Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով

Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով

Քննեցե՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք:
(Բ Կորնթ.13:5)

«Զինչ են հաւատք եթէ ոչ յուսացելոց իրաց հաստատութիւն եւ յանդիմանութիւն որոց ոչն երեւին»: Հավատը հուսացված բաների հաստատումն է եւ չերեւացող բաների ապացույցը:

Այսպես է սահմանում հավատը Պողոս առաքյալը:

Բոլոր մարդիկ էլ ունեն հավատ, որովհետեւ բոլորն էլ հույս են տածում եւ հույսը դնում են նաեւ չերեւացող բաների վրա, այդ տեսանկյունից անհավատ մարդիկ պարզապես չկան:

Ուրեմն ինչու ենք ընդհանրապես ասում «անհավատ մարդ»: Խնդիրը իրականում ոչ թե ինքնին հավատին, այլ հավատի առարկային է վերաբերում: Մարդիկ հավատում են տարբեր բաների. իրենց ուժերին, կարողություններին, հաջողությանը, անգամ՝ տարբեր աստվածների, այս վերջին պարագայի մասին Պողոս առաքյալը ասում է. «թեպետեւ այսպես կոչված աստվածներ կան թե՛ երկնքում, եւ թե՛ երկրի վրա. արդարեւ կան բազում աստվածներ եւ բազում տերեր» (Ա Կորնթ.8:5)՝ դրանով ոչ թե հաստատելով եւ խրախուսելով բազմաստվածության երեւույթը, այլ պարզապես շեշտելով այդ «աստվածների»՝ մարդկային հավատի առարկա լինելու փաստը: Իսկ իր խոսքի շարունակության մեջ նա ուղղակի հռչակում է միակ Ճշմարիտ Աստծո հավատը՝ ցանկանալով պարզ դարձնել այն գաղափարը, որ եթե «աստվածները» մարդկային սնահավատության եւ երեւակայության արգասիք են, ապա Ճշմարիտ Աստված եղել է, կա ու կլինի, եթե անգամ ոչ մի մարդ նրան չհավատա. «Բայց մեզ համար միայն մե՛կ Աստված կա՝ Հայրը, որ ստեղծել է ամեն բան, եւ մենք ապրում ենք Նրանով. եւ՝ միայն մե՛կ Տեր՝ Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, եւ մենք ապրում ենք Նրանով» (Ա Կորնթ 8:6)՝ հաստատելով ոչ թե զուտ Ճշմարիտ Աստծո գոյության գաղափարը, այլեւ այդ Աստծո ամենազորությունը՝ որպես կյանքի ակունք եւ պահապան: Հետեւաբար. հավատալ Աստծուն, չի նշանակում հավատալ Նրա գոյությանը, այլ՝ Նրա ամենազորությանը:

Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով, զարգանում եւ իրենց կատարմանն են հասնում հավատքով: «Ես եկա, Տե՛ր, մոտեցա, Աստվա՛ծ, վերադարձա, Հա՛յր: Ընդունիր ինձ եւ պահիր աչքիդ լույսի պես. արդեն քոնն եմ ես»:

Այսպես ցնծագին բացականչում է նորածիլ հավատով տոգորված մարդու հոգին, ով անձնապես ճաշակել ու համոզվել է, որ քաղցր է Տերը: Նա չի տեսնում որեւէ խոչընդոտ իր եւ Աստծո միջեւ, քանզի իր հոգին մաքուր է ու հարդարված՝ պատրաստ Աստծո տաճար լինելու: Նրա հոգին լի է ջերմեռանդ հավատքով, որը սակայն, որքան էլ ջերմեռանդ, կատարյալ չէ, քանզի դեռեւս չի զտվել ընդմեջ տառապանքի, կորուստների, վշտերի, վախերի ու տարակույսների, եւ չի թրծվել փորձությունների հնոցում, որից հետո այն կամ կատարյալ կդառնա, կամ… կմահանա: Այո, քանզի հավատը ինքը կենդանի է ու կենսատու, միայն երբ գործում է՝ բարձրացնում է մարդուն առ Աստված: Տերը միշտ առավել հոգատար է նորադարձների հանդեպ նրանց վերելքի սկզբում, որպեսզի նրանք առավել հաստատվեն իրենց ընթացքի մեջ եւ չընկրկեն: Իսկ նորադարձներին ամեն բան պատկերանում է կատարյալ ու հեշտ ձեռքբերվող: Բայց վերընթացի ճանապարհին փորձությունները, թեեւ հաղթահարելի, այնուամենայնիվ անխուսափելի են, անկումներն ու վերելքները հերթափոխում են միմյանց, բայցեւ կորուստները փոխարինվում են ձեռքբերումներով: Հավատացյալը աստիճանաբար է նշմարում պայքարի ասպարեզը, իր զենքերը եւ թշնամուն, նա սկսում է գիտակցել հաղթանակի անհրաժեշտությունը, քանզի այն այլեւս իր գերագույն նպատակն է: Հաղթանակ, որը իր փրկության գրավականն է (Ա Հովհ. 5;4):

Շատ վտանգավոր է ճշմարիտ հավատին թեթեւամտորեն վերաբերելը, քանզի. «Մեր Աստվածը ոչնչացնող կրակ է» (Եբր.12;29): Այո՛, Աստված Իր սիրով արարում է բարին, Իր ողորմությամբ՝ պահպանում, իսկ արդարությամբ վրեժխնդիր է լինում նրանից, ով մերժում է Իր սերը եւ ողորմությունը:

Ճանապարհի ամեն մի հանգըրվանում ճշմարիտ հավատացյալը փորձում է զգալ իր հավատի աճը. ինչի հասավ, ինչ չնկատեց, արդյոք ընկալեց բարի՞ն, կամ մերժեց չա՞րը:

Իրականում այդ ինքնաքննությունը շատ կարեւոր է հավատից չշեղվելու համար: Երբ անհավատ մարդը կտրում է իր հույսը ամեն ինչից ու բոլորից, հավատացյալ մարդու համար միշտ կա Մեկը, Ում վրա նա կարող է հույս դնել:

Իսկ ի՞նչն է այնուամենայնիվ անփոփոխ մնում հավատքի ճանապարհի սկզբում, ընթացքում եւ վերջում. հավատացյալ հոգու ցնծագին զմայլանքը Ամենակալ Աստծո մեծավայելուչ փառքի հանդեպ, երբ հոգին վերօրհնելով բացականչում է. «Տե՛ր, ո՜վ մեր Տեր, ինչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում» (Սաղմ.8:1,10)

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում