ւյր,
Գեհեն մ՚է ցավի, որ անվերջ կ՚այրի.
Գինովը Լքյա՛լն է, հույսեն այրի,
Անոր կուրծքը հուր, ճակատն է մաքուր...»

Այսպես կ՚ըսեի ու դեռ շատ բաներ.
Երր իրեն դարձա՝ հոն չէր, զարմացա.
Աչքերըս բացի, բաց դաշտին վրա
Քնացեր էի. լուսինը կ՚իջներ...

Գիշերամուտ

Օրը հատավ.
Երկնքին վրա,
Մայրամուտի ծիրանագույն հուրիներն իսկ,
Մութ ձեռքե մը կարծես հանկարծ դաշունահար,
Արյունելեն, արյունելեն նվաղեցան․․․
Օ՜, գրեթե գիշե՛ր է ալ.
Հոծ-հոծ ամպեր, գինովությունն իրենց թոթված,
Կարգավ-կարգավ կը հագնին,
- Պատվիրակները ըլլային կարծես մահվան -

Գիշերային իրենց մռայլ արշավին
Պարեգոտը անդունդի գույն․․․
Հեռուն, հեռուն, է՛ն հեռուն,
Հյուծախտավոր կապույտե մը ահա հուշիկ կը ծագի
Պզտիկ աստղս, ի՛մ աստղս.
Այն՝ որ նվեր եմ ստացեր,
Հին օրերուն,
Լուրթ, մշուշոտ գիշերի մը անդորրին մեջ,
Տժգույն վարդի մը նմանող այն հոգիեն...
Իրավ, աղվո՛ր գիշերամուտ.
Հով մը չկա, հևք մը չկա.
Երա՞զ է...
Մեղկ ջերմություն մ’ահա հեշտին,
Համր-համր, այտերս ի վար կը տարածվի.
Արցո՞ւնք է...
Ուշ գիշեր է, ալ երթամ.
Ահա ճամբան՝ ուրկե եկա.
Մութ-մութ ճամբան, աշուն բուրող այդ ճամբան,
Որուն երկու եզրը հիմա հարկավ եկած, բռնած է,
Քրոջ մը պես տրտմագին,
Խաղաղությունը լքումին...

Ահ, իրավ է թե գիշեր է, երթամ, երթամ,
Հիվանդ բոցով իմ ճրագս վառելու.
Հետո նորեն, ինչպես ամեն իրիկուն,
Ցուրտ սեղանիս վրա ինկած,
Ու ճակատս ձեռքերուս մեջ՝
Մտածեմ...

Մտածեմ՝ խաղաղորեն ու անսահման բարությունով,
Տժգույն վարդի մը նմանող այն հոգիին՝
Որ լուրթ, մշուշոտ գիշերի մը անդորրին մեջ
Ինծի աստղ մը նվիրեց ու գնաց.
Գնաց, առանց ետ նայելու,
Ո՞ւր է հիմա, իրավ, ո՞ւր է.
Երա՛զ է.
Մեղկ ջերմությունն ահա նորեն դեմքըս կ’այրե.
Օ, արցո՛ւնք է, գիտեմ, հեղեղ մ’արցունք է
Զոր հոգիս դուրս կը թափե
Տրտմությունըս խաղաղությամբ օծելու.
Իրավ, իրավ, երա՜զ է...

Ճամբա իյնամ, ալ երթամ.
Ինչպե՜ս տժգույն եմ, երթամ.
Երթա՞մ, իրա՞վ, ո՞ւր երթամ.
Ինչո՞ւ, ինչո՞ւ դիմել նորեն
Անհուսությանը մենավոր այդ տնակին,
Ուր հուշեր լոկ, օձերու պես, կը բնակին
Չէ, չէ, չերթամ.
Տես, ի՛նչ անդորր գիշեր մ’է որ կը հոսի
Անհունաթյան ճամբաներեն...
Հով մը չկա, հևք մը չկա.
Պառկիմ, մեռնիմ քարի մը վրա...

Գիշերեն կան

Գիշերներ կան այնպե՜ս լույս որ՝ կարծես թե
Երկինքն ի վար կը կաթե
Արծաթե
Երգը հին
Այն անծանոթ աշխարհին,
Ուր կ’ըսեն թե աստվածները կը խորհին...

Գիշերներ կան այնպե՜ս մութ որ՝ կարծես թե
Ծառերն ի վար կը կաթե
Արծաթե
Երգը հին
Այս գեղեցիկ աշխարհին,
Ուր հոգիներ հոգիներու կը փարին...

Գիշերվան ծովը

Ծովափ իջա, ալիքներեն մագնիսված։
Ի՜նչ աղվոր Է, գիշեր ատեն, հըպա՛րտ ծով,
Սաղմոսերգու այս ջուրերուդ երգը ցած՝
Որ կ’ողողե զիս, անաստվածըս, աստվածո՜վ․․․

Ու մինչ արձան կ’ըլլամ սա մեծ ժայռին քով,
Աչքըս տված հորիզոնի մը վայրի՝
Երգըդ այնպե՛ս կ’օրորե զիս աղոթքով
Որ խունկի պես այս մըռայլ սիրտըս կ’այրի.․.

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan